Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը հրապարակվեց. Քոչարյանին նոր հոդվածով մեղադրելու համար դատախազության բողոքը մերժվեց

Նոյեմբեր 26,2021 17:44

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածի 1-ին մասով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ գործը կարճելու դեմ տուժող կողմի եւ դատախազության բողոքների գործով:
Վերաքննիչը որոշեց Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի ապրիլի 6-ի որոշումը թողնել անփոփոխ:

Սա նշանակում է, որ գլխավոր դատախազության բողոքը, որ բեկանեն առաջին ատյանի դատարանի որոշումը ու դիմեն ՍԴ՝ իրենց հնարավորություն տալով նոր հոդվածով մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, մերժվեց:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը եւ բողոքարկելո՞ւ եք, թե՞ ոչ՝ պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել բողոքարկման մասին. «Պատճառաբանությունները չգիտենք, համենայնդեպս, այն ներկայացրել ենք՝ բավարարելու ակնկալիքով»:

Ինչ վերաբերում է դատախազության բողոքին, Խուդոյանն ասաց. «Եվս մեկ անգամ փաստվեց, որ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը»: Առայժմ արդարացման վճիռը շարունակում է ուժի մեջ լինել, եթե իհարկե, սահմանված ժամկետում՝ 1 ամսվա ընթացքում Վճռաբեկ չդիմեն ու չբողոքարկեն:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քրեական գործը կարճելու եւ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացրել էր ապրիլի 6-ին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Որոշման հիմքում այն է, որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակած որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել էր ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930