Զրույցը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Երեւանի հովանավորության բաժնի պատասխանատու, Հասարակության զարգացման եւ կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ, Կրթության միջազգային ակադեմիայի դասախոս Ամալյա Սահակյանի հետ է:
Արցախյան 44-օրյա պատերազմը ծանրագույն ժամանակահատված էր, այն ծանր արհավիրք թողեց ողջ հայության հոգում: Հազարավոր զոհեր եղան, Արցախից տեղահանված ընտանիքներ որպես փախստական՝ օթեւան գտան Մայր Հայաստանում: Իհարկե, օրհասական դժվարին ամիսներին կարեւոր էր ունենալ օգնության «ձեռք մեկնողներ»: Ի սատար փախստական արցախցիներին՝ Երեւանում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւս անմասն չմնաց իր՝ աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամությամբ եւ ծրագրերով: Դրանք տեղահանվածներին օթեւանի տրամադրումից մինչեւ հոգեբանական, ֆինանսական, բժշկական, հումանիտար ծրագրերի իրականացումն են եղել: Եվ այդ թիմային աշխատանքների ընթացքում ակտիվությամբ աչքի է ընկել ԱՀԱԸ-ի աշխատակից Ամալյա Սահակյանը: Նա համագործակցում է նաեւ ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ:
– Արցախյան պատերազմի ընթացքում, նաեւ հետպատերազմական օրերին Դուք գտնվել եք Արցախի տեղահանված բնակչության մի մասի կողքին: Դուք Ձեր դասախոսական եւ հասարակական գործունեությանը զուգահեռ, անգնահատելի ծառայություններ եք մատուցել Արցախից տեղահանված անօթեւան մարդկանց. փախստական կանանց եւ երեխաներին օժանդակել եք բազմաթիվ հիմնահարցերում: Եվ Ձեր բարի գործունեության ներդրումները գնահատվեցին ՊՆ-ի կողմից: Շնորհավորում ենք Ձեր քրտնաջան, հայրենիքի հանդեպ ունեցած վերաբերմունքի արդյունքը:
– Այո, ես էլ շնորհակալ եմ ինձ գնահատելու առիթով: Ինձ ՊՆ-ի «Ֆիդայիներ ՌԲՀԿ» ղեկավար Սեյրան Չիլինգարյանը պարգեւատրեց «Սոսե Մայրիկ» հուշամեդալով: Այդ պարգեւը մեծ պատիվ է ինձ եւ իմ թիմակիցների համար, որ հայրենանվեր գործընթացներ ենք կարողացել իրագործել հանուն Արցախից փախած մեր հայրենակիցների: Ինքս, իհարկե, պատիվ եմ համարում «Սոսե Մայրիկ» մեդալին արժանանալը, այն պարտավորեցնող է, որովհետեւ այդ շքանշանին «հասնելու» համար երկար ուղի եմ անցել տարիներ շարունակ: Օգտակար, բարի աշխատանք է կատարվել ոչ միայն իմ կողմից, այլեւ մեր կոլեկտիվի, իմ ընկերների, ուսանողների, որոնք ցանկացած իմ նախաձեռնությանը կողմ են եղել եւ գնահատել են:
Կարդացեք նաև
– Փախստականների տեղավորման խնդիրներն ինչպե՞ս կարողացաք լուծելի դարձնել, արդյո՞ք բարդ չէին նրանց առօրյան ապահովելը, գուցե նրանք կունենային ավելի առաջնային հարցեր տեղափոխման գործընթացներում:
– Մեր կազմակերպությունը, ԱՀԱԸ-ն նախապես իր վրա վերցրեց մեծ պատասխանատվություն՝ ովքեր Արցախից որպես փախստական եկել էին, մեր ղեկավարության որոշմամբ, միանգամից տեղավորում էինք այդ ընտանիքներին Հանքավանի մեր «Շողիկ» ճամբարում, Երեւանում տրամադրված հյուրատներում: Տղամարդիկ մնացել էին Արցախում՝ պաշտպանելու հայրենի տեղանքը: Փախստականները շատ էին, մոտ 1000-1500 հոգի՝ իրենց երեխաների հետ: Արցախից նրանք բացարձակապես դուրս են եկել դատարկ՝ առանց որեւէ իր վերցնելու: Խաղաղ բնակիչները, թողնելով իրենց բնակարաններում ամեն ինչ, հույս ունեին, որ օրեր անց՝ շուտ կվերադառնան տուն (այսինքն՝ ապրիլյան պատերազմի նման մտածել են 3-4 օրվա տեւողությամբ): Երբեմն արցախցի փախստականներին նույնիսկ հանրապետության հրապարակից ենք բերել եւ տեղավորել: Նրանց տեղավորելու, հագուստի եւ սննդի, սոցիալ-հոգեբանական խնդիրներով էինք թիմով զբաղված: Նշեմ, որ ի պատիվ մեզ՝ միանգամից կազմվեց կոմիտե, որը փորձում էր (թեեւ դժվարությամբ) լուծել որոշ խնդիրներ: Մի խոսքով՝ գիշեր-ցերեկ չափազանց հետեւողական, դժվարին աշխատանքներ ենք տարել: Ի դեպ, շեշտեմ ուրախությամբ մի փաստ, որ արցախցիները բազմազավակ են, ունեն հինգից ավելի երեխա: Կային ընտանիքներ, որ երեխաների թիվը 9-ից 12-ն էին:
– Ինչ կասեք ապրիլյան պատերազմից, Դուք ունեք աշխատանքի փորձ այն դժնդակ օրերից:
– Ապրիլյան օրերին զոհված հերոսների ընտանիքների կողքին եմ եղել, նրանց հետ հոգեվերլուծական զրույցներ ունեի: Շատ Հերոսների ընտանիքների հետ մտերմացա եւ մինչ օրս հանդիպում ենք։ Հերոսածին մայրերը հրավիրում են իրենց Հերոս որդիների Հուշ-երեկոներին։ Հավերժ փառք եւ խոնարհում մեր բոլոր հերոսներին։
– Տեղավորման տեղաբաշխումներն առավել դժվարին չէի՞ն, ինչպե՞ս էիք դրանք կազմակերպում:
– Դժվարինն այն էր, որ նրանք հոգեբանորեն ինտեգրվեին: Ոմանք կարողացան ընտելանալ, ոմանք մտածում էին՝ այստեղ նրանց ոչ այնքան ջերմ կընդունեն: Մենք բացատրական զրույցներ էինք անում, որ բոլորս հարազատներ ենք, ազգակիցներ, ճար չկա՝ պիտի դիմանալ… Հուզիչն իմ համար այն եղավ, որ մի ընտանիքի հետ արդեն մտերմացել էի, որտեղ թվով 9 երեխա կար: Երեխաների մայրը Արցախում դաստիարակչուհի էր: Պատերազմի օրերին, ցավոք, զոհվեց նրա եղբայրը, հետո՝ մայրը: Նրանք այդ ընթացքում վերադարձան Արցախ, եւ վերջերս զանգահարեց Արցախից, ի ուրախություն բոլորիս տեղեկացրեց, որ ծնվել է 10-րդ բալիկը: Ես հիմա կարեւորում եմ, որ հայ ընտանիքներում՝ Արցախում, Երեւանում, մարզերում ծնվեն բազմաքանակ մանկիկներ, թող մեր հայ սերունդները բազմապատկվեն…
– Նահատակված զինվորների ընտանիքների, նրանց կանանց հետ նաեւ Դուք սոցիալ-հոգեբանական աշխատանքներ եք կատարել…
– Բազմաթիվ կանանց եմ հանդիպել, ովքեր ամուսինների հետ քիչ էին համատեղ կյանքով ապրել, կամ՝ մանուկներ էին ծնվել՝ չտեսած իրենց հայրիկին: Ցավոք՝ որբացան փոքրիկները, այրիացան կանայք, որոնք դեռատի էին: Մենք նրանց հետ հոգեբանական զրույցներ ունեցանք, ոմանք փոքր-ինչ փոխվում էին հոգեբանորեն, քանի որ իրենք են հայրենիքի սյուները… Դե, ինչպես ասում են, կյանքը շարունակվում է, մեր սրբացած նահատակներին խոնարհումներ, նրանք անմահ են իրենց հերոսական սխրանքներով, որոնք մեր ազգին ուժ, պայքարի հավատ են ներշնչում:
– Ձեր նախնիների տոհմածառն ամեն ինչ ասում է, որ Դուք Ձեր լուսապարգեւ գեներով արվեստների եւ արհեստների բնօրրան Գյումրիից եւ նախնիների Էրզրումյան տոհմից կրում եք ազգասեր հայուհու կերպար, ով իր էության մեջ ունի բարության ծո՛վ ոսկեհատիկներ:
– Շնորհակալ եմ, վերաբերմունքը նաեւ իմ կազմակերպության բարի շյուղերից մեկն է: Հավելեմ, որ լինելով գյումրեցի պապիս՝ ճանաչված լեզվաբան, բարբառագետ Հակոբ Մրտչյանի թոռնուհին, նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գրիշա Սահակյանի դուստրը, այո՛, նրանք Հայաստանի համար լավագույն գործերի հեղինակ են եղել: Ինքս էլ հայոց ազգիս համար մի խոնարհ ծառա…
Զրույցը՝ Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2021