Այսօր` նոյեմբերի 27–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար:
Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:
Նիստի առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչեցին մի քանի զեկույցներ: Խորհուրդը մանրամասն քննարկեց զեկույցները և որոշում կայացրեց հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի մոտ ապագայում:
«Իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,–ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հավելել,-«ներկայումս ավելի է հասունացել Հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»:
Կարդացեք նաև
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց 2020-21 թթ. Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Համաձայն օրակարգի՝ հաստատվեցին 2020թ. համախմբված ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:
Խորհուրդը որոշում կայացրեց երեք տարի ժամկետով հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում։
«Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս ծանր ժամանակահատվածում հայրենիքի զորացման գործում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի հաղորդագրություն