Երեխաների առողջության հետ կապված տարբեր իրավիճակներում, զարգացման ու դաստիարակության գործում հստակ անհրաժեշտություն է լինում հատուկ մանկավարժի ներգրավումը: Հատուկ մանկավարժի ներկայությունն ուղղակի անհրաժեշտություն է այն բոլոր դեպքերում, երբ երեխան ունի զարգացման հապաղումներ, խանգարումներ և այնպիսի առողջական խնդիրներ, որոնց դեպքում լրացուցիչ աջակցության կարիք կա: Իր մասնագիտական ուղու մասին զրուցել ենք հատուկ մանկավարժ Աննա Մելքոնյանի հետ։
– Աննա, կպատմե՞ք, թե ինչու ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը և, հատկապես, ինչու՞ որոշեցիք դառնալ հատուկ մանկավարժ, ով զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ։
– Երբ 11-րդ դասարան էի, թե՛ ես, թե՛ ընտանիքս, ընկերներս, բոլորը համոզված էին, որ լրագրող եմ դառնալու, բայց մտափոխվեցի միանգամից, երբ դպրոց հյուր եկան ՄԱԿ-ի կազմակերպությունից ու մեզ նվիրեցին «Հրաշքը» վերնագրով գիրքը, որը խնդրով երեխայի մասին էր։ Եթե չեմ սխալվում, հիմա գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։ Լրիվ անծանոթ էր ինձ մասնագիտությունը։ Բակալավրում ընտրեցի օլիգոֆրենոմանկավարժություն, հետո արդեն զգալով, որ ինձ դուր է գալիս, ավելի խորացա և մագիստրատուրան շարունակեցի հատուկ մանկավարժության որակավորմամբ։
– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել մասնագետ դառնալու ճանապարհին և երբևէ մտածե՞լ եք հանձնվելու մասին։
– Առհասարակ չեմ սիրում օգտագործել «երբեք» բառը, բայց այս պարագայում կասեմ, որ երբեք չեմ մտածել հետ կանգնելու կամ հրաժարվելու, փոշմանելու մասին։ Չգիտեմ ինչու, բայց աշխատանքս շատ եմ սիրում։ Փորձել եմ տարբեր հաստատություններում աշխատել, ու վերջապես իմ իսկական տեղը գտել եմ։ Դժվարություններ ի սկզբանե հանդիպել են աուտիզմ ունեցող բալիկների հետ աշխատելիս։ Շփումը ծնողի ու երեխայի հետ շատ լավ էր ստացվում, բայց անփորձ էի ու չէի հասկանում` ինչպես աշխատել, բայց աստիճանաբար սովորեցի ու փորձ ձեռք բերեցի։ Հիմա էլ կան դժվարություններ, միշտ էլ լինելու են, բայց դրանք հաղթահարելի են, եթե կա ցանկություն։
– Այժմ ինչո՞վ եք զբաղվում և որտե՞ղ եք աշխատում։
– Արդեն մեկ ու կես տարի է, ինչ աշխատում եմ Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում` որպես հատուկ մանկավարժ։ Իրականացնում եմ երեխաների կարիքի գնահատում, աջակցություն ու վերապատրաստումներ ուսուցիչներին, ծնողներին։
– Արդյո՞ք այդ աշխատանքը, բացի սիրուց, ապահովում է Ձեզ նաև ֆինանսապես։
– Եթե հաշվի առնենք աշխատաշուկայում մեր մասնագիտական ոլորտում առկա ցածր աշխատավարձը, իմ աշխատանքը բավականին բարձր վարձատրվող է մյուսների ֆոնին։
– Իսկ ինչպե՞ս եք Կենտրոնում կազմակերպում աշխատանքը երեխաների հետ:
– Սպասարկում ենք ամբողջ Կոտայքի մարզի դպրոցներին։ Կենտրոնն ունի հատուկ աշխատակիցների համար նախատեսված տրանսպորտ, որը արդեն նախօրոք կազմված շաբաթական գրաֆիկով հաճախում է ամբողջ մարզի դպրոցներ ու տրամադրում երեխաներին աջակցություն, այսինքն` անհատական պարապմունքներ են իրականացվում մեր մասնագետների կողմից։ Յուրաքանչյուր մարզ ունի նման կենտրոն։
– Կարո՞ղ եք ասել, որ հասել եք նշանակալից արդյունքների երեխաների հետ աշխատանքի արդյունքում:
– Ես ինքս սպասարկում եմ մարզի 4 դպրոց ու աշխատում եմ 23 աշակերտի հետ։ Անհատական է այդ ամենը։ Գիտեք, կան երեխաներ, որոնց հետ ակնհայտ արդյունքի հասնել չի ստացվի, բայց այն, որ երեխան 25 րոպե կարողանում է նստել պարապմունքին կամ որևէ աշխատանք անել, դա թե՛ իմ, թե՛ ծնողի համար մեծ արդյունք է։ Բայց կան երեխաներ, ովքեր ունեն թեթև խնդիրներ։ Դրանք իսկապես հաղթահարելի են, ու արդյունքն ակնհայտ է։
– Աննա, իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն հոգեբաններին, ովքեր հետագայում ուզում են ընտրել հենց հատուկ մանկավարժի մասնագիտությունը։
– Խորհուրդ կտամ ընտրել մասնագիտությունը մտածված։ Աշխատանքը երեխաների հետ է հիմնականում, դրա համար պետք է հստակ կողմնորոշված լինեն։ Իհարկե, խորհուրդ կտամ այն մարդիկ ընտրեն հենց այս մասնագիտությունը, ովքեր ունեն մեծ կամքի ուժ, նպատակասլաց են, չեն տրտնջում ու պատրաստակամ են։
Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ