Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերնպատակը 44-օրյա պատերազմում կենաց ու մահու կռիվ տվողներին ֆիքսելն էր»

Նոյեմբեր 27,2021 12:30

«Զինուժ» հեռուստածրագրի մեկնաբան ու ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի հետ խոսել ենք 44-օրյա պատերազմի մասին։

– Գիտեմ, որ պատերազմը ակտիվ լուսաբանող լրագրող եք եղել, կպատմեք՝ ինչպե՞ս որոշեցիք մեկնել առաջնագիծ։

– Շատ արագ որոշվեց, որ նկարահանող խումբ պիտի գնա Արցախ, առաջիններից մեկը ես եմ եղել, որ ասել եմ, ես պիտի գնամ։ Ճանապարհին մտածում էինք, թե որ ուղղությամբ գնանք, զուգահեռ լրահոսին էինք հետեւում ու պարզ էր, որ ամենածանր ուղղությունը Ջրականն էր։ Ընտանիքս չի իմացել, որ մեկնում եմ առաջնագիծ։

Երբ մեզ տանող մեքենայից իջանք, նպատակ ունեինք հնարավորինս շատ մարդկանց հետ շփվել ու կադրեր շատ անել, նաեւ ճանապարհից՝ ընդհանուր տրամադրվածությունը հասկանալու համար։ Ճանապարհին դեղին ավտոբուս տեսանք, կամավորներ էր տեղափոխում ու միանգամից կանգնեցրի ու ուր որ գնար, մենք իրենց հետ գնալու էինք։

– Ինչպիսի՞ մթնոլորտ էր տիրում առաջնագիծ մեկնող կամավորների մոտ։

– Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում պատերազմի մասշտաբները, երգելով, հաղթական տրամադրությամբ, իրար բարի ծառայություն մաղթելով, մենք որոշեցինք ձախ թեւով շարունակել, որ հնարավորինս շատ բան նկարենք, հրետանավորներին, հրամանատարներին եւ իհարկե՝ առաջնագծի զինվորներին։ Շուտով հայտնվեցինք հրետանային մարտկոցի մոտ, անընդհատ կրակ էին արձակում, հայտնի Ալբերտենց ստորաբաժանումն էր, առանց դադար առնելու անընդհատ կրակում էին։ Մտածում էինք՝ հանկարծ չզբաղեցնենք իրենց, ու քանի որ ժամանակը սուղ էր, արագ պիտի աշխատանքն ավարտվեր։

– Ինչպիսի՞ն էր զինվորների տրամադրությունը։

– Տրամադրությունը միայն մարտական է եղել։ Ես կարծել եմ, որ կան որոշակի խնդիրներ, դժվարություններ, բայց ինձ անընդհատ թվում էր՝ ճեղքում կանենք։ 18-20 տարեկան տղերքը շատ վստահ ու ամուր կանգնած էին հողին ու ոչ ոք չէր մտածում, որ իրենց գլխավերեւում անօդաչուներն են աշխատում, հրետանի, հրթիռային զենքեր են աշխատում։ Ամեն մեկը զբաղված էր իր գործով, լիցքավորել ու կրակել։ Չտեսնված պահեր էին։ Այդ ամենը տեսնել էր պետք։

– Կպատմե՞ք, թե ինչպե՞ս Ներսեսը փրկեց ձեր խմբին։

– Հրետանային ստորաբաժանման նկարահանումներից հետո մենք գնացինք Ջրականի հրամանատարական դիտակետ։ Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն էր համակարգում մարտական գործողությունները։ Հենց առաջին անգամ այնտեղ ենք ընկել հակառակորդի կրակի տակ։ Կարելի է ասել՝ հրաշքով ենք փրկվել։ Ներսեսի շնորհիվ միայն, մենք արդեն նստում էինք մեքենան, որ գնայինք մեկ այլ ուղղությամբ, այդ ժամանակ պարզվեց, որ Ներսեսը չկա, մի քանի քայլ հետ անելու ընթացքում կարկուտի պես թափվեցին սմերչի հրթիռները։ Մեքենան բավականին վնասվեց, բայց, բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց։

– Պատերազմը լուսաբանելիս ո՞րն էր ձեր գերնպատակը։

– Զինվորներին, առաջնագիծը պահողին նկարելն էր, դեմքերը ֆիքսելը, որքան հնարավոր է շատ, որ մարդիկ տեսնեն, թե իրենց համար ովքե՞ր են կռվում, հենց այս պահին ո՞վ է իր ընտանիքը պաշտպանում, հատկապես որ ոչ բոլորն ունեին հնարավորություն ծնողների հետ կապի դուրս գալու, շատ կարեւոր էր այդ ամենը կազմակերպել, վավերացնել։

– Ի՞նչ արձագանքներ եք ստացել արված կադրերի վերաբերյալ պատերազմից հետո:

– Գրեթե բոլոր նկարների համար մեզ գրել են նկարի հարազատները, կամ հենց զինվորը, հարցրել են՝ ուրիշ կադրեր ունե՞նք, ինչքան ֆոտոներ, տեսահոլովակներ ունեցել ենք, թույլտվության սահմաններում հնարավորինս փոխանցել ենք։

– Պատերազմից հետո զինվորների հետ կապ պահպանվե՞լ է։

– Ընկերական հարաբերություններ են ձեւավորվել տղերքի հետ, սպաների հետ, արդեն իրենց հարսանիքներին ենք մասնակից լինում, պատերազմի մի մասնիկն են իրենք, երբ ասում են 44- օրյա պատերազմ, իմ աչքի առաջ միանգամից իրենք են գալիս։

– Վստահ եմ, որ վախեր էլ եք ունեցել այդ օրերին…

– Իմ օպերատորի՝ Ֆելիքս Շախտոյանի ընտանիքի հետ ես էի կապի մեջ ու միշտ աղոթում էի, որ հանկարծ ոչինչ չպատահի։ Ընդ որում՝ 2020 թվին էին ամուսնացել ու իր կինը այդ ժամանակ բալիկի էր սպասում։ Ես իմ մասին այդքան չեմ մտածել, իմ մահը այդ ամբողջի մեջ այնքան փոքր բան կլիներ, դու չես մտածում ողջ մնալու մասին, դու մտածում ես ինչ-որ բան թողնելու մասին…Մեր հայրենակիցներին, մեր ընկերներին ենք զոհված տեսել, ինչքան էլ վախ ունեցել ենք, իրար մխիթարելով հաղթահարել ենք։ Վախերը չեն եղել կոնկրետ նկարահանումների ժամանակ, երբ գնում էինք մոնտաժ անելու, ու մի քանի րոպե հանգիստ էինք առնում, այդ ժամանակ էինք վախերը հիշում…Պահերը, կադրերը գալիս էին աչքիդ առաջ ու հանգիստ չէին տալիս…Պատերազմից 3-4 ամիս հետո հանգիստ չեմ եղել, դրանից հետո եմ միայն գիտակցել, թե ինչերից ենք պրծել…Այս պատերազմը պատերազմ էր առանց կանոնների, որովհետեւ պատերազմի կանոններով Press-ի ու շտապօգնության մեքենայի վրա չի կարելի կրակել, բայց հակառակորդը բոլորի վրա էլ կրակում էր՝ լրագրողների, խաղաղ բնակչության, ամբողջ Արցախի վրա…

– Ի՞նչն էր գոտեպնդում, որ մնաք ու լուսաբանեք պատերազմը։

– Մենք եղել ենք Մարտակերտի մի խրամատում, որտեղ 18 տարեկան զինվոր էր կանգնած, երեխու դեմքով զինվոր էր, իրենից հարցազրույց պիտի վերցնեինք։ Շատ մոտիկ էին դիրքերը հակառակորդի հետ ու երկու կողմից էլ առանց դադարի կրակոցներ էին հնչում։ Տասը մետրի վրա արկը ընկնում էր, հողը մեր վրա էր լցվում, վեր էինք կենում, թափ էինք մեզ տալիս, սպասում, թե ի՞նչ է կատարվելու: Այդ փոքրամարմին զինվորի հայացքն է տպավորվել՝ բացարձակ միմիկա չէր փոխվում, իր մարտական առաջադրանքն էր կատարում, առանց որեւէ զգացմունք ցուցադրելու։ Ինքը ձիգ կանգնած էր ու նայում էր հակառակորդի կողմը, դրանից գերագույն արժեք չկա։ Նշանակում է՝ այդ զինվորը վաղուց հաղթահարել էր վախն ու մահին…Գրեթե բոլոր պաշտպանական շրջաններում եղել ենք։ Երկու անգամ եղել ենք Քարվաճառում, որտեղ լեգենդար մարտեր են եղել։ Քարվաճառի պաշտպանությունը լրիվ ուրիշ պատմություն էր, ընդ որում՝ ամենածանր հարձակումներից մեկը հենց Քարվաճառի ուղղությամբ է եղել…

Զրուցեց Անի ՂՈՒՄԱՇՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930