Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշքեքյան և Մոսկովյան փաստաթղթերի համեմատական քաղաքագիտական վերլուծություն. Արթուր Ադամյան

Նոյեմբեր 26,2021 18:44

 Նպատակը

Սույն վերլուծության նպատակն է համեմատել «Բիշքեքյան» և «Մոսկովյան» փաստաթղթերը՝ վերհանելով դրանց նշանակությունը Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում։

ԲԻՇՔԵՔՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (1994 ԹՎԱԿԱՆ, ՄԱՅԻՍԻ 4-5)

Իրավիճակ և մոտեցումներ

1994թ․ մայիսի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում ղարաբաղյան ուժերը լուրջ առաջխաղացում ունեին։ Պատերազմի ընթացքում ազատագրելով նախկին ԼՂԻՄ տարածքը և առաջ շարժվելով՝ նրանք զբաղեցրել էին նաև հարակից յոթ շրջանների զգալի մասը՝ ստեղծելով անվտանգության գոտի։ Պատերազմական գործողությունների շարունակումը ղարաբաղյան կողմին գուցե հնարավորություն տար դուրս գալ ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք՝ գրավելով ադրբեջանական մի շարք բնակավայրեր։

Այս հեռանկարի գիտակցումը ստիպեց պաշտոնական Մոսկվային ակտիվացնել միջնորդական ջանքերը և կանխել ղարաբաղյան ուժերի հնարավոր առաջխաղացումը դեպի Ադրբեջանի խորքերը։ 1994թ․ փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Պավել Գրաչովն իր մոտ հրավիրեց Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներ Սերժ Սարգսյանին և Մամեդռաֆի Մամեդովին, և ստորագրվեց արձանագրություն, որով նախատեսվում էր մարտի 1-ից հակամարտության գոտում  կրակի դադարեցում։ Ապրիլի 15-ին Մոսկվայում  ԱՊՀ գագաթնաժողովում ընդունվեց կրակի դադարեցման հայտարարություն։

Մայիսի 4-5-ը Ղրղզստանի Բիշքեքում կայացած ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները և Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը ստորագրում են «Բիշքեքյան արձանագրությունը», որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 9-ի գիշերվանից. օրը հատուկ էր ընտրվել, քանի որ մայիսի 9-ը Հաղթանակի օրն էր Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների՝ այդ թվում հայերի և ադրբեջանցիների համար[1]։ Այս արձանագրության ստորագրման գործում մեծ դիվանագիտական ջանքեր է գործադրում ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը։ Հենց վերջինս էլ մայիսի 9-ին շարադրում է մեկ այլ՝ կրակի դադարեցման փաստաթուղթ, որը համաձայնեցնում է բոլոր կողմերի հետ. մայիսի 9-ին փաստաթուղթը ստորագրում է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդովը, հաջորդ օրը՝ Հայաստանի Պաշտպանության նախարար Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Մայիսի 12-ից հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում մտնում է ուժի մեջ[2]։

Փորձագիտական շրջանակներում հաճախ նույնացվում են «Բիշքեքյան արձանագրություններն» անժամկետ զինադադարի մասին կնքված փաստաթղթի հետ։ Սակայն հստակորեն պետք է արձանագրել, որ «Բիշքեքյան արձանագրությունը» պարունակում էր հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված որոշակի առաջարկներ. ամրագրված էին ոչ միայն կրակի և թշնամական գործողությունների դադարեցման մասին դրույթները, այլև փախստականների վերադարձի, «գրավյալ» շրջաններից զորքերի դուրսբերման և միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը։ Հղում էր կատարվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, ինչը վկայում է այն մասին, որ արձանագրությունը միտված էր առաջին հերթին հակամարտության հետևանքների վերացմանը։ Որևէ կերպ չէր շոշափվում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հստակեցման հարցը, ինչն էլ փաստացիորեն հակամարտության պատճառն էր։

1994թ․ մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի մասին համաձայնությունն արձագանքն էր Բիշքեքում ձեռքբերված պայմանավորվածությունների և ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում։ Պայմանավորվածությունը հետագայում հիմք հանդիսացավ 1995թ․ կնքված զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնագրի կնքման համար։

Գնահատելով «Բիշքեքյան արձանագրության» նշանակությունը՝ պետք է փաստել, որ ստորագրելով արձանագրության տակ՝ Ադրբեջանն ընդունեց սեփական պարտությունը ռազմաճակատում և ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի, այլև Լաչինի, Քելբաջարի, Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանների կորուստը, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ամրագրեց իր պատասխանատվության շրջանակը՝ վերահսկողություն հաստատելով շուրջ 12.000 քառ. կմ տարածքի վրա։

«Բիշքեքյան արձանագրության» ստորագրումը հայկական դիվանագիտության հաջողությունն էր և առկա ռազմաքաղաքական իրավիճակի ամրագրումը։ Սա նշանակում էր, որ հայկական կողմի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունելի էին միջազգային հանրության և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության համար։

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և դիվանագիտական գերատեսչությունը՝ Վահան Փափազյանի ղեկավարմամբ, կարողացան հմտորեն առաջ մղել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը և ներկայացնել հակամարտությունը որպես ղարաբաղա-ադրբեջանական, այլ ոչ թե որպես հայ-ադրբեջանական։ Սրա մասին է փաստում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած չորս (822, 853, 874, 884) բանաձևերում Հայաստանի Հանրապետությանը հղում չկատարելու հանգամանքը։ Ավելին՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձև չընդունեց Լաչինի շրջանի ազատագրման վերաբերյալ, որը նույնպես համարվում էր ԼՂԻՄ հարակից շրջան և գտնվում էր Ադրբեջանի՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Անկասկած այս համատեքստում մեծ դեր և նշանակություն էին ունեցել Հայաստանի կառուցողական դիրքորոշումը և փոխզիջումներին կողմ լինելու քաղաքականության վարումը:

Պատահական չէ, որ «Բիշքեքյան արձանագրություններ»-ի ստորագրումից ամիսներ անց՝ 1994թ․ դեկտեմբերին, Բուդապեշտի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես հակամարտության լիարժեք կողմ[3]:

Այնուհանդերձ, «Բիշքեքյան արձանագրությունն» այդպես էլ չկարողացավ դառնալ Կողմերի միջև հակամարտության համապարփակ, խաղաղ կարգավորման հասնելու հիմք: Ադրբեջանը հետագայում որդեգրեց անզիջում կեցվածք և գնաց կոնֆլիկտը ռազմական ուղով լուծելու ճանապարհով:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (2020 ԹՎԱԿԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-10)

Իրավիճակ և մոտեցումներ

2018թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, «թավշյա» հեղափոխության արդյունքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տեղափոխվեց նոր փուլ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո հայտարարեց, որ իրավասու չէ բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից, և որ բանակցություններին պետք է մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Այս առաջարկը միանգամից մերժվեց Ադրբեջանի կողմից, իսկ ահա 2019թ․ օգոստոսին Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը հակասում էր հենց Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության հիմնավորմանը, քանզի չէր կարելի մի կողմից համարել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս, իսկ մյուս կողմից՝ պահանջել վերջինիս մասնակցությունը բանակցություններին: Այս հայտարարությունը թուլացրեց Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում՝ հայկական կողմի դիրքորոշումը դարձնելով ոչ միանշանակ ընդունելի և հասկանալի:

2021թ․ ապրիլին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարեց, որ 2019թ․ Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպմանը Կողմերին ներկայացվել է կարգավորման «փուլային» տարբերակ: Լավրովի այս հայտարարությունը հերքվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի մակարդակով: Ավելին, Հայաստանը հայտարարեց, որ իր համար անընդունելի են նաև Մինսկի խմբի համանախագահության առաջարկած տարբերակը, որը ներկայացվել էր Կողմերին դեռևս 2018թ․: Սա փակուղի տարավ բանակցային գործընթացը, ինչը դրսևորվեց 2020թ․ հուլիսին Տավուշի սահմանին հայ-ադրբեջանական ռազմական բախմամբ և օգոստոսին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացմամբ, որը տեղի ունեցավ Նախիջևանում: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ իր առջև նպատակ էր դրել ռազմակալել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և պատերազմի միջոցով հօգուտ իրեն լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:

Օգտվելով Ղարաբաղյան հարցում հայկական դիվանագիտության ձախողումից և Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունից՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց և կարողացավ օկուպացնել ոչ միայն ԼՂԻՄ հարակից Զանգելանի, Կուբաթլիի,  Ֆիզուլիի, Ջաբրայիլի շրջանները, այլև ԼՂԻՄ մաս համարվող Շուշին և Հադրութը։  2020թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն Ադրբեջանի նախագահ Ալիևի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրվեց հայտարարություն, որով ավարտվեց քառասունչորս օր տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում[4]։

Համեմատական ուրվագծեր

«Բիշքեքյան արձանագրության» հետ համեմատելիս որպես նույնաբովանդակ մոտեցումներ  պետք է նշել, որ «Մոսկովյան հայտարարությունն» առաջնային նպատակ էր հետապնդում ապահովելու ռազմական գործողությունների դադարեցումը շփման գծի ողջ երկայնքով։ Այն նույնպես արձանագրում էր փախստականների և տեղահանված անձանց վերադարձի անհրաժեշտությունը՝ անդրադարձ չկատարելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին։

Սակայն ի տարբերություն «Բիշքեքյան արձանագրության»՝ այն բովանդակային առումով առավել համապարփակ էր ընդգրկում հակամարտության հետևանքների վերացմանն ուղղված քայլերը՝ հանդիսանալով յուրատեսակ «ճանապարհային քարտեզ». մասնավորապես հստակ ժամանակահատված դրվեց հայկական կողմի առջև զինված ուժերը Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջաններից դուրս բերելու հարցում՝ թողնելով միայն հինգ կիլոմետրանոց միջանցք Հայաստանի և Արցախի ցամաքային կապն ապահովելու համար։ Հայկական զորքերի դուրսբերմանը զուգընթաց՝ հինգ տարի ժամկետով տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր։ Արձանագրվեց տրանսպորտային ապաշրջափակման, փախստականների և ներքին տեղահանված անձանց, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման անհրաժեշտությունը։ Այս բոլոր դրույթներն ամրագրված էին Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հակամարտության կողմերին տարբեր տարիների ներկայացված փաստաթղթերում: Բացառություն էր միայն Աղդամում թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծումը, որը միտված է հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելուն։

«Մոսկովյան հայտարարությունը» փաստացի հետևանք էր հայկական կողմի պարտության։ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր ստորագրել Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխման մասին փաստաթղթի տակ: Այնուհանդերձ, հարկ ենք համարում շեշտել, որ հայտարարությունը չի կարելի անվանել «կապիտուլյացիա»։ Նախ, որովհետև այն միջազգային պայմանագիր չէ և չի անցել վավերացման գործընթացը, և ապա՝ Լեռնային Ղարաբաղում գործառնում է հայկական իշխանությունը՝ պետական ինստիտուտներով հանդերձ։ Ավելին, Պաշտպանության բանակը շարունակում է հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի ստացել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը համարվում էր վերջինիս նպատակը, այլև ստիպված է եղել ընդունել (բացառությամբ Շուշիի և Հադրութի) նախկին ԼՂԻՄ կորուստը՝ այն թողնելով ռուս-հայկական հսկողության ներքո։

Ի տարբերություն «Բիշքեքյան արձանագրության»՝ «Մոսկովյան հայտարարությամբ» սահմանվող քայլերի հաջորդականությունն իրականություն է դարձել։ Ղարաբաղյան ուժերը դուրս են բերվել հայտարարությամբ սահմանված շրջաններից՝ պահպանելով սահմանված ժամկետները։ Լեռնային Ղարաբաղ են վերադարձել հազարավոր հայեր, որոնց անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված խնդիրները ճշգրտելու ուղղությամբ։ Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված ջանքերը համակարգելու համար ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որը ղեկավարում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերը[5]:

Այս քայլերի կատարումը հիմք է տալիս ունենալ վարկած առ այն, որ «Մոսկովյան» հայտարարությունը կարող է հիմք հանդիսանալ Խաղաղության պայմանագրի կնքման համար: Դրան հասնելու ճանապարհին անհրաժեշտ և կարևոր է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների հստակ կատարման անհրաժեշտությունը՝ մասնավորապես հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիրների լուծման համատեքստում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարող ենք ընդհանրացնել հետևյալ նմանությունները.

  • «Բիշքեքյան արձանագրությունը» և «Մոսկովյան» հայտարարությունն աներկբա նպաստեցին Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը:
  • Երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ջանքերով և միջնորդությամբ:
  • Երկու փաստաթղթերում էլ բացակայում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին դրույթը, փոխարենը՝ ամրագրված են փախստականների և տարածքների վերադարձման մասին կետերը:
  • Երկու փաստաթղթերն էլ չի կարելի անվանել «կապիտուլյացիա»:

Տարբերություններն ամփոփելիս կարող ենք առանձնացնել հետևյալները.

  • «Բիշքեքյան արձանագրության» ստորագրմամբ ամրագրվեց հայկական, իսկ «Մոսկովյան» հայտարարության ստորագրմամբ՝ ադրբեջանական կողմի ռազմական հաջողությունը:
  • Ի տարբերություն «Բիշքեքյան արձանագրության»՝ «Մոսկովյան հայտարարության» ստորագրմանը նախորդած ժամանակաշրջանում հայկական դիվանագիտությունը ձախողվել էր և փակուղի մտցրել հակամարտության բանակցային գործընթացը:
  • «Մոսկովյան հայտարարության» կետերը, ի տարբերություն «Բիշքեքյան արձանագրության», գտնվում են կատարման փուլում կամ արդեն իսկ կատարվել են:
  • Ի տարբերություն «Բիշքեքյան արձանագրության»՝ «Մոսկովյան հայտարարությունը» կարող է հիմք հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար:

 ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ

[1] Бишкекский протокол, 12.05.1994, http://www.parliament.am/library/LGH/doc_9.pdf?fbclid=IwAR1fpbXuKbuQzH0EPo2NDqD2bwfmELP2wsbA_jqrSxWuzxdsVhbyQszgVVs

[2] 1994թ․ մայիսի 12-ի անժամկետ զինադադարը, Թաթուլ Հակոբյան, 12.05.2016թ, https://www.civilnet.am/news/166903/1994-%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%BD%D5%AB-12-%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AF%D5%A5%D5%BF-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A8/?fbclid=IwAR0SOtVoMoG4VZ3LJb2pSUJ1NDopSGgnUbnX-sgPyA3t4Ksq82phohSldcY

[3] Բուդապեշտի գագաթնաժողով, Տ. Բալայան, http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_Budapeshti_gagatnajoxov?fbclid=IwAR3Lm6fp295NUKXQN_JTcZZyqHYP-7A5yKWH_ANYW0-7n0RvK1locv9qMvo

[4] Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 10.11.2020թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/?fbclid=IwAR0SOtVoMoG4VZ3LJb2pSUJ1NDopSGgnUbnX-sgPyA3t4Ksq82phohSldcY

[5] Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, 11.01.2021թ.

https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/?fbclid=IwAR3UkzFrNx23Ih0snpwQiKQPetG2LlZcteOTU1AjhBdSGyB6WPBw0m3UpM8

ԱՐՏԱՔԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ

Արցախը Հայաստան է և վերջ, https://www.civilnet.am/news/192977/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A7-%D6%87-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB/

Հայաստանի համար ընդունելի չեն ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները. ԱԳՆ խոսնակ, https://www.azatutyun.am/a/30571972.html

Արցախյան 44-օրյա պատերազմ, https://www.azatutyun.am/a/31029612.html

Արթուր ԱԴԱՄՅԱՆ

Ժողովրդավարության XXVI դպրոցի շրջանավարտ

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930