Ինչո՞ւ են արտագաղթել մեր հայրենակիցները
Վիճակագրական կոմիտեն միգրացիոն գործընթացների վերաբերյալ օրերս մի քանի ուշագրավ տվյալներ է հրապարակել: Այսպես՝ 2014-2019 թթ. ընթացքում, Հայաստանում, ընդհանուր հաշվով, միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված են եղել տնային տնտեսությունների 299.1 հազար անդամներ։ Նշված ժամանակահատվածում, նրանցից շուրջ 148.4 հազարը (49.6%) մեկնել են իրենց բնակավայրերից եւ չեն վերադարձել:
Նշենք, որ ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2019 թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքներով ձեւավորված միկրոտվյալների բազան: Այս հետազոտությունն իրականացվում է ամեն տարի, որը հրապարակվում է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում: Այն արտացոլում է աղքատության մակարդակի, սոցիալական իրավիճակի, այդ թվում հետազոտվող ժամանակաշրջանում միգրացիայի վերաբերյալ տեղեկատվություն:
Տնային տնտեսությունների 88.8 հազար անդամներ վերադարձել են մեկնումներից, իսկ 61.9 հազար մարդ եղել են տվյալ բնակավայր նոր ժամանածներ։
Կարդացեք նաև
Տեղեկանում ենք, որ տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 61.3 հազար մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։ Ի դեպ, մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքային վայրեր։ Ինչ վերաբերում է վերադարձածներին, ապա, նրանց մեծամասնությունը, որոնք հիմնականում ՌԴ-ից են, նույնպես տղամարդիկ են: Կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկնումների ծավալներն ավելանում են հիմնականում տարեսկզբին՝ հունվար-ապրիլ ամիսներին, իսկ վերադարձած միգրանտներինը՝ տարեվերջին, հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։
Նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք, ովքեր հիմնականում ժամանել են Գեղարքունիքի, Լոռու եւ Արմավիրի մարզերի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրեր։ Նրանք էլ հիմնականում վերադարձել են հուլիս, սեպտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին։
Մեկնած միգրանտների ավելի քան երկու երրորդը, վերադարձած միգրանտների հինգից մեկը, որպես իրենց արտագաղթելու հիմնական պատճառ, նշել են աշխատանքը: Ընդհանուր առմամբ, մեկնածների ավելի քան 69.2%-ը, վերադարձածների՝ 70.3%-ն աշխատել է շինարարության ոլորտում։ Ընդ որում, նոր ժամանածների կողմից որպես իրենց միգրացիայի պատճառներ նշվել են՝ ընտանիք կազմելը եւ ընտանիքի հետ վերամիավորվելը, աշխատանքը։ Միգրանտները նշել են, որ զբաղված են եղել նաեւ տնտեսական գործունեության այլ ոլորտներում, այդ թվում՝ մշակող արդյունաբերության, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, վարչարարական եւ օժանդակ գործունեության։
Ուշագրավ է նաեւ, որ 2019 թ.-ին Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության (2.9 միլիոն) կազմում՝ գերակշիռ մեծամասնության ծննդավայրը եղել է Հայաստանը, իսկ 135.6 հազարինը եղել է արտերկիրը՝ հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունը: Միգրանտների մեծամանությունը կազմել են աշխատանքային ակտիվ կամ դրանից բարձր տարիքի կանայք:
Փաստաթղթից տեղեկանում ենք, որ թե՛ ՀՀ-ում ծնված եւ, թե՛ միգրանտ բնակչության շրջանում, արձանագրվել է առողջապահության ծառայությունների նվազագույն հասանելիություն։ Փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ մշտական բնակչության թվաքանակից, 6.9 հազար մարդ հարցմանը նախորդող 30 օրերի ընթացքում ուղարկել են եւ 127 հազար մարդ ստացել են տրանսֆերտներ։ Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծագման երկիրը հիմնականում եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Վերջին միգրանտներից, ընդհանուր հաշվով շուրջ 125.1 հազար մարդ՝ արտերկրից տրանսֆերտներ է փոխանցել, որոնց գերակշիռ մեծամասնությունն ուղարկվել է ընտանիքի անմիջական անդամին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2021