Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի գրավումն՝ էլ ո՞նց պետք է լինի

Նոյեմբեր 27,2021 13:00

Արդեն 2020թ. սեպտեմբերի 27-ից եւ 2021թ. մայիսի 12-ից սկսած, Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ իրականացվող ոչ մի իրադարձություն չի կարող զարմացնող լինել: Ցավում եմ, որ այսքանից հետո էլ չհասկացանք ու Արցախի տարածքի 75 տոկոսի կորստից հետո էլ ոչ մի դաս չառանք, բացարձակ չընկալեցինք, թե Արցախի պարտությունից հետո Հայաստանին ինչ ճակատագիր է սպասվում, ինչպես նաեւ Սյունիքի աստիճանաբար զավթումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ապա մենք ընդհանրապես քաղաքականությունից խոսելու իրավունք չունենք:

Մշտապես ասվել է, թե Արցախն ու Սյունիքն ինչ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության համար, որը, ցավոք, մենք այդպես էլ չհասկացանք, իսկ Ադրբեջանը դա մեզանից շատ ավելի լավ է հասկանում ու բնավ պատահական չէ, որ նա առաջին հերթին մշտապես ձգտում է հենց այդ դիրքերը գրավել: Հայաստանի մի շարք տարածքներ գրավելուց, Կապան-Գորիս ճանապարհահատվածի վրա մաքսակետեր կառուցելուց հետո անգամ, հրեշը չի հանգստացել ու նոյեմբերի 16-ից մի շարք լայնածավալ հարձակումներ է սկսել Սեւ լճի, Ջերմուկի եւ Տավուշի մի շարք տարածքների ուղղությամբ, սպանել մեր մի շարք զինվորականների ու գերեվարել բավականին թվով զինծառայողների: Այդ հրեշավոր տանդեմը մի կողմից մշտապես միջազգային ատյանների առջեւ բարձրաձայնում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը կնքվել է առաջացած հարցերը զուտ խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, մյուս կողմից՝ վայրկյան չի կորցնում տարբեր ուղղություններով հարձակումներ գործելու եւ նորանոր տարածքներ գրավելու համար:

Ինչ ռուսները Ադրբեջանին ու Թուրքիային հասկացրել են, որ միջանցքի հարցը դուրս է եկել օրակարգից, նման հարց այլեւս գոյություն չունի, լավագույն դեպքում, խոսք կարող է գնալ որոշակի տարածքների ապաշրջափակման մասին, այդ հրեշավոր զույգը ժամանակ չկորցրեց եւ իրեն հարիր ձեռագրով սկսեց մի շարք ուղղություններով լայնածավալ հարձակում գործել Հայաստանի տարբեր տարածքների վրա ու հասավ որոշակի լոկալ հաջողությունների: Մենք տվեցինք նոր զոհեր ու ունեցանք նոր գերեվարվածներ, որոնցից գոնե մեկին՝ ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանին ծեծելով սպանեցին, իսկ մնացածների ճակատագիրն այս պահին դեռեւս անհայտ է:

Աշխարհը դարձյալ լռում է, Ռուսաստանն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում եւ մենք համարյա հայտնվել ենք 44-օրյա պատերազմին շատ նմանվող իրավիճակում: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լռելյայն ընթանում է Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու լուրջ պայքար, որը վնասում է միմիայն Հայաստանին, քանզի այս պահին Հայաստանին դարձյալ մեն-մենակ կանգնեցրել են թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որը բացարձակապես դուրս էր նոյեմբերի 9-ից հետո կնքված գրավոր եւ բոլոր բանավոր պայմանավորվածություններից, դրանով էականորեն խառնելով Հայաստանի հետագա բոլոր պլանները, քանզի մինչեւ նոյեմբերի 16-ի հարձակումները, Հայաստանին ուղղորդում էին լրիվ այլ սցենարներով: Երկու կողմերն էլ այս պահին ոչ միայն ձեռ են քաշել Հայաստանից, այլեւ իրենց շահերն առաջ տանելու համար, առաջնորդվում են այնպիսի սցենարներով, որոնք կարող են Հայաստանի համար լիովին կործանարար լինել, եթե մերոնք այս ամենը ճշտությամբ չվերլուծեն, ճշգրիտ որոշումներ չկայացնեն ու համապատասխան քայլեր չձեռնարկեն: Փոքրիկ սխալների դեպքում անգամ, Հայաստանը կհայտնվի ճիշտ 44- օրյա պատերազմին նմանվող հորձանուտում եւ կունենանք ճիշտ նույնպիսի պատկեր, ինչպիսին եղավ Արցախում: Կսկսենք արդեն մեր տարածքները հերթով հանձնել թշնամուն եւ փոխանակ այդ ամենի դեմն առնելու, գլուխ կբարձրացնեն հերթական դավաճանություններն ու իրար մեղադրելու ներկայացումները, եւ բան ու գործ թողած, կսկսենք զբաղվել դրանցով, իսկ թշնամին Արցախյան նույն սցենարով հերթով կտիրի մեր տարածքներին: Նորից աշխարհն ու միջազգային հարթակները կբարձրաձայնեն իրենց խաղաղասիրական երգերը, նորից կունենանք հազարավոր մատղաշ զոհեր, նորից պաշտոնական խոսնակների պատեֆոնը կհնչեցնի նախկին երգերը եւ անգամ կազդարարի. պինդ կացեք, հայեր, այս անգամ մենք ոչ միայն չենք զիջելու, այլեւ գնալու ենք ու գրավենք Բաքուն, իսկ մեր ժողովրդի ուղեղները լվացած հատվածը դարձյալ կծափահարի եւ իր պահվածքով կվերահաստատի իր տված քվեների ճշմարտացիությունը, թքած, թե նորից հազարավոր մայրեր դարձյալ չեն սգա իրենց մատղաշ որդիների մահը, գերեվարվելը, հաշմանդամ դառնալը եւ անհայտության մեջ հայտնվելը:

Կարող եմ մի բան հաստատ ասել, որ այս անգամ հայտնի չէ, թե ձեր զավակներից ովքեր կհայտնվեն վերը նշված ցուցակների մեջ ու ձեզանից ովքեր եւ որքան ժամանակում կհասկանան՝ որդի, հարազատ կորցնելու անչափելի վիշտը:

Ուզում եմ երկու բառով խոսել անչափ ցավալի մի հարցի մասին: Նորմալ մարդը, որքան էլ ուղեղը լարի, միեւնույն է՝ չի կարող հասկանալ, որ չնայած պատերազմները մահաբեր են, սակայն այն մարդիկ, ովքեր հրաշքով արցախյան վերջին պատերազմի ժամանակ որդեկորույս չդարձան, կարող են այդքան անսիրտ ու անտարբեր լինել եւ մոտավոր նույն ցավը չապրել, ինչ՝ ապրում են որդեկորույս ծնողները, մանավանդ որ, այդ հերոսներն իրենց կյանքը զոհել են ոչ միայն հայրենիքի, ոչ միայն իրենց ծնողների, այլեւ բոլոր ծնողների, ամբոջ ժողովրդի համար: Համենայնդեպս, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո չափազանց մեծ անտարբերություն եմ տեսնում ժողովրդի մի մեծ հատվածի մոտ, որոնց որդիներն ու հարազատները հրաշքով փրկվել են՝ զոհ, հաշմանդամ, անհայտ կորած ու գերի դառնալուց (ավելի ցավալի բան հնարավոր չէ գտնել զոհերի, անհայտ կորածների, գերիների ծնողների եւ հարազատների համար): Մեկ անգամ եւս բարձրաձայնեմ, որ վաղը նույն վիշտը կարող է յուրաքանչյուրիս դուռը թակել (իհարկե, թող լեզուս պապանձվի), մենք միայն այդկե՞րպ պետք է հասկանանք որդու, հարազատի զոհվելու, գերեվարվելու, անհայտ կորչելու ցավը…

Հայեր, խելքի եկեք, խրատների ժամանակն անցել է, հայրենիքն ենք կորցնում:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930