«Մեզ այսօր քննադատում են, ասում են՝ գնացեք սահման, ինչ եք հրապարակում կանգնել: Ուզում եմ հարցնել՝ արդյոք սահմանո՞ւմ է հարցը լուծվում: Իհարկե ո՛չ: Եթե մենք գնացինք սահման, ու մեզ չեն զինելու, եւ այս շենքում նստած փողկապներով մարդիկ ստորագրելով՝ հետքաշվելու հրաման են տալու, սահմանում կանգնած զինվորը կամ կամավորն ի՞նչ պետք է անի»,-այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:
Հավաքը կազմակերպել էին Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները:
Ըստ Արա Զոհրաբյանի, հարց լուծելու տեղն այս հարթակն է. «Այն մարդիկ, որոնք մեզ սահման են ուղարկում, մեզ շեղում են մեր հիմնական օրակարգից»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանն ասաց, որ իրենք որեւէ ուժի չեն մերժելու, որոնք ցանկություն կհայտնեն միանալ միասնականության այս հավաքին, որոնք միտված են հայրենիքի փրկությանը. «Ժողովուրդ ջան, եթե մենք բոլորս պետք է խորտակվենք, ի՞նչ տարբերություն այս կամ այն քաղաքական ուժին սիրո՞ւմ եք, թե չեք սիրում: Եկեք այս վիճակից դուրս գանք, հետո որոշենք՝ ինչ կարող ենք անել: Եկեք մեր միասնականության ոգին չկոտրենք: Մենք պետք է միասնականորեն մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ