Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ համագումարում Հարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվեց միության նախագահ: Հայաստանի կինոգործիչների միության 153 անդամներից համագումարին մասնակցում էր 108-ը, եւ քվորումն ապահոված էր: Հարություն Խաչատրյանի առաջարկով միության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների եւ կինոգործիչների միության հանգուցյալ անդամների հիշատակը:
Նիստը նախագահող Անետա Երզնկյանը ներկայացրեց օրակարգը՝ 4 տարիների կատարած աշխատանքի բովանդակային հաշվետվություն, նույն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություն, կանոնադրական փոփոխություն եւ նախագահի ընտրություն:
Հաշվետվությունը ներկայացրեց միության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նա սլայդերի միջոցով ներկայացրեց 4 տարիներին իրականացված աշխատանքները, որոնցից շատերը եղել են Հարություն Խաչատրյանի նախընտրական ծրագրում: Նշվեց, որ 356 ֆիլմ է ցուցադրվել կինոմիության դահլիճներում, ունեցել են 17800 հանդիսատես, իրականացվել է 53 հանդիպում, որի ընթացքում ներկա է եղել 5324 հանդիսատես՝ «Վերադարձ կինոյի տուն», «Մոռացված հայկական կինո», «Անկախության կինո», «Հարգանքի տուրք» եւ այլ խորագրերի ներքո:
Կարդացեք նաև
Արայիկ Մանուկյանը հավելեց, որ հյուրընկալել են 6 կինոփառատոն, որոնց շրջանակում 132 սեանս են ունեցել ու 15840 հանդիսատես ունեցել: Իսկ ընդհանրապես 4 տարիների ընթացքում 39364 հանդիսատես են ունեցել: Կինոգործիչների միության ծրագրերում բնականաբար տեղ են ունեցել Արցախը, բանակը, զինվորները, դպրոցականներն ու երիտասարդները: Կինոմիությունը լուրջ գործունեություն է ծավալել միջազգային համագործակցության դաշտում, այժմ էլ նախատեսում են թանկարժեք տեխնիկա ձեռքբերել Կինոյի տան համար՝ «Ոսկե ծիրանի» շնորհիվ:
Հայաստանի կինոգործիչների միության հաշվապահ Լուսինե Բոյաջյանը ներկայացրեց ֆինանսական հաշվետվությունը՝ 4 տարիների համար, իսկ Հրանտ Հակոբյանը՝ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:
«Պետք է միասին շարունակենք աշխատանքը: Շուտով կգա մեր տեխնիկան, կսկսենք զբաղվել շենքի ջեռուցման եւ օդափոխության հարցերով: Հույս ունենանք, որ կհաղթահարենք միջանկյալ դժվարությունը, որ մեր հողամասն ուզում են մեր ձեռքից առնել, կարգի կբերենք նաեւ Մալյանի անվան թատրոնը, որը չունի օդափոխության համակարգ…Մի խոսքով, ամեն մեկի աշխատանքը ճիշտ վարելը եւ ճիշտ կառուցելը շատ կարեւոր եմ համարում: Նաեւ շնորհակալ եմ, որ եւս մեկ անգամ վստահեցիք ինձ, որպեսզի շարունակենք մեր ծրագրերը»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ