Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհը զավթած ադրբեջանցիները ոչ միայն մաքսակետ են տեղադրել, այլ նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան բացել։
Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը պատմել է, որ ճանապարհի այդ հատվածում տեղադրված բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով։ Դրա վրա տեղադրված են երեք վառելիքային բաքեր, վաճառվելու է «ԱԻ-95» պրեմիում, «ԱԻ-92» եւ դիզելային վառելիք։ Ըստ Ահմեդովի՝այսպիսով պայմաններ են ստեղծվել բոլոր տեսակի ավտոմեքենաների վառելիքի ապահովման համար։ «Trend»-ին վկայակոչելով նշում է «Փաստինֆո»-ն։
SOCAR-ը Ադրբեջանին պատկանող նավթի եւ բնական գազի ընկերություն է։ Դեռեւս ամիսներ առաջ Գորիսի փոխհամայնքապետը, Շուռնուխ բնակավայրի բնակիչները եւ վարչական ղեկավարը «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը անցակետից եւ մաքսակետից բացի նաեւ բենզալցակայան է կառուցում։
Ի դեպ, «Զանգեզուր Թիվի»–ի մեր գործընկերները կադրեր են ներկայացրել կառուցման աշխատանքներից: