Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Սարգսյան. «Նպատակս է՝ ամեն անգամ խաղալ ավելի լավ, քան երեկ»

Նոյեմբեր 27,2021 15:00

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Աննա Սարգսյանի համար մրցաշրջան 2021-ը հաջող է ընթանում: Օգտվելով առիթից, որ նա պայմանականորեն հանգիստ է եւ հանրապետությունում է, Aravot.am-ը զրուցել է նրա հետ:

-Այս տարի բավականին լուրջ արդյունքներ արձանագրեցիր, սակայն Եվրոպայի թիմային առաջնությունում քո խաղը մի տեսակ չստացվեց:

-Ճիշտ եք նկատել: Կարծում եմ, դա հոգնածության հետեւանք էր: Հոկտեմբերի 15-ից սկսած միմյանց հաջորդող մրցաշարերի եմ մասնակցել: Սկզբից՝ Երեւան Օփենին: Այնուհետեւ մեկնեցի Լատվիա՝ 11 տուրից բաղկացած կանանց շատ ծանր մրցաշարի, որտեղ հավաքված էին աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն կին շախմատիստները: Ի դեպ, այնտեղ ֆիզիկապես տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ կային՝ կապված կորոնավիրուսի հետ: Պատկերացրեք, ժամը 20:00-ից հետո արգելված էր հյուրանոցից դուրս գալ, ինչը խիստ սահմանափակում էր ֆիզիկական ակտիվությունդ: 14 օր, ասես, կիսակալանավորվածի կարգավիճակում լինեիր: Այս ամենն, անշուշտ, բացասաբար ազդեց Եվրոպայի թիմային առաջնությունում իմ մրցելույթի վրա:

-Այս տարի մրցաշրջանը քո համար փակե՞լ ես, թե՞ դեռ էլի ես պատրաստվում հանդես գալ մրցաշարերում:

-Պլանավորում եմ դեկտեմբերի 8-ից մասնակցել Լեհաստանում անցկացվելիք մրցամարտի, որում այդ երկրի հինգ ուժեղագույն կին շախմատիստները խաղալու են աշխարհի տարբեր երկրներից ընտրված հինգ շախմատիստուհիների հետ, որոնց մեջ ես էլ ընդգրկվել: Ի դեպ, ընտրությունը կատարել են իրենք եւ ինձ այդ մասին տեղեկացրել վերջին մրցաշարի ժամանակ:

-Ունե՞ս նպատակ, որին անպայման ուզում ես հասնել:

-Թերևս, միշտ ավելի լավ խաղալ, քան երեկ:

-Դու կանանց գրոսմայստեր ես եւ տղամարդկանց միջազգային վարպետ: Մտածո՞ւմ ես նաեւ տղամարդկանց գրոսմայստերի կոչման արժանանալու մասին:

-Իհարկե: Եվ փորձելու եմ արդեն 2022 թվականին եթե դրա համար պահանջվող երեք նորմաները չհասցնեմ լրացնել, գոնե երկուսը լրացնեմ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930