Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Իրանը կարողանա վիժեցնել միջանցքի ծրագիրը, ամեն գնով դա կանի, հակառակ դեպքում խաղից դուրս չմնալու համար Իրանը կասի՝ եկեք միջանցքը տանք, հետո կերեւա»

Նոյեմբեր 29,2021 13:30

Ըստ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար գիտաշխատող Գոհար Իսկանդարյանի՝ Իրանի շահերից բխում է, որ այդ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը չլինի:

«Իրանի շահերից բխում է, որ այդ միջանցքը չլինի»,- «Առավոտի» դիտարկմանը՝ ակնհայտ է, որ Իրանի շահերից չի բխում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տրամադրվի Ադրբեջանին եւ հարցին՝ իսկ ինչո՞ւ է նա պասիվ այս հարցում, այսպես պատասխանեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը:

Երեւանի մամուլի ակումբի կողմից Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության աջակցությամբ «Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում» թեմայով սեմինարի ընթացքում մեր հարցի առիթով իրանագետը մանրամասնեց. «Իրանն այս հարցերին նայում է ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ որն է իր շահը, եւ ինքն ինչ է անելու: Եթե Ադրբեջանը ցանկանում է Նախիջեւանի հետ հաղորդակցություն ունենալ, այդ ամբողջն անում է Իրանի տարածքով: Այսինքն, եթե միջանցք ստեղծվեց, Իրանը զրկվում է դրանից: Բացի այդ Իրանը շատ լավ հասկանում է, որ միջանցքի տրամադրման դեպքում Իրանի դերը երկրորդայնացվելու է, նա մեկուսացվելու է, եւ հաջորդ քայլը լինելու է Իրանի դեմ: Ուղղակի իրենք իրենց դեմ տեղի ունեցող գործողությունները հետաձգում են»:

Խոսելով «Թուրքական աշխարհի քարտեզի» մասին, որը «Գորշ գայլերի» ներկայացուցիչը նվիրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Գոհար Իսկանդարյանը նկատեց՝ Իրանի հատվածն էլ էր այնտեղ ու մեկնաբանեց. «Իրանը շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ ինքն անդրադառնալու է այս խնդրին, չմոռանանք նաեւ՝ Բաքվում Էրդողանն արտասանեց Արազի երկու ափերին գտնվող թուրքական ժողովուրդների միավորման մասին: Սա շատ լուրջ խնդիր դարձավ Իրանում, իհարկե, միանգամից Թուրքիան ասաց, որ ուղղակի բանաստեղծություն էր, ասել ենք, բայց դա արեւելյան դիվանագիտությունն է: Եթե ձեռքը չես կարողանում կտրել, այն պետք է համբուրես, մինչեւ, որ կտրես ձեռքը»:

Անդրադառնալով Իրանի պասիվությանն ու ոչ վճռականությանը, որի մասին շատ փորձագետներ նշում են, Գոհար Իսկանդարյանը նշեց. «Իրանի քաղաքականության գլխավոր հարցն է՝ մնալ խաղի մեջ: Եթե կկարողանա վիժեցնել միջանցքի ծրագիրը, ամեն ինչ կանի, որ վիժեցնի, իսկ եթե տեսնի, որ չի կարողանալու վիժեցնել, դրա հետ միասին ինքը դուրս կմնա խաղից, Իրանը կմասնակցի խաղին, կասի՝ եկեք միջանցքը տանք, հետո կերեւա: Այսինքն՝ Իրանը շատ ռեալ պոլիտիկ է խաղում»:

Ըստ իրանագետի՝ Իրանի զսպվածության հարցում դերակատարություն ունի նաեւ ռուսական գործոնը: Նա մանրամասնեց. «Սիրիայում իրենց գործիքակազմը Ռուսաստանի հետ համակցված է: Այսինքն՝ ՌԴ-ի հետ համատեղ են գործում, եւ դրա համար բավականին ակտիվ դա օգտագործվում է ընդդեմ Թուրքիայի: Իրաքում բավականին ակտիվ է Իրանը եւ ունեն ՌԴ-ի աջակցությունը, քանի որ դա էլ դեմ է դուրս գալիս ԱՄՆ-ին: Իսկ, այսպես կոչված, միջանցքի հարցում Իրանը պետք է առճակատվի ռուսական ծրագրերի հետ, ուստի Իրանը չի ցանկանում իր խնդիրներն ավելացնել եւ փորձում է բալանսավորման միջոցով հարցը լուծել: Իրանի համար կարեւոր է Ռուսաստանի համաձայնությունը ստանալ Կովկասում, քանի որ այստեղ այս պահի դրությամբ նրանք են թելադրողը»:

Ընդունելով, որ Իրանը թերեւս ռազմավարական վճռականություն չունի, Գոհար Իսկանդարյանը միեւնույն ժամանակ նշեց. «Իրանը Արցախի հետ կապված վճռական է, որ ինքը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իրանի դիրքորոշումն արցախյան խնդրի վերաբերյալ արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից չի փոխվել: Իրանը կողմ է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Բայց մի բան է փաստացի կողմ լինել, այլ բան է, թե ինչ են իրենք ասում: Երբ դիտարկում ենք իրենց շահերը, ապա տեսնում ենք, որ իրենց շահերից բխում է, որ այդ տարածքները մնան ՀՀ-ի ձեռքին: Բայց պաշտոնապես Իրանը շիա է եւ չի կարող շիային չպաշտպանել եւ պաշտպանել քրիստոնյային՝ իրենց խոսքով՝ գյավուրներին: Թեպետ Իրանը չի համարում հայերին գյավուր, քանի որ ասում է՝ Սուրբ գրքի ժողովուրդները բոլորն իրավունք ունեն մեզ հետ հավասար ապրելու»:

Ըստ իրանագետի՝ մյուս խնդիրն այն է, որ Իրանն իր ներսում եւս ունի նման խնդիրներ ու եթե Իրանը պաշտպանի Արցախում հայերի ինքնորոշման իրավունքը, իր երկրի ներսում լուրջ խնդիրներ կունենա: Այս առիթով պարզաբանեց. «Վառ օրինակն Ատրպատականի խնդիրն է: Եթե Իրանը պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, հաջորդ օրն Ատրպատականը, Քրդստանն ասելու են՝ ուզում ենք ինքնորոշվել: Իրանը ՀՀ-ի եւ Արցախի համար կգնա՞ նման քայլի, իհարկե, ոչ»:

Գոհար Իսկանդարյանը նաեւ նշեց՝ Իրանն առանց աղմուկ բարձրացնելու միշտ ասել է Հայաստանին՝ ինչով կարող ենք գաղտնի կօգնենք, բայց միլիմետր անգամ չզիջեք: Նա նշեց՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանը ՀՀ-ին տվել է մեծ քանակի նավթ, որով մեր զինտեխնիկան շարժվել է: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ տեղեկություններ են տրամադրել, թե որտեղից են ադրբեջանական ջոկատները գալիս: Իսկ, երբ Վրաստանը փակել է սահմանը ՀՀ-ի հետ, որոշակի շրջան Իրանի ցամաքային սահմանը բաց է եղել, եւ ռուսական զենքերն այդպես են եկել ՀՀ: Սակայն սա Ադրբեջանում ատրպատականցիների զայրույթն է բարձրացրել, նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահրումով ոտքի են կանգնել, սկսել ցույցեր կազմակերպել, անգամ զենքեր տեղափոխող մեքենաներից մեկն այրել են: Դրանից հետո Իրանը հասկացել է, որ հնարավոր չէ. պետք է կանգնեցնել ռուսական զենքերի շարժը: Հետո օդային ճանապարհով՝ Կասպից ծովով, Իրանի տարածքով որոշ ինքնաթիռներ մտել են Հայաստան:

Իրանագետը նաեւ փաստեց՝ Իրանը կարող էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ շրջափակել ՀՀ-ն, ինչի մասին Ադրբեջանը բազմիցս խնդրել է նրան՝ որպես իսլամական երկիր աջակցություն խնդրել, բայց Իրանը դա չի արել:

Խոսելով 3+3 ձեւաչափի մասին՝ Գոհար Իսկանդարյանն ասաց. «Իրանը կողմ է այդ ձեւաչափին, քանի որ ուզում է մտնել տարածաշրջան: Տեսնում է, պատերազմից հետո հասկանում է՝ իր դիրքերը թուլացել են: Ինքն ինչ-որ կերպ փորձում է նորից մտնել այս խաղի մեջ: Ես սարսափում եմ այս մոդելից, այն տեսնում եմ նաեւ Սիրիայում: Ես վախենում եմ այս մոդելից՝ մանավանդ ունենք Մինսկի խմբի ձեւաչափը, որը լավ, թե վատ գործել է, եւ ՀՀ-ն պետք է հավատարիմ մնա այդ ձեւաչափին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930