«Տարածքային վեճերի լուծումը, որը խորը տառապանք է պատճառել ձեր ժողովրդին, կպահանջի համբերություն եւ ժամանակ»,-ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երեւանյան խորհրդաժողովի ժամանակ այսօր տեսակապի միջոցով հղված ուղերձում ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։ Նա շեշտել է․ «Հաջող դիվանագիտական լուծումների հեռանկարներ, անշուշտ, կան, եւ Եվրոպական միությունը կկանգնի ձեր կողքին՝ առաջարկելով անհրաժեշտ աջակցություն՝ վերակառուցման եւ հակամարտության հավասարակշռված փոխզիջում գտնելու հարցում, որը չի ավելացնի Հայաստանի կրած արդեն իսկ կորուստները․․․Մենք չպետք է աչքաթող անենք այն ամենը, ինչը ձեռք է բերել Հայաստանն իր անկախությունից ի վեր»։
Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նաեւ համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ն այսօր ընթանում է բարեփոխումների հավակնոտ ճանապարհով, որը կամրապնդի ժողովրդավարական ընթացքը, տնտեսական զարգացումը․ «Մեկ անգամ էլ արտահայտում եմ իմ հանձնառությունն ու ամուր աջակցությունը Եվրախորհրդարանի աշխատանքներում։ Համոզված եղեք, որ Եվրոպայում եւ ողջ աշխարհում հայ համայնքների ձայնը մեզ լսելի է։ Ոչ մի դեպքում մենք չենք կարող հանդուրժել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները։ Այլեւս չենք կարող ընդունել, որ ուժն ու ռազմական հզորությունը կգերազանցեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավարությանը»։
Կարդացեք նաև
Հավելենք, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ․ օրակարգը վերաբերում է Հայդ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն եւ այլն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ