Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Նոյեմբեր 26,2021 18:34

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է

Վիվա-ՄՏՍ-ը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությունն սկսում են համատեղ ծրագիր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու համար: Գործընկերները նախապատվություն են տվել ծրագիրն իրականացնել ոչ թե ստատիկ, այլ ժամանակակից օրթեզներով:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ձեռք է բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ: Առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: Օրթեզավորման աշխատանքներն իրականացվելու են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:


Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: Ի տարբերություն ստատիկ օրթեզների, ձեռք բերված ժամանակակից օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն կտան կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն կբարձրացնեն նրանց կյանքի որակը:

«Դժվար է խոսել մի ծրագրի մասին, որի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով: Այնուամենայնիվ, ներկա իրավիճակը պարտավորեցնում է սթափ վերլուծել առկա խնդիրներն ու լուծումներ փնտրել: Կարևոր է վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելը: Տղաները պետք է պահպանեն իրենց ոգու ամրությունը: Նրանք այսօր ունեն են ոչ միայն գործիքային կամ մասնագիտական, այլև՝ հոգեբանական աջակցության կարիք: Այս ծրագրի հիմքում այդ նպատակների ապահովումն է: Ուզում եմ հավատալ, որ մեզ՝ գործընկերներիս, կհաջողվի վերականգնել վիրավորում ստացած երիտասարդների ինքնուրույնությունը: Դա նրանց  կյանքի որակը բարձրացնելու քայլերից մեկն է: Համատեղ ջանքերն անհրաժեշտ են, հոգատարությունը՝ պարտադիր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Օրթեզավորման ծրագրի շրջանակում իրականացվելու է ոտքի 70 և ձեռքի 30 օրթեզավորում՝ վիրավոր զինվորների համար: Դրանք լինելու են ժամանակակից դինամիկ օրթեզներ, որոնցով տղաներն ավելի ազատ կքայլեն, կենցաղում կլինեն ինքնուրույն: «Զինվորի տանը» կառուցվելու է նաև քայլքի լաբորատորիա, որը հնարավորություն կտա 2D տարբերակով տեսնել և ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները՝ արագ ու արդյունավետ լուծելով դրանք»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ՝ օրթեզավորման ծրագիրն իրականացվելու է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ և հրավիրված այլ նեղ մասնագետներ՝ ըստ ցուցման:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով գործընկեր կազմակերպությանը՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930