Սկիզբը՝ այստեղ:
3. Երկխոսության որոնումներում
Հեռախոսով կապվեցի Արցախի Հանրապետության Մշակույթի, կրթության եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նա հանձնարարել էր կրթության վարչության աշխատակից Լիլիթ Իսրայելյանին՝ կազմակերպելու Արցախի պետական համալսարանում եւ շրջաններում իմ հանդիպումները հասարակության ներկայացուցիչների հետ:
Ես երկու ամիս առաջ ԱՊՀ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սոկրատ Խանյանին էի ուղարկել նոր լույս տեսած իմ «Ջամասպ եւ Կավատ Սասանյան արքայից արքաները» պատմավեպի մի քանի օրինակ, որպեսզի ուսանողներն ու դասախոսները ընթերցեն ու պատրաստվեն քննարկմանը: Երեկոյան զանգեցի Սոկրատ Խանյանին: Նա հայտնեց, որ Երեւանում է գտնվում: Իսկ երբ համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանին հայտնեցի, որ բանասիրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ պատրաստվել են մեր այս հանդիպմանը, պարզվեց, որ նրանց դասերը երկրորդ հերթի են, իսկ մեր միջոցառումը առավոտյան է կայանում: Իմ ելույթից հետո ցուցադրեցի «Ճեղքված եկեղեցու ճիչը» վավերագրական ֆիլմը: Քաշաթաղի Վարազգոմեր լքված գյուղում տեսնելով X դարի կիսակործան եկեղեցին, նրա անունից սցենար գրեցի, որի նկարահանումն ու ֆիլմի մոնտաժումը իրականացրեց իմ, ռեժիսոր Վահան Ստեփանյանի եւ օպերատոր Արտյոմ Սարիբեկյանի միասնությամբ ստեղծված BaVaArt studio-ն: Ֆիլմում կիսակործան եկեղեցին ասում է, որ իր անունը չփնտրենք բարավորին կամ պատերին, քանի որ խաշնարած ցեղերը ոչնչացրել էին հայկականը հիշեցնող ամեն մի վկայություն: Այժմ այդ հուշարձանը կրկին հայտնվել է գերության մեջ:
Կարդացեք նաև
Իմ եւ ուսանողների միջեւ սպասված երկխոսությունը չստացվեց: Ուսանողները պատրաստ չէին երկխոսությանը: Գիտեմ, որ ուսանողները գեղարվեստական գրականություն չեն ընթերցում: Համացանցի ամենատարբեր ու ճոխ տեղեկատվությունը գրականությանն ու մշակույթին տեղ ու ժամանակ չի թողել: Սակայն հենց սեփական, ազգային գրականությունից ու մշակույթից կտրվածությունն է բերում բարոյահոգեւոր անկման, որն էլ հիմնավորում է կոռուպցիան, թալանը, բոլոր տեսակի օրինախախտումները: Որպես հետեւանք՝ երկրում տիրող ճգնաժամն է, պետության թուլացումն ու պարտությունը… Ես համալսարանի գրադարանին նվիրեցի վեց անուն գրքերից երկուական գիրք: Իսկ համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը ինձ նվիրեց իր հեղինակած «Ղարաբաղի բարբառի բառարան» եւ «Արցախի բանահյուսությունը» բավականին հետաքրքիր գրքերը: Համալսարանի ռեկտորը խնդրեց, որ իմ «Արցախյան գոյամարտի համահավաք» հինգհատորյա շարքից մեկ օրինակ եւս նվիրեմ գրադարանին, ինչը հանձն առա հաջորդ օրը կատարել խնդրանքը:
Ապա հանդիպեցի Արցախի հեռուստատեսության տնօրեն Հրայր Ավետիսյանին, որին ներկայացրի Արցախի ազգագրության հետ կապված իմ ծրագիրը: Քաղաքակիրթ աշխարհը Արցախը պետք է ճանաչի ոչ թե պաշտոնյա այրերի ելույթներով, այլեւ նրա մշակույթով: Իսկ Հայոց այս եզերքի աշխարհին ներկայացվելիք մշակույթը կարող է լինել միմիայն նրա ազգագրությունը: Այն պետք է ներկայացվի հասկանալի լեզվով: Առաջարկում եմ նկարահանել «Զիզի քար» վավերագրական-խաղարկային ֆիլմը: Բացի այդ, առաջարկեցի նաեւ Արցախի երեք հազարամյա պատմությունը ներկայացնող 15 րոպեանոց 25 ֆիլմերի շարք ստեղծել, հիմք ընունելով 1988-1994 թթ. իմ նկարահանած 80 տեսաերիզները: Հեռուստատեսության տնօրենը առաջարկեց հաջորդ օրը ուղիղ եթերում զրույց ունենալ հեռուստամեկնաբանի հետ: Ես պարոն Ավետիսյանին հանձնեցի BaVaArt studio-ի ստեղծած «Ճեղքված եկեղեցու ճիչը» եւ «Վերադարձ դեպի ակունքներ» վավերագրական ֆիլմերը:
Պարկ հոթելի հյուրանոցային ճեմասրահում հանդիպեցի վաղեմի ընկերոջս՝ Հանրային հեռուստատեսության մեկնաբան Մարատ Օրդյանին:
-Բակուր, ի՞նչ կասես, հնարավո՞ր է թուրքերի հետ հաշտեցումը, -առանց նախաբանի դիմեց նա, -ես Թուրքիան ի նկատի ունեմ:
-Ինքս որեւէ տարբերություն չեմ տեսնում Ադրբեջանի եւ Թուրքիայի թուրքերի միջեւ, -պատասխանեցի ես, -այս վերջին պատերազմը դրա ապացույցն է:
-Ես գերմանացի ընկեր ունեմ, որն ասում է, որ Գերմանիայում ապրող թուրքերի մոտ եւս հակահայ լարում է նկատվում, -ասաց Մարատը:
-Թուրքը կարծում էր, թե 1915-ին վերջնականորեն լուծել է հայերի հարցը, սակայն հիմա տեսնում են, որ դեռ հարցը չեն փակել: Ադրբեջանը հոխորտում էր, սակայն չէր կարողանում միայնակ լուծել խնդիրը: Անկարան որոշեց լուծել Արցախի խնդիրը, որից հետո Հայաստանի Հանրապետության հարցը տեխնիկայի խնդիր է, ինքն իրեն կլուծվի: Մեր ներքին քայքայումն ի նկատի ունեմ:
-Եթե հրավիրեմ հաղորդման՝ կհամաձայնե՞ս գալ, -դիմեց հանրայինի հեռուստամեկնաբանը:
-Ինչո՞ւ չէ, կգամ, -պատասխանեցի ես:
Երեկոյան հյուրանոցային իմ համարի պատուհանից երեւում էր Ստեփանակերտյան նորակառույց հրաշքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հսկայական ջանքերով կարողացավ ավարտին հասցնել այն: Այժմ նա մեկնել է ԱՄՆ՝ սրտի վիրահատության: Շքեղազարդ եկեղեցուն նայելով խնդրեցի Աստծուն, որ առողջություն եւ երկար կյանք տա հայրենիքի անմնացորդ նվիրյալ եկեղեցականին:
Լիլիթ Իսրայելյանը զանգեց եւ հայտնեց, որ Ասկերան-Մայրաբերդի դպրոցում է նշանակված հանդիպումը:
Ասկերան-Մայրաբերդը 1988-ի ազատագրական պայքարում ուներ իր ուրույն տեղը: Աչքիս առաջ է փետրվարի 22-ին Աղդամից 15 հազարանոց ամբոխի արշավը դեպի Ստեփանակերտ, որի նպատակն էր հասնել մարզկենտրոնի Լենինի հրապարակ, ջարդ ու ծեծով դաս տալ հանրահավաքի մասնակիցներին, վերջնականապես փակել մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Խորհրդային Հայաստանին միանալու հարցը, ապա թալանել ու ավերել քաղաքը: Նրանց ուղեկցում էին թափքում քարակույտերով ու բենզինի տարաներով բեռնատարները: Ասկերանցի ութ տղաներ, որոնց թվում Ջաբին ու Վիտալին, զինված որսորդական հրացաններով, բարիկադների ետեւից համազարկով կանգնեցնում են խառնամբոխը: Այդ կրակոցներից զոհվում է մեկ ադրբեջանցի: Խառնամբոխը հանկարծակի գալով, կանգ է առնում, ապա ետ դառնում:
Մայրաբերդը նույնն էր մնացել: Այն 1700-1920 թթ. ժամանակաշրջանի բուռն իրադարձությունների, հայոց ազատագրական պայքարի հուշարձանն էր: Ասկերանը, ի տարբերություն մարդաշատ Ստեփանակերտի, հանգիստ էր ու խաղաղ: Դպրոցի տեղը հարցնելու համար փողոցում մարդ չէինք գտնում: Իսկ խորքում գտնվող շինությունը, որը մեր կարծիքով դպրոցը պետք է լիներ, համր էր ու լուռ, պատանիների ոչ մի ձայն, ծիծաղ, աղմուկ, ինչը սովորական էր դպրոցների համար:
Ուսուցիչների օրն էր: Ես չգիտեմ էլ, թե ինչպես նկարագրեմ այդ հանդիպումը, որ չվիրավորեմ նրա կազմակերպիչների ինքնասիրությունը: Ասեմ միայն, որ ես եկել էի հանդիպելու շրջանի մտավորականներին, նրանց հետ կիսվելու իմ անհանգստություններով, խորհելու ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին: Ուսուցիչները, ավելի շուտ, ուսուցչուհիները զբաղված էին տոնակատարության մանրամասներով, իսկ ես կողքից հայտնվել էի եւ խանգարում էի այդ ընթացքին: Ես ինձ այս իրավիճակում ավելորդ էի զգում: Ի վերջո, տոնական արարողության արանքում ժամանակ գտան, մի քանի ուսուցիչներ եւ դպրոցականներ հավաքվեցին համակարգչային սենյակում:
Ես շնորհավորեցի ուսուցիչներին տոնի առթիվ, նշեցի, որ թե որպես հասարակություն, պետություն ինչ ենք մեզանից ներկայացնում, կախված է նրանից, թե 20-30 տարի առաջ ուսուցիչները ինչպե՞ս են կրթել երեխաներին, ինչպիսի քաղաքացի են պատրաստել 2020-2021 թվականների համար: Իհարկե, մատաղ սերնդի դաստիարակության գործում պակաս կարեւոր չէ նաեւ ընտանիքը, փողոցը, բուհը: Եթե հանրության մեջ տիրապետող է կոռուպցիան, թալանը, անազնվությունը, արհամարհանքը միտք, գաղափար կրողների նկատմամբ, ապա դպրոցը, ընդհանուր միջավայրը թերացել են իրենց վրա դրված պարտականություններում: Իսկ թե ինչպիսին կլինի մեր երկիրը, հանրությունը 30-40 տարի հետո, կախված է այսօրվա մանկավարժներից: Անշուշտ, կրթելու ձեր ունակության համար պատասխանատու են բուհերը, դասախոսները… Հետո խոսեցի մտքի, գաղափարի, ունակ ուղեղ կրողներին գնահատելու խնդրի մասին: Ի վերջո, իրականում տվյալ հասարակության իրական հարստությունը ոչ թե ընդերքի նավթն է կամ ոսկին, այլեւ մարդկային ուղեղը: Իսկ այդ հարստությունը անտեսելը ի վերջո բերում է երկրի, պետության կործանման: Ուսումնասիրեք հզոր կայսրությունների կործանման պատճառները: Ոսկու, անհամար հարստության մեջ շփացած հանրությունը արհամարհում է միտք կրողներին, ունակ մարդկանց եւ կործանվում:
Ապա ցույց տվեցի «Ճեղքված եկեղեցու ճիչը» ֆիլմը: Փորձեցի հաղորդակցվել աշակերտների, ուսուցիչների հետ: Չստացվեց, քանի որ տոնն էր առաջնայինը: Իսկ ես ծրագրել էի շրջանի մտավորականների հետ հանդիպել: Ինչ խոսք, ավելի լավ է չխանգարեմ իրենց մասնագիտական տոնը նշող մանկավարժներին: Շրջանային գրադարանի վարիչին թողեցի իմ հեղինակած գրքերը:
Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2021