Այսօր Ազատության հրապարակում Ազգային- ժողովրդավարական բեւեռը հանրահավաք էր կազմակերպել:
ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը անդրադարձավ Պուտին-Ալիեւ Փաշինյան հանդիպմանը. «Սերիալի հաջորդ սերիան դիտեցինք: Սրտատրոփ դիտեցինք, որովհետեւ կային լուրջ մտավախություններ, որ կծնվի հերթական դավադիր մի փաստաթուղթ, որը կվերաբերվի սահմանազատմանը եւ միջանցքին: Թեեւ ընդունվեց հայտարարություն, բայց եթե վերլուծենք տեքստը, ապա կարող ենք արձանագրել 2 կարեւորագույն փաստ՝ այդ հայտարարությունը ավելի շատ նման էր մտադրությունների հռչակմանը եւ չկար միջանցքի ստեղծմանը վերաբերող կոնկրետ հայտարարություն, որ արդեն ստեղծվում է միջանցք, որը կվերահսկվի ՌԴ հատուկ ծառայությունների կողմից եւ երկրորդը՝ չկար սահմանազատման իրավական հիմքը: Չի ասվում, որ այն պիտի կատարվի Խորհրդային քարտեզների հիման վրա: Սա նշանակում է՝ Արեւմուտքը եւ մենք արձանագրում ենք մեր հերթական փոքրիկ, բայց շատ կարեւոր միջանկյալ հաղթանակը: Մենք ձեր հետ միասին ու արեւմտյան մեր դաշնակիցների հետ առայժմ կարողանում ենք թույլ չտալ, որ ծնվի կոնկրետ փաստաթուղթ, որը վերաբերում է սահմանազատմանն ու միջանցքին»:
Վահե Գասպարյանն ասաց, որ Արեւմուտքը թույլ է տալիս, որ Վլադիմիր Պուտինն իր դեմքը կարողանա փրկել. «Սա սահուն նահանջ է նշանակում ՌԴ-ի, սա նշանակում է, որ Արեւմուտքը կամաց-կամաց Վրաստանն ու Հայաստանը հանում է Ռուսաստանի իշխանությունից: Չպետք է հանգստանալ: Սա փխրուն եւ շատ անկայուն վիճակ է, կշեռքի նժարները անընդհատ թեքվում են այս ու այն կողմ: Փաշինյանը մի կարեւոր բան ասեց՝ Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա Մինսկի խմբի հովանու ներքո: Ես նայում էի Պուտինի ու Ալիեւի դեմքերին եւ ցավակցական խոսքեր էի ուզում ասել նրանց, որովհետեւ նրանք լավ են հասկանում, որ Փաշինյանի այդ բառերի հետեւում կանգնած է Արեւմուտքը եւ հայ ժողովուրդը: Որքան էլ ՌԴ-ն, Ադրբեջանը եւ Թուրքիան պնդի, որ Արցախի հարցը փակված է, կարգավիճակի հարցը գոյություն չունի, Մինսկի խումբը պետք է զբաղվի միայն հումանիտար հարցերով, այդպես չէ: Արցախի հարցը կա, կարգավիճակի հարցը կա: Հետո Վլադիմիր Վլադիմիրովիչն ասեց՝ գիտեմ, որ շուտով հանդիպելու եք Բրյուսելում, ես ողջունում եմ նման հանդիպումները… Մեկը լիներ ասեր՝ ստի՞: Ասեց՝ ես խոսել եմ պարոն Շարլ Միշելի հետ, նա ձեզ սպասում է: Սա նշանակում է, որ ես ոչինչ չեմ կարող անել, պարոն Ալիեւ, Արեւմուտքը եւս ու ոչ պակաս դերակատարում ունի այս հարցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ