Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Հարությունյան. «Գաղտնալսման այս ծրագրով կարող են գաղտնազերծված ինֆորմացիան վաճառել թշնամի Ադրբեջանին կամ Թուրքիային»

Նոյեմբեր 26,2021 18:52

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ իրենց կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանի արած՝ իրեն, Հայաստանում որոշ պաշտոնատար անձանց եւ հատկապես ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու մասին հայտարարությանը: «Նաեւ պաշտոնյաներն են գաղտնալսվում: Սակայն առաջինը գաղտնալսվում են ընդդիմադիր գործիչները, եւ գաղտնալսումն իրականացվում է իսրայելական «Pegasus» ծրագրով: Ո՞րն է դրա վտանգը: Մենք գիտենք, որ հատուկ ծառայությունները տարբեր ժամանակներում գաղտնալսում են այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ հարցերով հայտնվում են այդ ծառայությունների հետաքրքրության տիրույթում: Պարոն Վանեցյանը երեկ ներկայացրեց, որ դա իսրայելական մի ծրագիր է, որը գործում է բուն Իսրայելում: Այսինքն, այն պետությունները, որոնք ուզում են օգտվել այդ ծրագրից, տրամադրում են որոշակի միջոցներ, այդ թվում՝ ֆինանսական, եւ պատվիրում են գաղտնալսում:

Եթե մինչեւ հիմա Հայաստանում հատուկ ծառայությունները գաղտնալսել կարող էին դատարանի որոշմամբ եւ ամբողջ ինֆորմացիան գտնվում էր  հատուկ ծառայությունների բազայում, այս դեպքում գործում է այլ մեխանիզմ: Դու պատվերը տալիս ես, քո պատվերի համաձայն իրենք գաղտնալսում, վերծանում են ու այդ տեղեկատվությունը փոխանցում են քեզ: Ինչ է սա նշանակում: Այդ նույն կորպորացիան կարող է գաղտնալսել ողջ տեղեկատվությունը, տեղեկատվությունը քեզ  տրամադրել մասամբ, ինչու չէ, նաեւ վաճառել մեկ այլ պետության, օրինակ, թշնամի Ադրբեջանին, Թուրքիային: Ու դու դրա մասին, բնականաբար, իմանալ չես կարող, քանի որ սերվերը չի գտնվում քո երկրում:

Այսինքն, ոչ թե դու այդ ծրագիրը ձեռք ես բերում ու այն դառնում է քո երկրի սեփականությունը եւ քո երկրի անվտանգության ծառայությունն է գաղտնալսում, այլ դու պատվիրում ես, ուրիշը գաղտնալսում է ու մինչեւ քեզ տալը, ինքն ավելի շուտ է իմանում, թե ինչ է  կատարվում, ինչ տեղեկատվություն է շրջանառվում քո երկրի ներսում:

Սա տգիտության եւ այս իշխանությունների ոչ կոմպետենտության գագաթնակետն է: Եվ շատ էական հանգամանք է, որ այս պարագայում չկա դատարանի որոշում, սակայն գաղտնալսումը իրականացվում է: Սա նշանակում է, որ  Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները»,- ասաց Բաբկեն Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930