ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու հանդես եկած Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ողջունում է իշխանության դեմ ընդվզման շարժումը։ «Մարդիկ կարողանում են շարժում ձեւավորվել, եթե կա դրված խնդիր, եթե կարողանում են ծրագիր ձեւակերպել, հեռանկարներ են ներկայացնում, թե ինչ պետք է անել։ Բայց չկա ղեկավար մարմին։ Կարծում եմ՝ կլինի»,-նշեց Վազգեն Մանուկյանը։
Խոսելով «Հայաստան» դաշինքի հայտարարած դիմադրության շարժման մասին՝ Վազգեն Մանուկյանը շեշտեց․ «Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կարող է շարունակել գործունեությունը։ Կարելի էր ձեւաչափը փոխել, առաջնորդներին փոխել, բայց պետք չէր գնալ ընտրությունների։ Ցավոք, գնացինք ընտրությունների եւ ստացանք նոր իրավիճակ։ Դեռ պետք է մարսել այս իրավիճակը։ Պատահական չէ, որ ես երկար ժամանակ չեմ խոսել, որովհետեւ ընտրություններից անմիջապես հետո ինչ-որ բան սկսելն անհնարին էր։ Բայց, կարծում եմ, ժամանակը հասունացել է։ Միավորում պետք է, բայց կրկնեմ, որ հստակ պետք է դնել խնդիր, ունենալ ծրագիր, հեռանկարներ, եւ պետք է լինի ղեկավար մարմին, այլապես քաոսային շարժում կլինի։ Առանց փողոցի հնարավոր չէ»։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությանը, Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ շատ ուշադիր չի հետեւում․ «ԱԺ-ում այդ բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ