Այսօր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում ռեկտոր Դավիթ Խիթարյանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ուսանող շախմատիստների աշխարհի անդրանիկ հեռավար առաջնության ոսկե մեդալները հանձնեցին մարզական միակ բուհի 3-րդ կուրսի ուսանող, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանին եւ մագիստրանտ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանին:
Աննա Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են կայծակնային շախմատում: Միաժամանակ Աննան արծաթե մեդալի է արժանացել նաեւ արագ շախմատում:
Շնորհավորելով շախմատիստներին՝ Դավիթ Խիթարյանը նշեց, որ ինստիտուտի ուսանողները ազգային հավաքականների եւ անձնական մարզիչների ղեկավարությամբ ընթացիկ տարում բավականին լուրջ նվաճումներ են արձանագրել ամենահեղինակավոր առաջնություններում ու մրցաշարերում, սակայն բուհի գլխավոր գործառույթը իր ուսանողներին կրթելն է ու ապագայի համար նրանցից բարձրակարգ մասնագետներ պատրաստելը: Եվ դա իրենց հաջողվում է որակյալ դասախոսների աշխատանքի ու ֆեդերացիաների հետ սերտ համագործակցություն հաստատելու շնորհիվ, ինչի լավագույն օրինակներից մեկն էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիան է:
Սմբատ Լպուտյանը նույնպես ընդգծեց ինստիտուտի ուսանողների նվաճումները ընթացիկ մրցաշրջանում՝ նշելով հատկապես շախմատիստների թիմային եւ անհատական ձեռքբերումները, ինչպես Հայաստանի ներքին առաջնություններում, այնպես էլ համաշխարհային ու եվրոպական խոշոր մրցաշարերում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ