«Երբ ասում են՝ այս իշխանությունն ապազգային է, դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Այս իշխանությունը բաղկացած է այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմությունը, չգիտեն՝ ով է թշնամի, ով է բարեկամ, հետեւաբար այս իշխանություններից կարելի էր այսպիսի քայլեր սպասել…Նրանք հատել են բոլոր կարմիր գծերը»,-«Հայելի» ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Հասարակության մեջ ատելություն՝ հերոսների հանդեպ, թշնամու կերպարը՝ հավաքականացված, նախկիններն են… Հասարակության մեծ մասին նրանք կարողացել են այն թույնը ներարկել, որ թշնամին ոչ թե սահմանից այն կողմ կանգնածն է, ոչ թե այն երկիրն է, որը դարերով մեր հանդեպ թշնամական քաղաքականություն վարած Թուրքիան է, այլ մեր ներսում եղած մարդիկ են, այն գեներալները, որոնք կայացրել են այս երկիրը, այն պաշտոնյաները, գործիչները, որոնք այս երկիրը ստեղծել, զարգացրել են՝ թեկուզ իրենց սխալներով, թերացումներով հանդերձ»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա ձեւակերպմամբ, հիմա, երբ արդեն ստեղծվել է հավաքական թշնամի՝ 680 000 զանգվածի համար, որը, ըստ պրն Մելքոնյանի՝ որոշել է քանդել այս երկիրը՝ Նիկոլ Փաշինյանին ձայն տալով, շատ սպասելի էր հաջորդ քայլը. «Թվում էր, թե որեւէ մեկին չպետք է բացատրել, թե ով է Թուրքիան, ով է Ադրբեջանը, ինչ քաղաքականություն են վարել այդ երկրները, պե՞տք է արդյոք նրանցից սպասել ցեղասպանության շարունակություն եւ այլն… Բայց հիմա մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ երկրի ղեկավարը՝ Փաշինյանը, երկու-երեք օր առաջ իր ասուլիսում հարցնում էր Թուրքիային՝ իրո՞ք նա ուզում է մեզ ցեղասպանության ենթարկել, Ադրբեջանն իրո՞ք ուզում է վերացնել Հայաստանի Հանրապետությունը…
Եթե այս հարցը տա վատ սովորող դպրոցականը, միգուցե ասես՝ գիտելիքներ չունի, բայց երբ հարց է տալիս երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հարցը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Այսինքն, Հայաստանի ղեկավարը հրապարակավ հարցադրում է անում՝ միգուցե Թուրքիան այդքա՞ն էլ չի ուզում ցեղասպանության ենթարկել մեզ ու դրանով հերքում է նախորդ տասնամյակների գիտական այն գրականությունը, որ ապացուցում է Թուրքիայի ցեղասպան երկիր լինելը… Փաշինյանի այս հարցադրումը ոչ միայն հերքում է նախորդ տասնամյակների մեր նվիրյալներին, մեր ամբողջ ֆիդայական շարժումից սկսած՝ մեր հերոսամարտերն է հերքում, որոնք ցեղասպանության չենթարկվելու համար են արվել…
Կարդացեք նաև
Հերքում է նաեւ Արցախյան պատերազմները եւ 44-օրյա պատերազմը, որովհետեւ հարցնում է՝ արդյոք Ադրբեջանն ուզո՞ւմ է Հայաստանը ոչնչացնել… Իլհամ Ալիեւը բառացիորեն ասում է՝ մենք Հայաստանը պետք է ոչնչացնենք բառիս բուն իմաստով: Ենթադրում եմ, որ Փաշինյանի օգնականները կարող են այդ նյութերը գտնել… »:
Թուրքագետը շեշտում է. «Թուրքիայի գաղափարական տեսլականի հիմքում այդ երկրի հիմնադիր Աթաթուրքի հետեւյալ լոզունգն է՝ ֆիզիկապես եւ բարոյապես ոչնչացնել Հայաստանը: Հայաստանը ֆիզիկապես եւ բարոյապես ոչնչացնելու գաղափարը 100 տարի եղել է եւ այսօր էլ կա Թուրքիայի գաղափարական հիմքում, ինչը փոխանցվել է Ադրբեջանին»:
Մելքոնյանը զարմանքով փաստում է, որ հասարակության 30%-ը նման գաղափարների հանդեպ չեզոք է, եւ չի ընդվզում, ընդհակառակը՝ մտածում է՝ միգուցե Ադրբեջանը թշնամի չէ, միգուցե Թուրքիան ցեղասպան երկիր չէ. «Այս իշխանությունն իր տարբեր արբանյակներով, այդ թվում՝ գլուխները ջայլամի պես ավազի մեջ մտցրած մտավորականների կամ մտավորական հորջորջածների եւ այլոց միջոցով, այս թույնը ներարկել է հասարակությանը…Սա նման է տրոյական ձիու, որ մտել է մեր մեջ…»,- ասում է թուրքագետը եւ զարմանք հայտնում, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ չի զղջում, խղճի խայթ չի զգում երկրի հետ կատարվածի համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ