Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոչին» չեզոքացրել է «Բրյուսելը»

Նոյեմբեր 27,2021 10:00

Վերջնական դատողություններ անել երեկ կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին՝ դեռեւս վաղ է: Ինչպես միշտ՝ արդյունքները պարզվում են հետագա զարգացումների ժամանակ, չնայած՝ այս դեպքում լավատեսության հիմքեր ակնհայտորեն չկան:

Ընդունված եռակողմ հայտարարությունն, ըստ էության, բաղկացած է երկու կետից:

1/ Կողմերը գործընթացը կտանեն սահմանազատման եւ հետագայում՝ սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի «խորհրդակցական օգնությամբ»: Բայց պարզ չէ, թե ինչո՞ւ դա պետք է արվի այն պայմաններում, երբ, ինչպես ինքը՝ Հայաստանի վարչապետն է ասում, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Տրամաբանական չէ՞, որ ադրբեջանական զորքը պետք է հետ քաշվի այդ տարածքից, նոր սկսվի այդ գործընթացը:

2/ Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովը լավ է աշխատել, ցանկալի է սկսել կոնկրետ նախագծերի իրականացումը: Պարզ չէ, թե ինչ նախագծերի մասին է խոսքը, եւ միշտ կասկած է մնում, որ դրանք թուրք-ադրբեջանական նախագծեր են:

Հիմա այն մասին, թե ինչը չկա այդ հայտարարության մեջ: Չկա այն, ինչի մասին խոսում էր Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ՝ համենայնդեպս տեսախցիկների առաջ. 1/ ոչինչ չի ասված ռազմագերիների մասին, 2/ ոչինչ ասված չէ այն մասին, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քանի որ հայտարարությունը ստորագրել է երեք հոգի, պետք է ենթադրել, որ բացի Փաշինյանից, մնացած երկուսը, մեղմ ասած, շահագրգռված չէին, որ նման կետեր լինեն:

Պուտինն իր ամփոփիչ խոսքում խոսել է «հումանիտար խնդիրների» մասին եւ առաջընթաց է արձանագրել, ինչպես նաեւ ճշգրտել է, որ սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքները կհամաձայնեցվեն մինչեւ տարվա վերջ, իսկ ապաշրջափակման գծով փոխվարչապետները մի շաբաթից կհանդիպեն Մոսկվայում եւ հայտարարություն կանեն:

Ինչի՞ համար է պետք այդ հանդիպումը Պուտինին: Ինձ թվում է՝ նրա հիմնական նպատակն էր եւս մեկ անգամ ընդգծել, թե ով է այս տարածաշրջանի տերը: Սոչիում եռակողմ հանդիպման փաստը պայմանավորված է նրանով, որ ավելի վաղ կողմերը հայտարարել էին, թե կհանդիպեն Բրյուսելում: Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ «իրենից դուրս» լինի որեւէ նախաձեռնություն, որն ուղղված է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ որքան էլ Պուտինը պնդի, թե «ողջունում է» բրյուսելյան հանդիպումը: Հայտնի է, որ հատկապես ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրերին Կրեմլի վերաբերմունքը խիստ բացասական է: Այսպիսով, այժմ կարելի է ասել, որ «Սոչին» չեզոքացրել է, անիմաստ է դարձրել «Բրյուսելը»:

Հայաստանն այս հանդիպումից որեւէ բան չի շահել: Ավելին, Ալիեւը ակնարկել է, որ Արցախում իրեն խելոք կպահի, քանի որ այնտեղ ռուս խաղաղապահներ են, իսկ հայ-ադրբեջանական սահմանին կանի ինչ ուզում է, որովհետեւ այնտեղ ռուս խաղաղապահներ չկան: Հայաստանը տարբերակ չունի որեւէ բան շահելու, քանի որ բանակցությունները վարում է պատերազմում պարտված վարչապետը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ մենք խոսում ենք ռազմավարական նպատակների, ծրագրերի կամ գործընկերների մասին, պետք է ռազմավարական բառը փոխարինենք գոյաբանական բառով, որ հասկանանք այդ բառի իրական գինը, որը պատրաստ ենք վճարելու: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ սովետի կազմում մենք ու մեզ նման մի բուռ ժողովուրդներ ամեն մեկից հինգ վեց հարյուր հազար զինվորագրեցին, որոնցից համարյա կեսը նահատակվեց ռազմի դաշտում՝ սա է ռազմավարական գոյաբանական բառի գինը, երբ մենք որեւէ հզոր երկիր անվանում ենք ռազմավարական գործընկեր, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտարարում մեր ռազմավարական գործընկերին, որ պատրաստ ենք առնվազն վեց հարյուր հազար մեր ազգից մարդ զինվորագրել եւ ոչ թե պարզապես ասել, այլ վարժանքների ժամանակ ցույց տալ պոտենցիալ ռազմավարական գործընկերոջդ, որ դու դրան պատրաստ ես նաեւ գործով, նույնն էլ պահանջես նրանից: Մենք այսօր ունենք մեծագույն շանս, որը չունեինք հարյուր տարի առաջ, դա ազգային պետություն ունենալն է, հարյուր տարի առաջ մենք սեփական բանակ ունենալու իրավունք չունեինք, դրա համար էլ մենք էլ, մեր նմաններն էլ կոտորած ապրեցինք, իսկ հիմա մենք կոտորած ապրած ազգերով ունենք սեփական պետություններ ու ազգային բանակներ, մենք ենք՝ կոտորած ապրած ազգերս իրար նկատմամբ ռազմավարական գործընկերներ եւ ոչ թե հզոր կերած խմած պետությունները: Եթե փորձենք հերթական անգամ անձնական նպատակները հակադրենք ազգային նպատակներին կամ ազգային նպատակները հակադրենք անձնական, ընտանեկան, համայնքային, պետական նպատակներին, մենք էլի կունենանք այն, ինչ ունեցանք հարյուր տարի առաջ եւ հետո: Նպատակների հակադրություն՝ սա է մեր տուն քանդողը եւ նպատակների համադրություն՝ սա է մեր տունը պահողն ու շենացնողը:

  2. Հ.Շ. says:

    անկեղծ կ’ըսեմ, որպէս երաժշտագէտ եւ մտաւորական, շատ բան էք զոհում՝ ձեզանից, վերլուծել ջանալու համար քաղաքական եւ օրինական նիւթեր. ու դրա յանցաւորը քաղաքական գործիչները եւ իրաւաբաններն են, քանզի նրանք բաւարար ու ճիշդ չեն կատարում իրենց գործը, այս վիճակին մէջ.

    . « Տրամաբանական չէ՞, որ ադրբեջանական զորքը պետք է հետ քաշվի այդ տարածքից, նոր սկսվի այդ [սահմանագծման] գործընթացը : »

    Քաշուին… ո՞ւր: Եբր որ սահմանագիծ չկայ:

    Այժմ իրենք ասում են՝ թէ իրենք իրենց հողին վրայ ենք: Իսկ մերոնք ալ, գոնէ կարգ մը հողերու պարագային, ասում են՝ հա: Ինչ որ անշուշտ աւելի ուժ եւ կշիռք կու տան նրանց ասածին: Այսինքն, եթէ առանց սահմանգծման, ոչ միայն տէ ֆաքտո, այլ ուղղակի պետական յայտարարութիւններով՝ ընդունում ենք արդէն որ այս կամ այն հողաշերտը՝ մերը չէ, դեհ լաւ, ուրեմն իրենց մնացեալ ըսածն ալ կարող է որ ճիշդ լինի… ո՞վ գիտէ…

    . Ապաշրջափակման խնդիրը շա՜տ երկար ժամանակ պիտի առնէ. թուրքերը պիտի ջանան զայն նոյնացնել Արցախի կարգավիճակի հաստատումին. քանի որ բնաւ իրենց հոգը չէ, այդ ապաշրջափակումը. մերոնք է որ երազում են թէ դա շատ լաւ բան է լինելու, մեր տնտեսութեան համար.

    . գերիներուն հարցը, անընդունելի է. 09 Նոյեմբեր 2020ի համաձայնագրին մէջ, յատուկ պարբերութեամբ, յստակօրէն նշուած է, այդ. եւ Ռուսատանը հովանաւորած եւ ստորագրած է այդ փաստաթուղթը. մինչեւ որ այդ կէտը լրիւ չկիրառուի, օրինապէս, Հայաստանը ստիպուած չէ որեւէ բան անհելու. բայց այդ պարագային, թուրքերը պիտի շարունակեն ներխուժել… եւ կարծես թէ նրանք շատ էլ մտահոգ չեն, օրինական բաներով… թերեւս պէտք է որ իրենց հարց տանք, այս մասին եւս, որպէսզի հասկանանք թէ ինչ են ուզում…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կներեք, որ իմ կարճ խելքով եւ թերի կրթությամբ համարձակվում եմ ինչ-որ բան վերլուծել: Բայց եթե դա այդպես է, ապա ճիշտ չէ՞ր լինի, որ ամեն օր մեկնաբանեք ավելի խելացի եւ կրթված մարդկանց գրածները: Ի՞նչ գործ ունեք իմ նման անգրագետի հետ:

      • Հ.Շ. says:

        վերեւի այս մէկ գրածս, որուն այսպէս կը հակադարձէք,
        իսկապէս որ լրիւ սխալ կերպով ըմբռնած էք.
        բայց ոչինչ, հայերու միջեւ սովորական «խուլերի երկխօսութիւն»ն է.

        նաեւ, վերջապէս, այս պարագային, բառացիօրէն՝ ճիշդ նոյն լեզուն իսկ չենք խօսում
        (չնայած, ախպարների աշխարհին մէջ ալ յաճախ դժուարութիւն ունիմ լաւ հասկցուելու,
        բայց դա արդէն ուրիշ հարց է)  

        կը կարծեմ սակայն որ ձեր այս անսովոր ջղայնութիւնը
        չի վերաբերիր մասնաւորապէս այս մէկ գրածիս միայն.
        դա էլ, ոչինչ.

        բայց ձեր ըսածին կրնամ հետեւեալ կերպով պատասխանել,
        որ ձեւով մը, գովասանք է – ՝
        տուեալ դաշտին վրայ, ձեզանից աւելի խելացի եւ զարգացածը, չեմ գտնում  

        բայց լաւ… ասկէ յետոյ, նուազ կ’արձագանգեմ այս էջին վրայ.
        չեմ ուզեր դեռ յաւելեալ ու աւելորդ նեղութիւններ պատճառել ձեզի.

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Չհամաձայնել, վիճել՝ այո, շատ լավ է, ողջունելի է: Բայց ասել՝ «քանի որ դու երաժշտագետ ես, դու բան չես հասկանում», կարծում եմ, անընդունելի է: Դա ad hominem փաստարկ է:

          • Հ.Շ. says:

            Յ.Գ. իսկ, լրիւ մէկդի դնելով մեր այս փոխանակումը եւ մեր երկուքին անձերը, այդ ՝ «ad hominem»ն ալ, այդքան ալ պարզ յղացք մը չէ

            կան շատ պարագաներ, ուր շատ էլ արդարացի եւ իրաւացի է անձի մը ըսածը քննարկել եւ քննադատել այդ անձին վերաբերող անձնական տուեալներու կամ իւրայատկութիւններու լոյսին տակ. դրա ամենացայտուն պարագան՝ հաւատալիութեան (արժանահաւատութեան), credibility-ի հարցն է. եւ դեռ կան շատ այլ պարագաներ.

            մարդ, իր կեանքը ըստ այնմ պիտի ապրի. այո, շատ դժուար է հանրային գործ կամ գործունէութիւն ունեցողների համար, բայց դա էլ իրենց ընտրած ուղին է.

          • Հ.Շ. says:

            կամ եթէ մէկը ինքզինք յայտնում է որպէս փորձագէտ, եւ այդ ինքնակոչ հեղինակութեամբ՝ հաստատումներ է կատարում, մատնանշելը որ՝ նա չունի իր ասածին վերաբերող մասնագիտութիւնը, «ad hominem փաստա՞րկ» է…

            եթէ այդպէս չանես, ու նրա հետ միայն ըստ էութեան վիճաբանիս, արդէն credence տուած կ’ըլլաս իր անվաւեր ասածներին, ի զօրու կը դարձնես զանոնք

      • Հ.Շ. says:

        լաւ, թոյլ տուէք որ բացատրեմ թէ ինչ ըսել ուզեցի.
        բացատրութեանս լոյսին տակ եթէ նորէն կարդաք նախնական գրածս, անպայման որ այ անգամ պիտի հասկանաք, եւ… լաւ պիտի չզգաք որ այդպէս հակազդեցիք.
         
        մեզմէ շատեր, խորապէս կը նախընտրեն իրենց կեանքերը տրամադրել այլ բաներու, քան՝ այն ինչ որ այժմ մեր առօրեայ մտասեւեռումը, մտային եւ հոգեկան մաշումը դարձած է.
         
        դուք բազմիցս յայտնած էք եւ ապացուցած էք թէ երաժշտագէտ էք, եւ մտաւորական լայն հետաքրքրութիւններ ունեցող անձ էք. ուրեմն, ես ենթադրեցի որ դուք պիտի նախընտրէիք խօսիլ ու գրել երաժշտութեան մասին, եւ այլ մտաւորական նիւթերու մասին որոնք կապ չունին  քաղաքականութեան հետ, Օրէնքի հետ, պատերազմի հետ.
         
        ես ինքնս ալ, նոյն խնդիրը ունիմ. շատ պիտի նախընտրէի գրել միայն գրականութեան մասին, գրականութիւն գրել, եւ իրաւաբանական ասպարէզս ալ տրամադրել միայն այդ ոլորտում իմ սովորական գործերուս. քանի որ առաջինին պարագային դա է իմ սիրածը, եւ երկրորդն ալ՝ իմ աշխատանքային մասնագիտութիւնս է. սակայն ես ալ, ստիպուած, հարկադրաբար, քաղաքական նիւթերով եմ զբաղւում, ի հեճուկս եւ ի վնաս իմ նախըտրած – եւ աւելի լաւ գիտցած – նիւթերուս.
         
        բայց, դեռ միայն այս ալ չէր, ըսածս.
         
        այլ՝ թէ դուք ալ, ես ալ, մեզի պէս շատ ուրիշներ ալ, «զոհաբերում» ենք մեր այդ անձնական նախընտրութիւննեըր եւ հիմնական գիտելիքները, քանի որ Հայաստանը եւ Հայութիւնը, միշտ ու տեւաբար, սուր ճգնաժամներու մէջ են.
         
        մինչ, կեանքը անցնում, գնում է…
         
        մեր մօտ, մեր շուրջ, տեսնում ենք մեզմէ տասը տարի աւելի մեծերը… շուտով կը հասնինք այդտեղ… եւ յետոյ արդէն, բաւարար ժամանակ չի մնար զբաղուելու այն նիւթերով որ կը սիրենք, կամ որ մեր մասնագիտութիւնն են. եթէ դեռ մնանք ողջ եւ առողջ
         
        այսինքն, ձեր մասին այդպէս ըսի, բայց նաեւ խօսում էի իմ մասին, եւ շատ ուրիշների մասին
         
        այս էր, պարզապէս.
         
        սակայն մեր այս «բախում»էն անդին, իսկապէս մտահոգ եմ որ այդպէս ջղայնացաք, որովհետեւ այդպէս չէ ձեր բնաւորութիւնը. մտահոգ եմ ուրեմն ոչ թէ ձեզմով, այլ՝ կացութեամբ. եթէ դուք ալ այսպէս ջղային դարձաք, ուրեմն կացութիւնը շատ աւելի վատ է, քան ինչ որ – այս հանգրուանին – ես կը կարծէի. մինչդեռ, արդէն շատ յոռետես եմ.
         
        բարի կիրակի.

  3. Հ.Շ. says:

    . այս հանգրուանին, մինչեւ որ մենք մեր ներքին խնդիրները չլուծենք, կացութիւնը կարելի է այսպէս պարզաբանել ՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1025882374924317&id=368796210632940

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930