«Հետք». Իսրայելական NSO Group-ը, որը մշակել է սարքավորումների կոտրման և գաղտնալսման Pegasus ծրագրային ապահովումը, հայտնում է, որ կազմակերպությունը միայն տրամադրում է տեխնոլոգիան, իսկ դրա գործարկումն ու տվյալների հավաքումն իրականացվում է պատվիրատուի կողմից։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ընկերությունը։
«NSO Group-ը ծրագրային ապահովման մատակարար է։ Մենք չենք օգտագործում տեխնոլոգիան և չունենք մեր հաճախորդների կողմից հավաքված տվյալներին հասանելիություն»,- նշվում է հարցման պատասխանի մեջ, որն ստորագրված է կազմակերպության ներկայացուցիչ Լիրոն Բրուքի անունով։
Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ պետական որևէ մարմին հանդիսանում է իսրայելական ընկերության հաճախորդ և եթե այո, ապա, որ մարմինն է դա և երբվանից է օգտվում ընկերության ծառայությունից, Pegasus-ի ստեղծողները հրաժարվել են տրամադրել այդ տեղեկատվությունը։ «Պայմանավորված պայմանագրային և ազգային անվտանգության նկատառումներով՝ NSO-ն չի կարող հաստատել կամ ժխտել մեր ներկա կամ նախկին պետական պատվիրատուների ինքնությունը»,- հայտնել է ընկերությունը։
Ավելի վաղ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ դժվար է պարզել հարձակումը պատվիրողին, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործում է հետևյալ սխեման. պատվիրատուն NSO Group-ին տրամադրում է պոտենցիալ թիրախի վերաբերյալ տվյալները, իսկ ընկերության հաքերները սկսում են նրա սարքավորման կոտրման գործընթացը։ Ընկերության պատասխանից ստացվում է, որ իրականում հակառակն է. իրենք պետական մարմիններին միայն տրամադրում են տեխնոլոգիան, իսկ դրա գործարկումը, սարքավորումների կոտրումը, տվյալներին հասանելիություն ստանալն ու գաղտնալսումն իրականացնում են պատվիրատու պետությունների պետական մարմինները, հավանաբար, այդ երկրների հատուկ ծառայությունները։
Կարդացեք նաև
Արմեն ՄԻՐԶՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: