Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն անձամբ իր անձի վրա ուղղված հանրային ճնշումը փորձում է ուղղորդել այլ թեմաների վրա․ «Փաստ»

Նոյեմբեր 27,2021 09:55

Պետական միջոցների արդյունավետ օգտագործման հարցը Հայաստանի նման ցածր եկամուտներ ունեցող երկրի համար միշտ էլ հրատապ նշանակություն է ունեցել։ Թերևս դրա պատճառով է, որ պետբյուջեից հատկացվող գումարները հիմնականում հանրային քննարկումների կենտրոնում են։ Նախօրեին աղմուկ է բարձրացել այն հարցի կապակցությամբ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար կառավարության որոշմամբ գնվելու է 90 մլն դրամ կամ 200 հազար դոլար արժողությամբ նոր մեքենա։

Մի կողմից՝ հասկանալի է, որ այստեղ խնդիրն Ալեն Սիմոնյանը չէ, քանի որ այդ մեքենան գնվում է ԱԺ նախագահի համար: Խնդրի առավել էական կողմն այն է, թե ինչքանով է հրատապ այդ մեքենայի գնումը հատկապես Արցախյան պատերազմի կործանարար հետևանքների ու օրեցօր անդունդը գլորվող տնտեսության ֆոնին։ Ու ամենակարևորը՝ ինչո՞ւ հենց հիմա: Բնականաբար, այսքան ժամանակ ԱԺ նախագահն առանց մեքենայի չի մնացել, ուստի կարող էր շարունակել օգտվել առկա տրանսպորտային միջոցից։ Պատերազմից հետո բազմաթիվ մարդիկ կորցրել են հարազատներին, իրենց տունը, գույքը և պետության օգնության կարիքն ունեն, երկրում օրեցօր թանկացումներ են, մարդկանց եկամուտները չեն աճում, նույնիսկ նվազում են, ուստի և տրամաբանական է, որ այս քայլը սուր քննադատության արժանացավ։

Զավեշտն այն է, որ ժամանակին հենց ինքը՝ Փաշինյանն էր ծառայողական մեքենաների հարցով հանդես գալիս կոշտ քննադատությամբ։ 2015 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս երևույթն անվանում էր «պադավատապետություն» և ընդգծում, թե Հայաստանում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի, այն էլ՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։ Սակայն Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ծառայողական մեքենաների թիվն այդպես էլ չկրճատվեց, իսկ շատ դեպքերում նույնիսկ ավելացավ։

Հիմա կարելի է պատկերացնել, թե կուտակված բազմաթիվ խնդիրների ֆոնին 90 մլն դրամ գումարով մեքենայի գնման թեմային ինչպես կարձագանքեր ընդդիմադիր Փաշինյանը, ԱԺ ամբիոնից ինչպիսի մի բոցաշունչ ելույթ կունենար՝ անարգանքի սյունին գամելով ծախսի հեղինակներին։ Այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե հենց այս պահին նման թանկարժեք մեքենայի ձեռքբերման հարցը ինչո՞ւ է առաջ եկել: Արդյո՞ք սա միտումնավոր չէ շրջանառության մեջ դրվում։ Տարբերակներից մեկն այն է, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, «փուռն է տալիս» իր թիմակիցներին, մյուս կողմից՝ նրանց քննադատությունների թիրախ դարձնելով՝ ավելի ամուր է պահում իր ձեռքերում:

Վերջապես նկատի ունենանք, որ նման աղմկահարույց յուրաքանչյուր նոր թեմա հանրության ուշադրությունը շեղում է գլխավոր հարցից, այն է՝ պետության խաթարված անվտանգությունից ու տարածքային, մարդկային կորուստներից։ Առավել ևս, որ մեր հասարակության մի զգալի շերտ ավելի բուռն է արձագանքում նման մի տեղեկության, քան 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին: Ուստի, շռայլ գնումների և հատուկ դաշտ գցված այլ թեմաների միջոցով Փաշինյանն անձամբ իր անձի վրա ուղղված հանրային ճնշումը փորձում է ուղղորդել այլ թեմաների վրա, այդ թվում՝ իր թիմի ներկայացուցիչների հաշվին։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930