«Մենք պետք է հզորացնենք պաշտպանության նախարարությունը, պատրաստենք այնպիսի սպաներ, որոնք հանուն իրենց զինվորների պատրաստ են սխրագործությունների: Մենք պետք է ունենանք հզոր արտաքին գործերի նախարարություն, որի հիմքում ընկած են լուրջ մասնագետներ, որոնք կարող են վերլուծել աշխարհաքաղաքական խնդիրները»,-այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասացին Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները: Նրանց կարծիքով, Հայաստանը որ կողմ էլ գնա՝ մեկի գիրկը պետք է ընկնի. «Բայց մենք պետք է հասկանանք, որ մեր շահը հայկական շահն է, մենք կարող ենք հավասարը հավասարին շփվել բոլորի հետ, բայց տեսանելի ապագայում մեր թշնամին եղել է եւ կմնա թուրքն ու ադրբեջանցին: Թշնամու հետ կարող ես բանակցել միայն այն ժամանակ, երբ կանգնած ես ամուր ոտքերի վրա, թույլ չես տալիս թշնամին թափանցի քո մեջ»:
Հանրահավաքի մասնակիցները հիշեցրին, որ 5 հազար զոհ ունենք, 11 հազար վիրավոր ու 8000 քառակուսի կիլոմետր կորցրինք ՀՀ տարածքից: Խարխլվել է նաեւ պետության անվտանգությունը, ինչն էլ պետք է ստիպի բոլորին ոտքի կանգնել եւ այս իրավիճակը փոխել:
Նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանն ասաց՝ այս հայրենիքը բոլորինս է եւ պետք է լինել պահանջատեր:
ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանն ասաց, որ 6-րդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանից պահանջում են բացահայտել սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունը:
Կարդացեք նաև
«Պարզից էլ պարզ է, որ չի կարող գաղտնի փաստաթուղթը լինել ընդամենը հանձնաժողով ստեղծելու մասին: Պարզից էլ պարզ է, որ այդ գաղտնի փաստաթուղթը, այդ հանձնաժողովի հիմքում ընկած որոշակի քարտեզների, սկզբունքների, կարմիր գծերի մասին է, թե ինչի է պատրաստ Նիկոլ Փաշինյանը զիջելու եւ ինչը պատրաստ չէ զիջելու: Այս մարդը Հայաստանի հանրապետության հետ վարվում է, որպես սեփական բոստանի՝ ում ինչքան պետք է՝ տալիս է»,-ասաց Մենուա Սողոմոնյանը: Նա հիշեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ գրված էր՝ կրակը դադարեցվում է, բոլոր զորքերը մնում են իրենց տեղում. «Բայց այս մարդը զորքերը հետ քաշեց այն աստիճան, որ Սյունիքի մարզով անցնող միջպետական ճանապարհի որոշ հատվածներ հայտնվեցին թշնամու ձեռքում»:
Ըստ Մենուա Սողոմոնյանի, այսօր Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման բաց չի լինելու եւ սահմանազատումը մաս-մաս տեղի է ունենալու եւ մի օր լսելու ենք, որ Տավուշի սահմանից մեր զորքերը հետ են քաշվել:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ