Ազատագրական շարժումը այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքում առաջին անգամ վարչապետի եւ հանրապետության նախագահի հրաժարականի պահանջ հնչեցրեց: Ի՞նչն էր այդ պահանջը հավաքների միայն 6-րդ օրը հնչեցնելու պատճառը. սպասում էին Սոչիում եռակողմ հանդիպմա՞նը:
Ազատագրական պայքարի հիմնադիրներից 5165 շարժման նախագահ Կարին Տոնոյանը Aravot.am-ին այսպես մեկնաբանեց. «Կարծում եմ, այդ պահանջը դեռեւս անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո ուղղակի Հայաստանում շրջում է, ամեն քայլափոխի է, ամեն մեկի ականջում է: Եվ մենք նոր բան չարեցինք: Կար հրատապ խնդիր: Մենք շատ լավ գիտեինք, թե ինչ է բացվելու, ինչը չի բացվելու: Եվ եթե որեւէ մեկը հավատաց, թե դա էր փաստաթուղթը, ապա խորապես մոլորված է:
Բնականաբար, չբացվեցին: Բայց այդ թղթից արդեն հոտը եկավ, թե մենք ինչքան վտանգավոր վիճակում ենք: Եվ ամենակարեւորը, որ մենք կորցնում ենք Արցախը: Իհարկե, իրենց կարծիքով: Մենք Արցախը չենք կորցնելու, որովհետեւ Արցախի համար կյանքեր են տրվել, եւ Արցախը վերադառնալու է: Արցախը վերադառնալու է այն զավակներին, որոնք այլեւս հայրեր չեն տեսնելու: Եվ դրա համար մենք կռիվ ենք տալու, ահեղ կռիվ ենք տալու: Ով չի ուզում, թող այդ կռվին չմասնակցի: Մեր կռիվը սկսվում է այն մարդկանց հրաժարականի պահանջով եւ հենց հրաժարականով, որոնք բերեցին այդ չարիքը մեր գլխին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ