Ազատագրական շարժման համակարգող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանն ու ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում, հրապարակային զրույցից հետո, այլ հանդիպում եւ զրույց դեռեւս չեն ունեցել: Այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե խորհրդարանական լսումների ավարտից հետո ի՞նչ զրույց են ունեցել Իշխան Սաղաթելյանի հետ:
Հիշեցնենք, խորհրդարանում սահմանազատման եւ սահմանագծման թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի եւ շարժման համակարգող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանի միջեւ տհաճ երկխոսություն տեղի ունեցավ, միմյանց նկատմամբ անվստահության տոներով: Իշխան Սաղաթելյանն ասաց, որ զրույցին հետո կանդրադառնան:
«ԱԺ հանդիպումից եւ հրապարակային զրույցից հետո, այլ խոսակցություն դեռեւս չենք ունեցել: Իրենք ուզում էին հստակություն, մենք հրապարակային հստակություն ենք մտցրել՝ ասելով, որ պահանջում ենք վարչապետի եւ նախագահի հրաժարականը: Հիմա, սպասում ենք իրենց: Իրենք ինչի՞ են պատրաստ: Մենք հստակ ասել ենք, որ պահանջում ենք վարչապետի եւ նախագահի հրաժարականը, որ թույլ չենք տա այս պահին սահմանազատում եւ սահմանագծում տեղի ունենա, թույլ չենք տա, որ ճանապարհի տեսքով միջանցք տրամադրվի թշնամուն եւ պնդում ենք, որ պետք է անպայման ու շատ արագ զինվի առաջնագիծը»,- ասաց Նաիրի Հոխիկյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության հետ եւ, առհասարակ, համագործակցությունը պատկերացնում ենք հետեւյալ կերպ. «Ցանկացած քաղաքական ուժ կարող է գալ, որ միասին, ոչ թե միանան մեզ, նույնիսկ մենք ենք պատրաստ տարբեր ուժերի հետ միավորվել, ձեռք-ձեռքի տված կարողանանք հաղթահարել այս փաշինյանական աղետը, միայն մեկ դեպքում, եթե չունենք քաղաքական ամբիցիաներ եւ կոնկրետ քաղաքական գործիչների առաջ չենք մղում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ