Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանի պաշտպանը հիշեցրեց Փաշինյանի թափահարած մուրճը․ «Դատախազը դրանում հանցակազմ չէր տեսել»

Նոյեմբեր 26,2021 16:11

ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու հանդես եկած Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստում այսօր նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կարեն Բիշարյանին։ Պաշտպանը միջնորդությունը բացատրեց այն հանգամանքով, որ այս տարի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ Կարեն Բիշարյանը, հանդես գալով որպես պատասխանող կողմ-դատախազության ներկայացուցիչ, անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական առաջնորդների այն հայտարարություններին, որոնք ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը համարել են բռնության կոչ, ատելության խոսք, ընտրողների ազատ կամարտահայտության վրա ազդեցություն։

Էրիկ Ալեքսանյանը շեշտեց՝ Կարեն Բիշարյանը հայտնել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքերի առավել ցայտուն դեպքերը ստուգվել են, կայացվել է քրեական գործեր հարուցելը մերժելու որոշում․ «Կարեն Բիշարյանը մատնանշել է, որ կախված խոսքի համատեքստից, խոսքը արտահայտողից, խոսքի վնասի հնարավորությունից՝ պետք է գնահատել բռնության կոչի եւ սպառնալիքի հանրային վտանգավորությունը։ Այսինքն, քրեական հետապնդման մարմիներն այդ հայտարարություններն այս չափանիշներով են քննարկման առարկա դարձրել։ Բիշարյանի խոսքերից ստացվում է, որ դատախազությունը չորս դեպք է քննել, քրեական գործեր չեն հարուցվել։ Բիշարյանը մատնանշել է, որ որոշում կայացնելիս հաշվի են առել նաեւ միջազգային փորձը։ Նա ասել է, որ քաղաքական առաջնորդներ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակավ արդարացնող կոչեր։ Նա նշել է, որ այդ անձինք ելույթ են ունեցել որպես քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, ներկայացրել իրենց քաղաքական հայացքները, հետեւաբար, գտնվել են ազատ խոսքի պաշտպանության ներքո, եւ նրանց հայտարարությունները գնահատվել են որպես հանցակազմ չպարունակող հայտարարություններ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թափահարած մուրճին, ապա Կարեն Բիշարյանը մատնանշել է, որ Փաշինյանի ելույթներում կարմիր թելի նման անցել է գաղափարը, թե մուրճի գործադրումը սիմվոլ է եւ հետապնդում է օրենքի դիկտատուրա հետապնդելու եղանակ»։

Էրիկ Ալեքսանյանը շեշտեց՝ անհրաժեշտ է Կարեն Բիշարյանին հարցաքննել եւ պարզել՝ ՍԴ-ում նա նշյալ դիրքորոշումները հայտնել է որպես դատախազության ընդհանրական դիրքորոշո՞ւմ, թե՞ որպես իր՝ դատախազի դիրքորոշում։

Ըստ պաշտպանի՝ Վազգեն Մանուկյանի ելույթներում բռնություն գործադրելու կոչեր չեն եղել, բայց անգամ եթե պատկերացնենք, որ եղել են, ու եթե առաջնորդվենք Բիշարյանի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ այսօր Վազգեն Մանուկյանի հանդեպ մեղադրանք չէր լինի, իսկ այս գործով դատախազը կհրաժարվեր մեղադրանքից։

Դատախազ Ստեփանյանը հայտնեց, որ միջնորդության դեմ առարկում է, որովհետեւ չպատճառաբանված է, անհիմն․ «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկան այն անձն է, ում կարող են հայտնի լինել գործի հանգամանքներ։ Կարեն Բիշարյանի ասածներում չի կարող նման հանգամանքների մասին խոսք լինել։ Պաշտպանության կողմից փորձ է արվում դատախազին դիրքորոշում արտահայտելու համար հրավիրել դատարան ու պարզել, թե նա ինչու ունի նման դիրքորոշում։ Պաշտպանի փաստարկներն ուռճացված են ու այս գործի հետ առնչություն չունեն»։

Էրիկ Ալեքսանյանն ի պատասխան հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մուրճը տալու ենք գլխներին, ընդ որում՝ ժողովրդին դիմելով էր դա ասում․ «Բայց Կարեն Բիշարյանն ասել է, որ դրանում բռնության հատկանիշ չկա, դա քաղաքական հայտարարություն է։ Վազգեն Մանուկյանի դեպքում, անգամ եթե պատկերացնենք, որ նման բան է ասել, ստացվում է, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա, որ սա քաղաքական գործ է»։

Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ դատարանը դատախազ Կարեն Բիշարյանին հարցաքննելու փաստական հիմքեր չի տեսնում․ «Անձին կարծիք կամ դիրքորոշում հայտնելու համար դատարան որպես վկա կանչելու անհրաժեշտություն չկա»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ՝ կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930