Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Գյումրու նորընտիր քաղաքապետի նորույթը․ հրաժարվել են ծառայողական մեքենաներից

Նոյեմբեր 28,2021 19:58

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանում զգալիորեն կրճատել են ծառայողական մեքենաների թիվը՝  12-ից դարձնելով  6 ու դրանք նախատեսել են  համընդհանուր օգտագործման համար։ Այսինքն՝ այսուհետ որևէ պաշտոնյա իրեն ամրակցված ծառայողական մեքենա չի ունենալու, մի մեքենան սպասարկելու է մի քանի բաժնի պետերի կամ աշխատակիցների։

Վարդգես Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ ինքն անձամբ հրաժարվել է ծառայողական մեքենայից, կերթևեկի իր անձնական «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որը 2009 թվականի արտադրության է։

Ըստ նորընտիր քաղաքապետի, Գյումրին հոգսերի տակ կքած քաղաք է, հազար ու մի խնդիր կա, պիտի անցնել խնայողությունների։

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե ծառայողական մեքենաներից հրաժարվելու գաղափարը «Հայրաքաղաք» դաշինքի նախընտական ծրագրից է, այն մեզ ներկայացրել էր դաշինքի քաղաքապետի թեկնածու, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը, Վարդգես Սամսոնյանն ասաց, որ այն վերցրել են հենց Լևոն Բարսեղյանից։

«Ես հանդիպումներ եմ ունեցել  Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում անցողիկ շեմը չհաղթահարածների հետ ու հարցրել եմ՝ ձեր ծրագրային ո՞ր դրույթները կուզեք կյանքի կոչել։

Լևոն Բարսեղյանի հետ հանդիպել ենք, զրուցել ենք քաղաքին հուզող տարբեր խնդիրների շուրջ, նա մեծ պատրաստակամություն է հայտնել օգնել քաղաքի զարգացմանը իր խորհրդատվությամբ, իր փորձով։ Մենք պատրաստ ենք իրագործել Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի այն ծրագրային դրույթները, որոնք նպաստում են մեր քաղաքի զարգացմանը։

Դուք չեք սխալվում, մենք այս գաղափարը վերցրել ենք հենց Լևոն Բարսեղյանից։

Մենք, հրաժարվելով ծառայողական մեքենաներից, կունենանք տնտեսում ու այսպես ավելի արդյունավետ կլինի։ Սպասարկումից դուրս ենք հանում առնվազն 6  ծառայողական մեքենա, այսուհետ քաղաքապետարանի բաժինները կունենան իրենց կցված մեքենաները, որոնք կօգտագործեն՝ ըստ անհրաժեշտության։

Օգտագործման մեխանիզմը մշակել ենք, հերթափոխով կօգտագործեն իրենց կցված մեքենան, ասենք՝ երեք բաժին կօգտվեն  X պետհամարանիշի մեքենայից, կունենանք նաև հերթապահ մեքենա։

Դրանց օգտագործումն այս պահին արդարացած չէ,  որ ամեն բաժին ունենա իր ծառայողական մեքենան․ դիզվառելիքի գումարը, ավտոպահեստամասերը բավական մեծ ծախսեր են։

Իհարկե, աշխատակից-վարորդներին  այլ աշխատանք կառաջարկենք, կոմունալ ծառայությունում կա նրանց կարիքը, հետագայում, երբ մեր ավտոբուսի պարկը սկսեց աշխատել, այնտեղ ևս նրանց կարիքը կլինի, կաշխատեն որպես հասարակական տրանսպորտի վարորդներ»,-պարզաբանեց քաղաքապետը։

Վարդգես Սամսոնյանը նշեց, որ ծառայողական մեքենաները հնացել են, դարձել են ծախսատար, հետևաբար և ավագանու քննարկմանը պիտի ներկայացնեն հին մեքենաները օտարելու հարցը, որը լրացուցիչ գումար կբերի համայնքային բյուջե։

«Այդ մեքենաների՝ քաղաքապետարանի հաշվեկշռում մնալն արդարացված չէ՝  և՛ տեղ են զբաղեցնում, և՛ չօգտագործվելով՝ ավելի փչանում են»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նա նաև նշեց, որ աշխատանքի է գնում-գալիս իր անձնական մեքենայով, ըստ նրա, այն միջին որակի մեքենա է։

«Առավոտյան ես իմ մեքենայով եմ աշխատանքի գալիս, իհարկե, վարորդ կա, շրջայցերի դեպքում վարորդը կվարի իմ մեքենան»։

Մեր դիտակմանը, թե Սամվել Բալասանյանը ևս հրաժարվել էր ծառայողական մեքենայից, եթե օգտվեիք ծառայողական մեքենայից, հին մեքենա պիտի տրամադրվե՞ր,  Վարդգես Սամսոնյանը պարզաբանեց․

«Լրիվ նոր մեքենա կա, քաղաքապետարանը 2020, թե 2021 թվականին ձեռք էր բերել «Նիսան» մակնիշի մեքենա, նախկին  փոխքաղաքապետի՝ Ռուբեն Սանոյանի ծառայողական մեքենան էր, շատ լավ վիճակում է, բայց ես միտումնավոր հրաժարվեցի, որպեսզի աշխատակիցները տեսնեն՝ եթե քաղաքապետն է հրաժարվում, բոլորն էլ պիտի  հրաժարվեն, ծառայողական մեքենաներն էլ անձնական շահերի համար չպիտի օգտագործվեն։

Էլի եմ կրկնում ՝ բավական ծախսատար է դրանք պահելը, իսկ քաղաքը հոգսերի մեջ է ու այս պահին մեզ նման շքեղություն  թույլ տալը տեղին չէ։ Երբ կգա այն ժամանակը, որ  Աստծո կամքով քաղաքի հոգսերը կթեթևանան, նոր կմտածենք մեքենաների մասին։

Աշխարհի փորձն էլ ցույց է տալիս, որ մարդիկ հեծանիվով են գնում աշխատանքի, իսկ այդ համեստությունն ավելի ընկալելի է, ընդունելի է։

Չինովնիկական այն մտածելակերպը, թե պարտադիր է ծառայողական մեքենա ունենալը, հետզհետե դուրս պիտի գա, մարդը պիտի հասկանա, որ այն ընդամենը փոխադրամիջոց է, քաղաքի հոգսերը  հոգելու համար պիտի գնա Ա կետից Բ կետը, գնաց, խնդիրը տեսավ, լուծեց, եկավ, պիտի անցնի իր վարչական աշխատանքին։

Կան բաժիններ, որոնք հաճախակի են օգտվում,  խնդիր չկա, մեքենան կանգնած է, հավասար սկզբունքով կօգտագործեն, փոխքաղաքապետերն էլ կօգտվեն այդ մեքենաներից, ասենք մի փոխքաղաքապետին ու մի քանի բաժինների կցված է նույն մեքենան, ցանկն արդեն կա։ Այդ սկզբունքով կսկսենք աշխատել», -ասաց քաղաքապետը։

Մեր հարցին՝ հաշվարկ կատարե՞լ եք՝ որքան գումար կտնտեսեք այս դեպքում, քաղաքապետն ասաց, որ ֆինանսական բաժինն այս պահին հաշվարկում է, թե որքան գումար է նստում վառելիքի ու մաշված, փչացած մեքենաներին անհրաժեշտ պահեստամասերի ձեռք բերումը։

Քաղաքապետի հետ զրույցից այլ հատվածներ կհրապարկենք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930