Այսօր ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ ԱժԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ չեն համախմբվում ու համագործակցում բոլոր ուժերով իրար հետ. «Մենք ունենք ցանկություն համախմբվելու: Բեւեռն ունի ցանկություն գործակցելու, սակայն 1 պայմանով, այդ գործակցությունը պետք է լինի հստակ ծրագիր, որտեղ կարմիր թելով պետք է անցնի համակարգային փոփոխությունը, իսկական հեղափոխությունը, արմատական փոփոխությունը, այլ ոչ թե՝ Նիկոլ հեռացնել, չեմ իմանում ում բերել: Սա՛ է մեր նախապայմանը: Այսուհետ թույլ չենք տալու մակերեսային փոփոխությունների: Վստահեցնում եմ ձեզ, լինելո՛ւ է այդ հեղափոխությունը»:
Սեֆիլյանը դիմեց նախկին 3 նախագահներին. «Այո, պիտի գտնենք եզրեր գործակցելու, սակայն կան խոչընդոտներ: Այդ խոչընդոտները պիտի վերացնենք, որ հեշտանա մեր գործակցությունը: Կարծում եմ, կարեւորագույն խոչընդոտներից մեկը հետեւյալն է՝ նախկին նախագահ կոչեցյալների շարունակելը մնալ քաղաքականության մեջ: Այդ երեքին ես հորդորում եմ, լինի Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, լինի Սերժ Սարգսյան, հեռացե՛ք քաղաքականությունից, դո՛ւրս եկեք, ձեր պատճառով խոչընդոտվում է մեր ժողովրդի միաբանությունը: Դուք շատ լավ գիտեք ինչ ավերներ եք գործել մեր ժողովրդի նկատմամբ, վերջապես հասկացեք եւ փորձեք գոնե մի լավություն անել այս 30 տարիների ընթացքում, հեռացե՛ք արենայից, թողեք այս ժողովուրդը միավորվի»:
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՄ գրասենյակ: Հաջորդ հանրահավաքը կլինի դեկտեմբերի 11-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ