Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կապիտուլյացիան իրավական կատեգորիա չէ

Նոյեմբեր 26,2021 23:50

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո հայաստանյան քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում այդ հայտարարությունը գնահատվեց որպես կապիտուլյացիոն պայմանագիր։

Թեեւ իշխանության ներկայացուցիչներն էլ հակադարձում են, թե դա կապիտուլյացիա չէր, ընդդիմադիր գործիչներն ու պատգամավորներն էլ իրենց հռետորաբանության մեջ շարունակում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել կապիտուլյանտ, իսկ մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված։ Մեդիայում էլ հղում անելով այս արտահայտություններն անողներին, գրվում են նույն բառերը։

Վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի՝ Հանրային քննարկում հաղորդաշարի ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ ասել է․«Մեկ տարի է պտտում են կապիտուլյացիա եւ կապիտուլյանտ բառը․․․ մենք կապիտույացիայի չենք ենթարկվել, մենք ընդամենը պարտվել ենք պատերազմում։

Կապիտուլյացիայի ենթարկվել են Ճապոնիան եւ Գերմանիան, եւ կապիտուլյացիայի են ենթարկվել միայն նրա համար, որ նրանք ժամանակին ագրեսոր են եղել։ Երբ մենք ինքներս մեզ կապիտուլյանտ ենք համարում, մենք ոնց որ անուղղակի ընդունենք, որ իսկապես, ագրեսոր ենք եղել։ Կապիտուլյացիայի ենթարկված երկրից վերցնում են կտորներ, Գերմանիան գրեթե կիսեցին։ Մենք մեզ կապիտուլյացիա ենթարկված համարելով՝ մեզ դնում ենք ագրեսոր երկրների շարքին, ինչին ձգտում է Ադրբեջանը»։

Aravot.am-ը փորձեց կապիտուլյացիա բառի իրավական բացատրությունը գտնել, թե ինչ սահմանում կա միջազգային իրավունքի տեսանկյունից։ Համացանցում՝ օտարերկրյա հեղինակավոր համալսարանների կայքերում կապիտուլյացիա բառի միայն պատմական բացատրությունը գտանք։

Aravot.am-ի հետ զրույցում իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պարզաբանում է՝ կապիտուլյացիան իրավական կատեգորիա չէ, կարելի է ասել՝ դա պատմական կատեգորիա է, որովհետեւ իրավաբանության մեջ համարվում է, որ երկրորդ աշխարհամարտից հետո պատերազմ չկա, չի կարող լինել եւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված է դրույթ, որ պետություններն իրենց խնդիրները պետք է լուծեն խաղաղ եղանակով։ «Այսինքն, ՄԱԿ-ի կանոնադրությունը բացառում է պատերազմը։ Եթե բացառում է, բնականաբար, որպես իրավական կատեգորիա, կապիտուլյացիա՝ պատերազմի ավարտ գոյություն չունի։ Պատերազմի ավարտն ազդարարվում է պետությունների միջեւ կնքվող խաղաղության պայմանագրով։ Իսկ պատերազմի փոխարեն օգտագործվում են զինված ընդհարում, զինված բախում տերմինները։ Թեեւ որոշ փաստաթղթերում պատերազմ բառն օգտագործվում է, բայց ժամանակակից աշխարհը համարում է, որ պատերազմը չի կարող լինի հարձակողական, կարող է լինել հակահարձակողական, բայց ընդհանուր պաշտպանության դոկտրինի մեջ է լինում։ Այս ամբողջից հետո կապիտուլյացիա բառը որ օգտագործվում է, որպես իրավական կատեգորիա չի օգտագործվում, որովհետեւ դա իրավական գործընթաց չի համարվում»,-ասում է իրավաբանը։

Կապիտուլյացիա ասելը իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ, առավել եւս՝ Հայաստանը միջազգային մակարդակում դիտարկվի որպես ագրեսոր։ Դա պարզապես հռետորաբանություն է։

Իսկ ահա ագրեսիվ պատերազմ հասկացությունը, ինչպես նշում է պարոն Ղազարյանը, իրավական կատեգորիա է, որը հիմա վերագրվում է Ադրբեջանին ու նա վախենում է այդ տերմինից, եւ ամեն կերպ պնդում է, որ հարձակվողն ինքը չի եղել, հայերն են հարձակվել, հետո իրենք հակահարձակ են եղել․ «Նրանք շատ լավ պատկերացնում են, որ այդ պատերազմն ու դրա օրինականությունը հարցականի տակ է։ Ագրեսիվ պատերազմն այն է, որ նպատակ է եղել էքսպանսիա, էթնիկ զտում՝ իր բոլոր ձեւերով՝ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնել, քաղաքացիների ֆիզիկական բնաջնջում եւ այլն»։

Պարոն Ղազարյանը բացատրում է՝ հենց դրա համար է, որ Ադրբեջանը վախենում է սահմանն անցնել ու խորանալ մեր պետությունում, որովհետեւ դա գնահատվում է որպես էքսպանսիա, իսկ աշխարհի ոչ մի երկիր կամ կառուցակարգ դրա հետ հաշվի չնստել չի կարող, դա արգելվում է։ Ադրբեջանը դրա համար է վիճելի սահմանային հարց ստեղծում, թե բա իմ սահման է։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930