Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար բացվել է վերջին հնարավորությունը՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում ստանալ միջազգային կազմակերպության աջակցություն. Սոսի Թաթիկյան

Նոյեմբեր 27,2021 16:04

Միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվա հայտարարությունում առկա և դրանից բացակայող կետերի մասին կարելի է հատ առ հատ գրել, սակայն կենտրոնանամ մեկի վրա։

Ինչպես հայտնի է, արդեն մեկ տարի է, ինչ ջատագովում եմ դելիմիտացիայի ու դեմարկացիայի (ԴԴ) գործընթացը միջազգային կազմակերպության հովանու ներքո անցկացնելու թեզը, քանի որ այդ դեպքում կսահմանվեն բանակցությունների ու գործընթացի՝ ժամանակակից միջազգային իրավունքին և նորմերին համապատասխանող օրինաչափ կանոններ, ինչին ականատես եմ եղել հակամարտային այլ գոտիներում՝ դա լինի ՄԱԿ, ԵԱՀԿ, թե Եվրամիություն։ Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի՝ ԴԴ-ի վերաբերյալ ձեռնարկի առկայությունը և այն, որ թե մենք, թե Ադրբեջանը և թե ՌԴ-ն ԵԱՀԿ-ի անդամ են, մենք՝ մի քանի փորձագետներ և ՀԿ-ներ, մի քանի անգամ առաջարկել ենք ԵԱՀԿ-ի աջակցությամբ տանել այդ գործընթացը, սակայն կարելի է դիտարկել նաև ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի օգնությունը։

Դեռևս օրեր առաջ ռազմական էսկալացիա ունեցած երկու երկրի միջև դժվար է պատկերացնել առանց միջնորդի ու միջազգային կազմակերպության կողմից ընձեռնված և խաղի համապատասխան կանոններ ապահովող շրջանակի բանակցություններ այնպիսի բարդ հարցի շուրջ, ինչպիսին է սահմանազատումը, հատկապես այն պարագայում, երբ երկրներից մեկի զինված ուժերը գտնվում են մյուս երկրի ինքնիշխան տարածքում, որը նշանակում է, որ այն կարող է բանակցությունների ընթացքում շարունակել կիրառել ռազմական շանտաժ։

Երեկվա հայտարարության մեծագույն անակնկալն այն էր, որ ՌԴ-ն սահմանազատման ու սահմանազատման գործընթացում ունենալու է զուտ խորհրդակցական դեր։ Միաժամանակ, երկու օր առաջ Բայրամովը ԵԱՀԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանը պատաստ է ԴԴ-ին՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Այստեղ Հայաստանի համար բացվել է վերջին հնարավորությունը՝ ԴԴ-ի հարցում ստանալ միջազգային կազմակերպության աջակցություն, և ցանկալի է, որ այն չսահմանափակվի միակողմանիորեն հայկական կողմին տրամադրված թրեյնինգով և խորհրդատվությամբ, այլ գործընթացի միջազգային կանոնների ու նորմերի սահմանմամբ։ Ըստ որում, ցանկալի է, որ հայկական կողմը նախաձեռնողականություն ցուցաբերի, քանի որ հնարավոր է, որ Ադրբեջանը մեզնից առաջ անցնի այս հարցում, որի արդյունքում առավել կոնստրուկտիվ ու միջազգային նորմերի առավել մեծ ջատագով երևա։

Այսպիսով, առաջարկում եմ հետևյալը.

Փուլ 1. ՌԴ-ի հետ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդակցություններ, քարտեզների տրամադրում՝ ՝ հաշվի առնելով ՌԴ-ի արխիվներում քարտեզների առկայությունը, համաձայնություն ոչ հակասական հարցերի շուրջ՝ հույս ունեմ, որ այդպիսիք գոյություն ունեն;
Փուլ 2. Հակասական հարցերը քննարկել ԵԱՀԿ-ի շրջանակում՝ Մինսկի Խմբին կից ստեղծված ենթախմբում և կամ էլ հատուկ այդ նպատակով ստեղծված մարմնում։ Կարելի է նաև քննարկել ԵՄ-ի աջակցությունը՝ հաշվի առնելով Շարլ Միշելի կողմից նման առաջարկն ու Բրյուսելում առաջիկայում կայանալիք հանդիպումը;
Փուլ 3. Ամենահակասական հարցերը կարող են քննարկվել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930