Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն ԱՆ-ից պահանջեց վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության և վարակվելիության վերաբերյալ

Նոյեմբեր 26,2021 13:08

Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Հայաստան» դաշինքի դիմումի բանավոր քննության ժամանակ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջել հնգօրյա ժամկետում ներկայացնել ՍԴ-ին ԱՆ՝ աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ թեստ ներկայացնելու պահանջը չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու որոշման վերաբերյալ տեղեկատվություն:

Այս միջնորդության հետ կապված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասաց՝ ինքն այդ տեղեկատվության անհրաժեշտությունը չի տեսնում, սակայն դեմ չէ դրա ներկայացմանը:

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն ասաց՝ որպես զեկուցող, որպեսզի տարաբնույթ մեկնաբանություններ չլինեն, ինքն իր դիրքորոշումն է ցանկանում հայտնել. «Ուզում եմ ներկայացնել, թե որպես սույն գործով զեկուցող ինչո՞ւ համապատասխան հարցում չեմ ուղարկել մարմիններին: Ես խնդիր եմ տեսնում իրավական հետևանքները կամ պատասխանատվությունն ամրագրող իրավական նորմերի կոնկրետացման որոշակիության հետ կապված: Պահանջի հասցեատիրոջ հետ կապված ևս խնդիր եմ տեսնում»:

RA Constitutional Court examines the case to determine the issue ‘On Ensuring Sanitary and Epidemiological Security of the Population of the Republic of Armenia’ on the basis of the application of at least one fifth of the total number of RA National Assembly deputies

Այս միջնորդության հետ կապված երկխոսություն ծավալվեց դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Էդգար Շաթիրյանի միջև: Արևիկ Պետրոսյանը հայտարարեց. «Հայտարարել, որ նախարարի հրամանն իրավական հետևանք չի առաջացնում, դա որոշակի պատասխանատու հայտարարություն է, որը կատարում եք և հրապարակային դատաքննության ընթացքում հայտարարում: Եթե այն համոզմանն եք, որ նախարարի կողմից սահմանված պայմանները չբավարարելը՝ մասնավորապես 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան չներկայացնելն իրավական հետևանք չի առաջացնում, հասկանալի է, եթե ոչ, ապա մեր հայցվող տեղեկատվությունն անհրաժեշտ է, քանի որ դրա հստակեցման լծակներն ունի նախարարությունը»:

Էդգար Շաթիրյանն արձագանքեց. «Ինձ վրա նման պատասխանատվություն չեմ էլ վերցնի նման հայտարարություն անել: Իմ ասելիքն այն էր, որ եթե ենթադրյալ իրավական հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն ենք հայցում, ուրեմն պիտի հղում կատարենք այդ իրավական հետևանքները նախատեսող իրավական դրույթներին»:

Այնուհետև Էդգար Շաթիրյանը հայտարարեց, թե Հանրային ծառայությունների մասին օրենքում և Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ ու լրացումներ, և Աշխատանքային օրենսգրքում այս համատեքստում իրավական հետևանքների առումով հարցը գնահատողական տիրույթում է: Արևիկ Պետրոսյանն էլ արձագանքեց՝ մենք գործ ունենք գործող օրենքների հետ, ոչ թե փոփոխությունների:

Ի վերջո, միջնորդությունն ընդունվեց: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց՝ ՍԴ-ն պատասխանողից՝ Առողջապահության նախարարությունից, պահանջում է նաև ՍԴ-ին ներկայացնել թեստավորման նվազագույն և առավելագույն գները այսօր շուկայում գործող, վիճակագրություն կապված պատվաստված անձանց վարակելիության և վարակվելիության վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930