Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյան. «2-րդ խաղատախտակի առջեւ խաղալն անհամեմատ ավելի դժվար է, քան 3-րդի եւ 4-րդի»

Նոյեմբեր 28,2021 15:29

Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը թիմային 12,0 միավորով բաժանեց 5-ից 8-րդ հորիզոնականները եւ լրացուցիչ հաշվարկով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 39 երկրների պայքարում զբաղեցրեց  7-րդ տեղը:

Մեր ընտրանին առաջին անգամ հանդես եկավ առանց Լեւոն Արոնյանի: Նրա բացակայությամբ մեր ընտրանին արժանիորեն գլխավորում էր բազմափորձ Գաբրիել Սարգսյանը: Այս պարագայում առաջին անգամ 2-րդ խաղատախտակի առջեւ հանդես գալու պատիվը վստահվել էր երիտասարդ, բայց հեռանկարային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանին, որը մասնակցեց ութ տուրի եւ վաստակեց 4,0 միավոր:

Aravot.am-ը զրուցել է Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Եվրոպայի առաջնությունում քո մասնակցությունն ինչպե՞ս ես գնահատում:

-Կարող էի ավելի լավ խաղալ, սակայն չէի ասի, թե վատ հանդես եկա: Ընդհանուր թիմը լավ էր խաղում: Ափսոս, որ վերջին տուրում պարտվեցինք չեմպիոն դարձած Ուկրաինային ու մեդալ չնվաճեցինք:

-Առաջին անգամ նման խոշոր մրցաշարում խաղում էիր 2-րդ խաղատախտակի առջեւ: Տարբերությունը շա՞տ մեծ է:

-Խաղամակարդակի լուրջ տարբերություն կա: Որքան բարձրանում ես վեր, այնքան մրցակիցներիդ ներուժը ավելանում է: Եթե հիշում եք, նույնիսկ առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկա, երբ Բելգիայի հետ մեկնարկում Գաբրիելը հանդես չեկավ: Լարվածությունն ու պատասխանատվությունը շատ մեծ էր: Ես երեք անգամ Հայաստանի հավաքականի կազմում խաղացել եմ 3-րդ, 4-րդ խաղատախտակների առջեւ: Սա կարեւոր փորձություն էր իմ համար: Կարծում եմ, դա հետագայում ինձ շատ կօգնի, իսկ մի քանի տարի հետո հավաքականն ավելի փորձառու եւ ավելի ուժեղ թիմ կլինի:

-Այս տարի էլի մրցաշար կա՞, որին նախատեսում ես մասնակցել:

-Դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալու է բլից եւ ռապիդ շախմատի աշխարհի առաջնությունը, իսկ մինչ այդ, դեկտեմբերի 11-ից 16-ը Աբու Դաբիում մասնակցելու եմ նույնպես արագ եւ կայծակնային բաց մրցաշարի:

-Որտե՞ղ ես քեզ ավելի վստահ զգում. դասակա՞ն, արա՞գ, թե՞ կայծակնային շախմատում:

-Քանի որ պրոֆեսիոնալ շախմատը դասական շախմատն է, դասականում: Բայց արագ եւ բլից մրցաշարերն իմ համար նույնպես շատ հետաքրքիր ու հաճելի են: Այնպես որ, երեքն էլ շատ կարեւոր եւ օգտակար են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930