Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի խոսքից չեմ հրաժարվում․ թող իրավաբանները վիճեն, ես էլ հաճույքով կնայեմ»․ Վազգեն Մանուկյանը՝ դատավորին

Նոյեմբեր 26,2021 15:18

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն էր, որի ընթացքում մեղադրող-դատախազ Ստեփանյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Նա մեջբերեց 2020թ․-ի դեկտեմբերին եւ փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երկու ելույթներն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ այդ ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանն, ի թիվս այլ կոչերի, ասել էր․ «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Դատախազն ընթերցեց նաեւ «պլան Բ»-ի մասին Վազգեն Մանուկյանի խոսքերը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ՝ կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու  հրապարակային կոչեր։

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո՝ դատավոր Վահե Միսակյանը մեղադրյալ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի մեղադրանքի առնչությամբ։

Վազգեն Մանուկյանն ասաց․ «Մեծ հետաքրքրությամբ լսեցի։ Ես 33 տարի քաղաքականության մեջ եմ՝ իշխանության, ընդդիմության մեջ։ Հազարավոր ելույթներ եմ ունեցել, որոնց մի մասը վերցրել, ընթերցել եք։ Ոչ մի խոսքիցս չեմ հրաժարվում, բայց նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել, թող իրավաբանները վիճեն, ես էլ կնայեմ, թե ոնց են ապացուցելու։ Ես մեղադրանքը չեմ ընդունում, բայց իրավական գնահատականը պետք է տան իրավաբանները»։

Այնուհետեւ Վազգեն Մանուկյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդում հայտնեց, որ մեղադրանքը պարզաբանված չէ, դատախազին ուղղված հարցեր կան։

Պաշտպանը մասնավորապես նկատի ունի այն, որ ըստ մեղադրանքի՝ Վազգեն Մանուկյանը կատարել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր․ «Բռնություն ասելով ի՞նչ եք հասկանում։ Ո՞ր իշխանության մասին է խոսքը։ Ձեւակերպումներն ընդհանրական են։ Ինձ որոշակիորեն հասկանալի է, բայց պարոն Մանուկյանը իրավաբան չէ, չունի «բռնություն» հասկացության վերաբերյալ պատկերացում»։

Դատավորը դիմեց Վազգեն Մանուկյանին․ «Ձեզ հասկանալի չի՞, թե ինչ է նշանակում բռնություն»։

Վազգեն Մանուկյանը ժպտալով պատասխանեց․ «Չէ, ես նոր նկատառում արեցի, որ իրավական տերմինաբանությամբ դուք իրար հետ վիճեք, իսկ ես կլսեմ հաճույքով»։ Ապա պաշտպանը հավելեց՝ ինքը չի գտնում, թե Վազգեն Մանուկյանն ասել է՝ կգնաք սրան կծեծեք, կջարդեք․ «Բռնության կոչ անելը ենթադրում է որեւէ մեկին, օրինակ, մարմնական վնասվածք պատճառել, կյանքից զրկել, մինչդեռ դատախազի կարդացածում նման հատկանիշներ չտեսա։ Կամ, ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգ։ Մինչեւ օրս նորմալ իրավական մեկնաբանություններ չկան 300.1 հոդվածի մասին»։

Դատախազ Ստեփանյանը պատասխանեց, որ ՍԴ-ն դիրքորոշում ունի նշյալ հոդվածի հետ կապված։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930