Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Տատիկի «սնդուկի» թաքնված գանձերը․ Նաիրա Նիազյանը՝ իրերին նոր շունչ հաղորդելու և միևնույն ժամանակ արդիական մնալու մասին

Նոյեմբեր 28,2021 23:00

Իրերի խելամիտ սպառման գաղափարախոսությանն անդրադարձել էինք մեր նախորդ հոդվածում, իսկ «արագ նորաձևության», հագուստին նոր կյանք հաղորդելու խնդիրների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ զրուցել ենք կոստյումերի, հագուստի ոճաբան Նաիրա Նիազյանի հետ։

-Այսօր ավելի ու ավելի մեծ թափ է առնում իրերի խելամիտ սպառման միտումը՝ բնապահպանական աղետի կանխարգելման ջանքերի համատեքստում։ Ինչպես տեսանք վերջերս, համաշխարհային մեծության աստղ Անջելինա Ջոլին (որի՝ հանրության մեջ հայտնվելը շատ հաճախ հասարակական լայն խնդիրներ բարձրաձայնելու առիթ են դառնում) իր նոր ֆիլմը ներկայացնող «տուրնեի» շրջանակներում բազմիցս հանդես եկավ իր երեխաների հետ միասին, և մարդկանց աչքից չվրիպեց այն, որ աստղի դուստրերը մի քանի անգամ ներկայացան Ջոլիի՝ նախկինում կրած զգեստներով կամ դրանց ձևափոխված տարբերակներով։ Ինչպես նշեցին փորձագետները, գեղեցկության ստանդարտներ թելադրող Անջելինա Ջոլին այդպիսով հանրության ուշադրությունն է հրավիրում հագուստի խելամիտ սպառման խնդրի վրա։

Ի՞նչ տեսակետ ունեք դուք այս հարցի հետ կապված․ չէ՞ որ նորաձևությունը, կամ մերօրյա «արագ նորաձևությունն» իր կանոններն է թելադրում, իսկ բնության մասին հոգածությունն՝ իր։

-Արագ, այսպես կոչված «Fast» նորաձևության տեմպերն այսօր դանդաղել են, և հայտնի ապրանքանիշերը տենդենցների սիրահարներին ակտիվ կերպով թելադրում են անցնել հագուստի և աքսեսուարների կյանքի «կրկնության ցիկլին», հրաժարվել «վատ սովորույթներից», որոնք ենթադրում են կերպարի կրման սեզոնային կյանք, այնուհետև  փոքրիկ քայլերով հասնել գիտակից՝ խելամիտ սպառման. խոսքը «Էկո ֆրենդլի» գաղափարախոսության, նաև թվային նորաձևության մասին է, որն արագ տեմպերով զարգանում է սմարթ դարաշրջանին զուգահեռ:

Ի վերջո, բոլորիս գերխնդիրն է քիչ աղտոտել և հոգ տանել երկիր մոլորակի մասին:

Թեթև արդյունաբերությունը շրջակա միջավայրի աղտոտման գործում աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ նավթից հետո:

Խոսքը ոչ միայն արդիական միտումների՝ ժամանակ առ ժամանակ վերարտադրման, հագուստին նոր կյանք տալու մասին է, այլև «ռեսայքլինգի»՝ վերանորոգման, վինտաժային մատուցման մասին: Թվում է, թե հերթական նորաձև տենդենցի մասին եմ խոսում, բայց, հավատացեք, այն շատ բազմաշերտ է և ամենակարևորը` բնության մասին հոգածության լուրջ նախապայմաններ է ստեղծում:

Այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին Անջելինա Ջոլին է, ևս իրենց մեղքի բաժինն ունեն արագ փոփոխվող միտումների, չափազանց թանկարժեք և շքեղ կերպարների պրոպագանդայի գործում, որն էլ քայքայիչ ցեցի նման տարածվում և վնաս է հասցնում էկոլոգիային և համաշխարհային տնտեսությանը:

Ջոլին այն աստղերից է, որը նաև ճիշտ հասկանում է, թե ինչպիսի ուղիղ ազդեցություն ունի ինչպես համաշխարհային արտադրող բրենդների գովազդի, այնպես էլ սպառողի վրա:

Համաշխարհային «տուրնեի» շրջանակներում նա իր  դուստրերի  օրինակով  ցույց տվեց, որ  աստղային մայրիկի զգեստապահարանը  կարելի է  ոչ միայն կրկնել, այլև հազարավոր  դոլարներով  ձեռք բերված զգեստներին թարմ շունչ տալ և կրել որպես վինտաժ՝ այսպիսով դառնալով «էկո ֆրենդլի» գաղափարախոսության և «ռեսայքլինգի» ամենամեծ ջատագովներից:

-Ի՞նչ եք կարծում, արժե՞ «փորփրել» տատիկի սնդուկը։

-Մայրիկի, նաև տատիկի սնդուկի մեջ վինտաժային իրեր փնտրելն ու նրանց թարմ շունչ տալն իմ դեպքում շուրջ 10 տարվա պատմություն ունի, չհաշված շատ անգին գոհարների «ջուրը նետելն» ավելի երիտասարդ տարիքում: Որոշ վինտաժային հագուստներ չեն պահպանվել կամ կան միայն լուսանկարի տեսքով, և ես երկար ամիսներ եմ վատնում՝ համապատասխան հումքը գտնելու և դրանք վերականգնելու համար:

Սա այն ժակետի կրկնօրինակն է, որն ուներ մայրս (պահպանվել էր միայն լուսանկարը և վերականգնել եմ դրա օգնությամբ)․ այստեղ շատ կարևոր է պիջակի ուսերի մշակումը․ կրկնակի բարձիկները՝ 1930-ականների՝ Էլզա Սկյապարելլիի ոճով կարված։ 

Սվիտերն ու պայուսակը՝ տատիկի «սնդուկից»

Ձեր ուշադրությունը գրաված լուքը ես կրում եմ անմիջապես ամուսնուս մայրական տատիկի սնդուկից: Տրիկոտաժե, չղջիկ հիշեցնող թևերով ուլունքապատ պուլովեր- սվիտերը և կաշվե կլատչը, որի վրա ավելացրել եմ արույրե (լատուն) և մայորիկայի դետալներ:

1970- ականներին ձեռք բերված իրերն ունեին պահպանված ֆիրմային տեսք, և տատիկը դրանք կրել է ընդամենը հաշված անգամներ: Կարելի է միայն պատկերացնել, թե այդ «աութֆիթը» ձեռք բերելու համար ինչ հերթեր է հաղթահարել Ռիտա տատիկը:

Այս կերպարը կրել եմ Հ. Թումանյանի թանգարանում բացված «Հայկական ասեղնագործությունը երեկ, այսօր և վաղը» ցուցահանդեսի բացմանը, բայց այն շատ տեղին կլինի նաև թատրոն և արտ-երեկոներ այցելության համար:

Ի դեպ, պայուսակը ձեռք է բերվել Երևանում, մակագրված՝ «ԽՍՀՄ, Երևան, Նորք, 1979 թ. Գինը՝ 6,65 ռուբլի»: Իսկ ահա սվիտերը Հայաստան է եկել ԱՄՆ-ից:

Ցայսօր էլ ամերիկյան և եվրոպական հագուստը մեծ պահանջարկ ունի մեր երկրում, եթե հաշվի առնենք, որ շուրջ տասնյակ «Եվրոպական հագուստ» անունով «աութլեթներ» են գործում Հայաստանում, և շատ մեծ հերթեր են գոյանում դրանցում ներկայացված բամբակյա, քաշմիրե, կաշվե ՝ նոր կամ քիչ կրած հագուստները ձեռք բերելու համար: Ստացվում է, որ մենք իրականում ակտիվ դեր ունենք համաշխարհային «Էկո ընկերության» մեծ շարժման մեջ, բայց որպես սպառող և ոչ՝ մասնակից։ Մենք չունենք հումքի սպառման կամ հագուստների արտահանձման և վերականգնման լաբորատորիաներ, դեռևս հագուստներով լցված աղբանոցները աղտոտում են մեր շրջակա միջավայրն ու ահռելի վնաս հասցնում մեր սիրուն բնությանը:

-Եթե մենք առաջնորդվում ենք խելամիտ սպառման գաղափարախոսությամբ, բայց միևնույն ժամանակ ցանկություն ունենք մշտապես համահունչ լինել ժամանակի նորաձևության միտումներին, ինչպե՞ս գտնենք ոսկե միջինը։

-Ամեն գեղեցիկ և օգտակար գաղափար մի օր ծնվելու և զարգանալու միտում ունի…

Ես հաճախակի եմ ոճային «լուքեր» ստեղծում կամ «ռեսթարթ» անում եղած զգեստապահարանը՝ արվեստագետ ընկերներիս կամ հաճախորդների համար, և շատ հաճախ եմ լսում «չօգտագործվող» հագուստների կույտի մասին, որի հետ չգիտեն ինչպես վարվել:

Գաղափարակիցներով խորհեցինք և որոշեցինք, որ պետք է գործել և փոքր քայլերով միանալ մեծ իդեաներին. այդպիսի մի նախաձեռնություն է «Hay Eco Home» ծրագիրը, որի նպատակն է  Հայաստանի տարբեր շրջաններից, նաև արտերկրից հավաքագրել չօգտագործված, նոր, նաև մասամբ վնասված բնական հումքով արտադրված հագուստ և աքսեսուարներ, որոնց  նոր կյանք կտանք, կվերականգնենք ՝ այդպիսով ունենալով  հարուստ բեմական ռեկվիզիտների բազա և ամենակարևորը՝ մեր տեղական «աութլեթը», որն անհրաժեշտ հագուստով կապահովի դրա կարիքն ունեցող հասցեատերերին:

Իսկ ահա ստորև ներկայացվող օրինակները նույնպես այդ «ռեսթարթի», տարբեր ժամանակաշրջանների ոճային համադրության արդյունք են, որոնք կարող են ոգեշնչել ձեզ՝ իրերին նոր տեսանկյունից նայելու և ինքնատիպ կերպարներ ստանալու համար։

Այս կոստյումը ևս ԱՄՆ-ից է՝ 80-ականների սկզբից, որին թարմ շունչ ենք հաղորդել՝ զարդարվելով մարգարիտներով ու մաքրամեով՝ Շուշիում ծաղկող խոլորձի տեսքով։

Շիֆոնե զգեստն իմ աշխատանքն է՝ նեոկլասիցիզմի ոճով կարված, կաշվե պայուսակը (ռեդիկյուլ) 60-ական թթ-ից է՝ ընկերուհուս տատիկի զգեստապահարանից։

Իսկ այս զգեստը պատրաստվել է Եկատերինա Մեդիչիի ոճով,  կորսետը (սեղմիրան) ստացված է գոբելենից և ուլունքապատ է․ դա բավականին համարձակ համադրություն է և ոչ այնքան հաճախակի հանդիպող։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930