Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավճռի եզրափակիչ մասը հրապարակելը հանցագործություն է». փաստաբան

Նոյեմբեր 27,2021 13:30

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանը (լուսանկարում) ՖԲ սոցիալական ցանցում գրառում էր կատարել, թե իր պաշտպանյալի՝ Իսահակ Միրզոյանի գործը 9 տարի դատարանում է եւ նա 8 տարի 2 ամիս գտնվելով մեկուսարանում՝ մի օր անգամ քրեակատարողական հիմնարկ չի գնացել: Այստեղից էլ սկսվեց մեր զրույցը:

-Դատական համակարգում կա մի խնդիր, որի մասին Դուք եք բարձրաձայնում: Խոսքը դատավճռի, դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման մասին է: Ծանրաբեռնված են քննիչները, դատավորները: Եվ ի՞նչ, այս ծանրաբեռնվածության պայմաններում դատավորը չհրապարակի՞ դատական ակտի եզրափակիչ մասը:

-Ծանրաբեռնված լինել՝ չի նշանակում, թե հանցագործություն են կատարելու: Բոլորս ենք հասկանում. ծանրաբեռնված են: Կալանքի որոշումները դեռ ոչինչ, իսկ դատական ակտերի, դատավճիռների ժամանակ, դատավորը գալիս է, դատարանում հրապարակում է մի դատավճիռ, որը բնության մեջ գոյություն չունի, ինքը չի գրել, ինչպես եղել է Իսահակ Միրզոյանի գործով. հրապարակեց եզրափակիչ մասը, թողեց գնաց: Քանի որ դատավորը «ծանրաբեռնված է», մի երկու-երեք ամիս անց նստում- գրում է հետին թվով որոշում, հետո փոստով ուղարկում է կողմերին: Կողմերը ստանում են հրապարակման պահից, եւս մեկ ամիս է անցնում, բողոք են տանում եւ վերաքննիչ դատարանը, ինչպես նշածս գործով, սեպտեմբերի յոթին մեր եւ դատախազի բողոքները թողել է անփոփող: Այսօր նոյեմբերի 24-ն է, նոյեմբերի 8- ին է որոշումը դատախազը ստացել: Դեկտեմբերի ութին կլրանա դատախազի բողոք բերելու ժամկետը, կդիմի Վճռաբեկ դատարան, Վճռաբեկն էլ սահմանված ժամկետ չունի, եւ կստացվի իմ պաշտպանյալը 9 տարի անցկացրեց մեկուսարանում, մի օր գաղութ չգնալով: Սա լուրջ խնդիր է, դատավորը գալիս է այլ անձին դատապարտում փաստաթղթերի կեղծիքի համար, ինքն ամեն օր նման կեղծիք է անում: Բոլորն այն պահից, երբ ասում են հրապարակում ենք եզրափակիչ մասը, կատարում են հանցագործություն: Ինչ վեթինգի մասին ենք խոսում, երբ դատավորը բանավոր ակտեր է հրապարակում: Երբ ես դատավորին ասում եմ, նա պատասխանում է. «700 հազար աշխատավարձ եմ ստանում, ունեմ 100 գործ իմ վարույթում», ասում եմ, է, մի լսի, կամ երբ մակագրում են, ասա՝ ըստ հերթականության:

– Բայց մենք հաճախ լսում ենք, թե դատավորների աշխատավարձն է բարձրանում:

– Ասում են՝ դատավորների թիվը շատ կլինի: Ես չեմ ուզում ունենալ շատ գործեր քննող դատավոր, որն անվերջ ծանրաբեռնված է: Ինքը գոյություն չունեցող փաստաթուղթը հրապարակում է Հայաստանի Հանրապետության անունից: Որպես հարկատու իմ համար մեկ է, դատավորը ծանրաբեռնված է, թե չէ, կարդում է, արձակուրդ վերցնում, գնում դատավաճիռը գրելու: Որպես իրավաբան, չեմ ուզում հանդուրժել, որ դատավորը չգրած բանը կարդա: Եթե չի գրել ու հրապարակում է, նշանակում է՝ դակում է որոշումներ, որոնք չի պատճառաբանել, որոշել է՝ այդպես պետք է լինի: Իմ պաշտպանյալն էլ ասում է, ես համաձայն եմ, որ ինը տարի դատապարտվեմ, բայց ո՞վ է ասում, թե ես պետք է մեկուսարանում լինեմ, ծանրաբեռնված են՝ ուշ քննեք: Ավելի լավ է, քան մարդը չկարողանա բողոքարկել այդ որոշումը: Սա դատավարական խախտում էլ չէ, այլ՝ քրեական հանցագործության տարրեր է պարունակում, թող պետությունը մտածի, թե քանի դատավոր բերի: Աշխատավարձը քչացրեք, ավելացրեք դատավորների թիվը: Թող ամեն մեկը կայացնի տասը որոշում, եւ ըստ այդ որոշումների քանակի էլ լինի աշխատավարձը: Ով ասաց, թե դատական համակարգը պետք է լինի ամենաբարձրը, բա մենք դատավորից պահանջելու խնդիր ունենք: Ես ուզում եմ հրապարակած դատական ակտը տեղում հրապարակելուց հետո տան ինձ, որ ես իմ իրավունքն իրացնեմ: Եթե դատավորները ծանրաբեռնված են, թող ԲԴԽ-ն մտածի, կառավարությունը, քիչ աշխատավարձ տան, բայց շատ դատավոր լինի: Ով ասաց՝ դատավորը հարուստ պիտի լինի: ԲԴԽ-ն թող որոշում ընդունի դատական ակտի նկարագրական մասը շատ չլինի, կրճատի պատճառաբանական մասը, ավելորդաբանություններից հրաժարվի:

Մեր գործով Վերաքննիչ դատարանի ակտը կայացվել է այս տարվա սեպտեմբերի 7-ին: Նոյեմբերի 8-ին է դատախազը ստացել, չեմ կարող չհարցնել՝ ինչո՞ւ ես ուշ ուղարկել դատական ակտը դատախազին, հինգ օրվա փոխարեն, ես էլ գնացել եմ դատարան, ստացել եմ առձեռն: Այս տարվա ապրիլի 12-ին եղել է առաջին ատյանի դատավճիռը, միայն հունիսի 24-ին ենք ստացել դատավճիռը: 70 էջ, ահա, թե ինչու է դատավորը ծանրաբեռնված…Որ չես գրել, չես պատճառաբանել, ինչու եկար, հրապարակեցիր, հետո իմ ժամկետներից խլեցիր: Իմ պաշտպանյալը 40 կգ է դարձել: 8 տարի 2 ամիս գտնվում է մեկուսարանում: Ընդունենք, որ այս մարդիկ աշխարհի ամենածանր հանցագործներն են, մարդիկ հարցնում են՝ «Մենք գաղութ չտեսնե՞նք, մենակ բերդից ազատվե՞նք»: Ոչ մի պատասխանատվություն չկա: Գաղութ էլ չեն թողնում, որ հասանելի պատիժը նորմալ կրի, բա խոշտանգումն էլ ոնց է լինում: ՔԿՀ-ներում գիտեք, ինչ վիճակ է, սահմանափակումներ են, էլ կարանտին, էլ պատերազմ, էլ քովիդ, տեսակցությունները վերացել են, պետպատվերը վերացել է, ոչ կարողանում են նորմալ սնվել, ոչ ստանալ պատշաճ սոցիալական, առողջապահական օգնություն: Պետությունը վատ մենեջեր է, աշխատանքի բաշխումը ճիշտ չի կատարում, ինքը մտածում է դատավոր հարստացնելու, նրա աշխատավարձը բարձրացնելու մասին, բայց ում հաշվին՝ հարկատուի հաշվի՞ն, եւ չի մտածում նրանց թիվն ավելացնելու մասին:

-Այս գործերով դժգոհ են նաեւ տուժողները, ովքեր տարիներով չբավարարված են մնում նման ձգձգումներից:

– Բոլորն էլ տուժում են, դատաքննության ժամկետը օրենքով սահմանափակված չէ: ՄԻԵԴ-ը նախադեպային որոշումներով անդրադարձել է ողջամիտ ժամկետին: Ութ տարին չի կարող ողջամիտ ժամկետ լինել դատաքննության համար: Մարդիկ տարիներով մնում են խափանման միջոցի տակ՝ ստորագրություն չհեռանալու մասին, գրավի, գրավն արժեզրկվում է, գործն ակտուալությունը կորցնում է, չի էլ հասնում դատարան, վաղեմության ժամկետը խախտվում է: Այս սահմանափակումները որեւէ մեկը չի հատուցում: Սա մարդու մասին չմտածող պետական քաղաքականության մասին է, մարդը հստակ պետք է իմանա, նախաքննության եւ դատաքննության փուլում որքան ժամանակ ընդհանրապես կարող է գտնվել խափանման միջոցի տակ եւ որ խափանման միջոցի: Թմրամիջոցների ապօրինի շրջանառման մի գործով էլ դատավորին ասում եմ՝ քննիչի որոշման մեջ կալանավորման հիմքերը չկան՝ չի խոչընդոտի, չի փախնի, չի ազդի քննության վրա…դատավորն ասում է, ես սրան որ բաց թողնեմ, գիտես ինչ կասեն: Դատավորի ռեյտինգի համար անձը պիտի կալանավորվի՞…համատարած կա իրավակիրառ պրակտիկա ձեւավորված, քննիչը պետք է կայացնի որոշում՝ միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը դատարանին չի գրել՝ այս որոշումս համարեք միջնորդություն: Որոշումը դատավարական այլ փաստաթուղթ է, միջնորդությունն՝ այլ, դատարանները նոտարների են վերացվել, որոնք վավերացնում են քննիչների որոշումները…այսինքն, որոշումը համարվում է որպես միջնորդություն: Սա այլ քննարկվելիք հարց է:

Զրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930