Ռուսական կողմն ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ այսօր Սոչիում կայանալիք հանդիպմանը կհաջողվի ուրվագծել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները:
«Մեր ակնկալիքները, ինչպես և այդ երկու երկրներում, Ռուսաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ապրող մարդկանց ակնկալիքը, այն է, որպեսզի հնարավորինս շուտ գա տարածաշրջանում երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Ռուդենկոն:
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, հանդիպումը նպատակ ունի ամփոփել եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած մեկ տարին, նայել՝ ինչ է արվել, և ինչ է հնարավոր անել՝ խաղաղության գործընթացի առաջմղման համար:
«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպմանը համաձայնագիրը ստորագրած երեք երկրների առաջնորդները կուրվագծեն հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն:
Կարդացեք նաև
Միաժամանակ, փոխնախարարը նշել է, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում շարունակում են մնալ խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են:
«Դրանք վերաբերում են և՛ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և՛ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, և անգամ մարդիկ են զոհվում»,- ասել է Ռուդենկոն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ