Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր չէ ունենալ զարգացած պետություն՝ չունենալով զարգացած հասարակություն. «Փաստ»

Նոյեմբեր 27,2021 10:45

Վերլուծելով քաղաքական իրավիճակը, սխալները, փորձելով դրանք ուղղելու ելքեր գտնել՝ շատերը հանգում են մեկ պարզ մտքի՝ կարիք ունենք հասարակության հետ աշխատելու, մարդկանց սովորեցնելու, արժեքային համակարգ փոխելու: Հավելում՝ գուցե թերացել ենք կրթության ոլորտում, գուցե տարիներ ի վեր չենք սովորել մշակութային կարևոր արժեքներն առաջին պլան բերել: Իրականում այսպես է, քանի որ շատերը, անգամ բացահայտ փաստերի առկայության դեպքում, չեն ցանկանում առերեսվել իրականությանը, որն, այո, ցավոտ է, բայց այն չընդունելու դեպքում եղածն էլ կորցնելու հավանականություն կա: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է՝ ամենակարևոր խնդիրը վերաբերում է հասարակությանը:

«Սխալ ուղղությամբ ենք ներկայացնում մեր պահանջները, մեր հույսերը կապում ենք քաղաքական գործիչների ու կուսակցությունների հետ՝ մոռանալով, որ երկրի քաղաքակրթական մակարդակը որոշվում է հասարակությունով: Հնարավոր չէ ունենալ զարգացած պետություն՝ չունենալով զարգացած հասարակություն: Ինչպես ենք հասնում դրան, դա ևս շատ կարևոր է: Սա կրթական ու մշակութային հարց է: Այս խնդիրը չի լուծվում Քրեական օրենսգրքով: Այն պահանջում է շատ երկար, լուրջ աշխատանք, ոչ այնքան աղմկոտ, պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք ինչ-որ արդյունքի հասնել, դրան կհասնենք տարիներ հետո: Միայն զարգացած հասարակությունը կարող է թելադրել, թե ինչ երկիր է ուզում տեսնել, ինչ երկրում է ուզում ապրել:

Թվում է, թե հեշտ է ղեկավարել, այսպես ասենք, խավարամիտ հասարակությանը, ինչ-որ կարգախոսներով տանել առաջ և հետ, ինչ-որ մարդու վրա բարդել ամեն ինչ և համարել, որ մարդուց հրաժարվելով՝ ամբողջովին փոխում ենք մեր կյանքը: Մեր փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ: Դեռ երեք տարի առաջ մի քանի անգամ, երբ ակտիվորեն շրջանառվում էր «մերժիր Սերժին» կարգախոսը, բոլոր հարցազրույցներում ասում էի, որ դա սխալ կարգախոս է, քանի որ խնդիրը չի կարող մեկ մարդը լինել: Խնդիրը համակարգային է, պետք է մերժել համակարգը, բայց դրա համար պետք է հասկանալ՝ ինչն ես կոնկրետ մերժում: Այստեղ ախտորոշում է պետք, ինչ-որ բանից հրաժարվելուց առաջ, բուժում նշանակելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչով ենք հիվանդ: Բայց այդ հիվանդությունը մենք մեզանից հեռացնում ենք, համարում ենք, որ մեր կողքինը, ընդդիմախոսը հիվանդ է, իսկ մենք առողջ ենք, կրթվելու, զարգանալու կարիք չունենք: Կարծում եմ, որ այդ համատարած անգրագիտությունը, եթե կարելի է ասել՝ տգիտությունը, մեր ամենամեծ ցավն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930