Հայաստանում, ելնելով քաղաքական իրավիճակից, բնապահպանական խնդիրները հետին պլան են մղվել: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը: Բայց, ըստ նրա, բնապահպանական խնդիրները նույնպես լրջագույն են եւ անմիջականորեն առնչվում են մարդու կյանքին ու առողջությանը:
Օլեգ Դուլգարյանը «Մեդիա կենտրոնում» պատմեց, թե օրերս Լոռու, Արարատի, Սյունիքի մարզեր կատարած իրազեկման արշավի արդյունքում ինչ խնդիրներ են արձանագրել: Ասաց, որ Սյունիքում, օրինակ՝ հանդիպել են մարդկանց, որոնք հանքարդյունաբերության հետեւանքով այնպիսի պայմաններում են հայտնվել, որ մտադիր են արտագաղթել: Իսկ այնպիսի համայնքներում էլ, որտեղ ժամանակին մեծ թափով հանքարդյունաբերություն է եղել, իսկ հիմա էլ միայն պոչամբարներ ու արտադրական թափոններ են մնացել, մարդիկ չեն ցանկանում ապրել, զբոսաշրջությունը զարգացնելու, ներդրումների մասին էլ չի կարող խոսք լինել:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով, մարդիկ, որոնք ապրում են աղտոտված համայնքներում, լավ իրազեկված են հանքարդյունաբերության վնասարար հետեւանքների մասին, սակայն այնքան վատ սոցիալ-տնտեսական պայմաններում են ապրում, որ աշխատանք ունենալը գերադասում են իրենց ու սերունդների առողջությունից:
Ինգա Զառաֆյանի խոսքով, իրենք չեն ուզում խոչընդոտել հանքարդյունաբերությանը, միայն պահանջում են, որ այն մտնի օրենսդրական դաշտ եւ աղտոտվածությունը չլինի այնպիսի մասշտաբներով, ինչպիսին այսօր է: Նա, հղում անելով ԵՊՀ գիտական հետազոտություններին, ասաց, որ Հայաստանում կան մոտ 1 միլիարդ տոննա պոչեր, որոնք հավաքված են ե՛ւ շահագործվող ե՛ւ փակված պոչամբարներում. «Տարեկան 20-25 միլիոն տոննա պոչեր լցվում են պոչամբարներ: Մեր երկրի մեկ տոկոսից ավելին արդեն ունենք աղտոտված տարածքներ, այն էլ՝ այն կերպ աղտոտված, որը չես կարող հետ բերել նախկին վիճակին»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, այսօր որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում հանքարդյունաբերությունը խախտումներով իրականացնելու համար, իսկ վնասի համար նախատեսված տուգանքները չափազանց ցածր են եւ անհամաչափ են այն խախտումների համեմատ, որոնք ընկերություններն իրենց թույլ են տալիս:
Իրավապաշտպան Նազելի Վարդանյանի խոսքով, մի կողմից օրենսդրության մեջ կան կարգավորումներ, սակայն չեն կիրարկվում, մյուս կողմից անհրաժեշտ են օրենսդրական նորմեր, որպեսզի այս ոլորտը կարգավորվի. «Հանքարդյունաբերությունը պետք է սկսվի փորձաքննությունից, բայց մեր երկրում ռեալ փորձաքննություն չի անցնում, դա խաբկանք է: Այդ օրենքն անընդհատ փոխելով, թուլացնում ենք, որովհետեւ, տեղում փորձաքննություն չի արվում, այլ արվում է փաստաթղթային փորձաքննություն: Այսինքն՝ ձեռնարկողն, ինչ փաստաթուղթ ներկայացնում է նախարարություն, դրանց հիման վրա էլ տրվում է եզրակացություն: Ամեն ինչ աչքաչափով է. Չեն տեսնում տեղանքը, չեն տեսնում՝ սոցիալական ի՛նչ խնդիրներ կան, կենսաբազմազանության ի՛նչ խնդիրներ կան եւ այլն»:
Ըստ Նազելի Վարդանյանի, «ամենասարսափելին» այն է, որ տեխնիկական փորձաքննությունն էլ է «կաբինետներում անցնում»: «Մասնագետները չեն գնում եւ տեղում չեն նայում, թե ինչ տարածք է, ինչ ապարներ են այնտեղ: Մենք տասը տարի շարունակ պայքարում էինք Թեղուտի համար՝ ասելով, որ այնտեղ վթարային իրավիճակ է լինելու, սակայն որեւէ մեկը չլսեց եւ տվեցին դրական եզրակացություն: Արդյունքը եղավ այն, որ այդ պատվարը ճաք տվեց եւ միջազգային կազմակերպությունները տվեցին եզրակացություն, որ վթարային է: Այսինքն՝ դա դանդաղ գործող ռումբ է, որը կարող է ցանկացած ժամանակ փլուզվել եւ մի քանի գյուղ վերանա եւ այնպիսի աղտոտում առաջացնի, որ ընդհանարապես չկարողանանք դրա հետեւանքները վերացնել»,-ասաց Նազելի Վարդանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ