Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող նախագիծը կարող է նոր ներդրումային ծրագրերի հիմք դառնալ. Արմեն Սարգսյանն ընդունել է «Մասդար» ընկերության պատվիրակությանը

Նոյեմբեր 26,2021 18:00

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մասդար» ընկերության միջև այսօր, 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր:

Շնորհավորելով փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիրը կդառնա փոխշահավետ գործակցության սկիզբը: «Սա Ձեր ընկերության առաջին խոշոր նախագիծն է մեր երկրում, և ակնկալում եմ, որ այն շարունակություն կունենա ու հիմք կստեղծի հետագա երկարաժամկետ համագործակցության համար: Մենք միասին շատ գործ կարող ենք անել՝ ընդգրկելով ոչ միայն մեր երկրի համար չափազանց կարևոր վերականգնվող էներգիայի, այլև մի շարք այլ ոլորտներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հնարավորինս պատրաստ է աջակցել կարևոր ծրագրի հաջող իրականացմանը և գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

«Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և ծրագրի հայաստանյան գործընկեր, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել ծրագրի ընթացքի մասին: Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ընդգծել է, որ իրենք նույնպես շահագրգռված են ծրագրի հաջողությամբ և, որպես վերականգնվող էներգիայի ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն, պատրաստ են իրենց փորձը ներդնել Հայաստանում: «Վստահ եմ, որ ծրագրի հաջող իրականացումը Հայաստանում ներդրումների համար նոր հորիզոններ կբացի»,- ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930