«Դա քաղաքական շատ էժան տրյուկ էր, որը գործածեց Իշխան Սաղաթելյանը: Դա ես չեմ հարգում եւ հենց այդ ժամանակ էլ ասել եմ, որ սա Ալեն Սիմոնյանի վարքագիծն է: Եթե դուք չգիտեք, որ ժողովուրդը խնդիր ունի ձեր քաղաքական լիդերների հետ, ապա ես ձեզ տեղեկացնում եմ՝ այդ խնդիրը կա: Այնուամենայնիվ, տեղյակ եղեք: Այդ խնդիրը կա եւ իրենք չպիտի ինձնից պահանջեն՝ ինչո՞ւ խնդիր ունես, որովհետեւ, պետք է իրենց հարց տան՝ ի՞նչ են արել, որ խնդիր ունեք կամ ի՞նչ չեն արել, որ խնդիր ունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազատագրական շարժման համակարգող խմբի անդամ, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով խորհրդարանում, սահմանազատման եւ սահմանագծման թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի եւ շարժման համակարգող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանի միջեւ տեղի ունեցած երկխոսությանը:
Հիշեցնենք, իր ելույթի ժամանակ Նաիրի Հոխիկյանը խոսում էր այն մասին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը պետք է միավորվեն եւ թույլ չտան, որ «այս իշխանությունը, որը գործարքով պայմանավորված պատերազմով հանգեցրեց այս իրավիճակին, շարունակի կառավարել»:
«Ակադեմիական ոճով այստեղ խոսելու եւ տարբեր գաղափարներ արտահայտելու փոխարեն, մենք պետք է շատ կոշտ ձեւով բռնենք նրանց թեւից՝ վռնդենք՝ եւ կառավարությունից, եւ ԱԺ-ից, ուղակի պետք է համախմբվել: Դուք Դիմադրության շարժում եք անում, մենք Ազատագրության, այլ մարդիկ այլ շարժումներ եւ որեւէ արժեք չի ունենա, եթե մենք գործենք առանձին-առանձին կամ սկսենք իրար դեմ գործել»,- ասաց Նաիրի Հոխիկյանը՝ խնդրելով՝ վայր դնել կուսակցական դրոշները եւ մտնել ՀՀ ու ԱՀ դրոշների ներքո, «եթե ձեզ իրոք համարում եք ազգային ուժեր, ապա՝ եկեք՝ միասին գնանք»: Նա կրկնեց, որ այն հինգ անձինք, ովքեր սկսել են Ազատագրական շարժումը, որեւէ քաղաքական նպատակ չունեն, իրենց նպատակը մեկն է՝ հայրենիքի ազատագրությունը եւ խնդրեց միանալ՝ առանց ամբիցիաների, առանց հետին մտքերի, սեւերի եւ սպիտակների:
Նաիրի Հոխիկյանի ելույթին արձագանքեց Իշխան Սաղաթելյանն՝ ասելով. «Պարոն Հոխիկյան, դուք կարիք չունեք մեզ համոզելու, համախմբելու կոչ անելու: Մենք արդեն համախմբված ենք: Պարզապես դուք մի հատ կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ուզում, ինչպե՞ս եք ուզում, մենք պատրաստ ենք: Կուսակցականներին հրավիրում եք՝ ասում եք՝ ապակուսակցական է, երբեմն, ասում եք՝ ապաքաղաքական է: Մենք, ամբողջությամբ, բոլորիս անունից ասում եմ, ձեր պայքարի, ընդհանրապես, այս չարիքի կառավարության դեմ պայքարող ցանկացած առողջ ուժի կողքին ենք: Եթե կոնկրետ առաջարկներ ունեք՝ կոնկրետ առաջարկեք: Մենք պատրաստ ենք այսօր հենց մեր ֆրակցիայով գալ, մասնակցել: Դուք պատրա՞ստ եք դրան: Եվ՝ կգանք: Այսինքն, կարիք չկա տպավորություն ստեղծելու, թե մենք կուսակցական խաղեր ենք տալիս ու չենք մասնակցում ինչ-որ շարժմանը կամ այս իշխանությունների դեմ պայքարին»:
Կարդացեք նաև
Նաիրի Հոխիկյանն արձագանքեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, եթե պատրաստ է առանց իր առաջին դեմքերին հատուկ ներկայացնելու, փիառելու՝ գալ եւ մտնել այս շարժման մեջ, որպես ազգային շարժում… »:
«Այսինքն, դուք մեր շարքերին եք ուզում, բայց ոչ ղեկավարներին: Ո՞նց հասկանանք: Կամ միասին գալիս ենք, կանգնում ենք եւ պայքարում ենք՝ նախկին, հին, նոր չկա, կամ՝ հասկացեք ի՞նչ եք ուզում: Այսինքն, շարքերը թող գան, մեզ օգնեն, բայց ղեկավարները չգան, որովհետեւ նրանք նախկի՞ն են»,- հակադարձեց Իշխան Սաղաթելյանը:
«Այդ երկխոսությունը, որը սարքվեց, մոտավորապես այսպիսինն էր՝ դուք ուզում եք, որ մենք գանք անենք եւ թողնենք գնանք»,- մեզ հետ զրույցում շարունակեց մեկնաբանել Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով. «Չէ, մենք չենք ուզում, որ դուք գաք եւ անեք, մենք ուզում ենք, որ դուք ուղղակի չխանգարեք: Մենք չենք էլ ուզում, կոպիտ ասած, որ դուք մնաք, ոչ մեկը չի ուզում, որ դուք մնաք: Կա հստակ խնդիր եւ դուք պետք է հասկանաք՝ մեր երկիրն այս պահին ինչի՞ կարիք ունի. հնի՞, ներկայի՞, ոչ որակով իշխանությա՞ն, ոչ որակով ընդդիմությա՞ն, թե՞ որակյալ կառավարման: Մենք ունենք անկառավարելիության հարց եւ այդ հարցը պետք է լուծվի բոլորովին այլ մակարդակում, բոլորովին այլ գիգանտների միջոցով, որոնք որեւէ տեղ թաթախված չեն»:
Սոֆյա Հովսեփյանի պատկերացումները հետագա գործողությունների վերաբերյալ, հետեւյալն են. «Բոլորին միանալու մեր պահանջ-առաջարկը մեկն է՝ ոչ թե գան, իշխանություն ուզեն, ինչպես նաեւ մենք, այլ գան մեկ բանի համար՝ կարողանանք երկիրը շան բերանից հանենք: Այլ պահանջ մենք չենք դնում ու հանկարծ որեւէ մեկը չփորձի ինչ-որ շարժումների հաշվի դիվիդենտներ չշահել: Մենք հստակ պայմանավորվածություն ունենք՝ ոչ թե գնում ենք, իշխանափոխություն անեն եւ մենք գանք, այլ բոլորս մեր առջեւ խնդիր ենք դրել, որ իշխանության գալու ոչ ցանկություն, ոչ էլ նպատակ չունենք: Իշխանության այսօր պետք է գան բացառապես պրոֆեսիոնալներ եւ տաս միլիոնանոց ազգի մեջ հաստատ կան այդ պրոֆեսիոնալները, որոնք ոչ հնի մեջ են, ոչ ներկայի: Իրենք կան եւ ամեն մեկն իր ոլորտում ծաղկեցնում է: Այդ մարդկանց պետք է խնդրենք՝ գան երկրին ժամանակավոր տեր կանգնեն, մինչեւ հետո, ընտրություններում որ մեկն ուզում է, թող հաղթի: Սա իմ դիրքորոշումն է, սա ես անգամ չքննարկված սցենար եմ ասում»:
Քննարկված հստակ սցենար ապագայի վերաբերյալ շարժումը դեռ չունի: Իրենք միայն երեկ հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի եւ նախագահի հրաժարականը: Իսկ այսօր ուխտագնացության են գնում Էջմիածին: Առաջիկայում կքննարկեն եւ հստակ կներկայացնեն ապագա գործողությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Համենայնդեպս, մեր զրուցակիցը չի կարծում, որ իր տեսլականը էականորեն կհակասի մյուսների տեսլականին: Ամեն դեպքում, միասնական որոշման մասին առաջիկայում կհայտարարեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չեմ հասկանում ինչ են ասում։ Ես ՀՅԴ անդամ եմ, Ձեր բոլոր հավաքներին մասնակցել եմ, բացի կիրակի օրվա երթից։ Հիմա դուք ուզում եք որ ես շարունակեմ գալ, բայց իմ կողմից ընտրված իմ կուսակցության ղեկավարները չգան։ Այդպես չի կարող լինել։