Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապանի 31 գյուղական բնակավայրերի համար կստեղծվեն 13 արդիական ենթակառուցվածքներ». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Նոյեմբեր 26,2021 12:20

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում անդրադարձավ դպրոցների, նախակրթարանների շինարարության ծրագրերին, հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Ասաց, որ կառավարության ծրագրում ամրագրված են մի շարք թիրախներ, խոսքը շուրջ 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների, նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման մասին է, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում՝ մի շարք գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

Նա նշեց, որ ՀՀ տարբեր համայնքներում կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ, փոքրաքանակ երեխաներով բնակավայրերում՝ այլընտրանքային նախադպրոցական ծրագրերով են փորձում հարցը լուծել, որոնք դրամաշնորհային ծրագրերի միջոցով են իրականացվում: Արդեն 10 բնակավայրերում նման ծրագրեր իրականացվել են:Նախարարի տեղակալը հավելեց, որ միայն այս տարի շուրջ 30 սուբվենցիոն ծրագրեր են եղել, որոնք վերաբերել են նախադպրոցական հաստատություններին: Ասաց նաեւ, որ Երեւան քաղաքում էլ քաղաքապետարանի հետ համատեղ են նման ծրագրեր իրականացվում:

Խոսեց նաեւ դրամաշնորհով եւ պետական բյուջեի հաշվին դպրոցների հիմնանորոգման, սեյսմիկ անվտանգության բարելավման աշխատանքներից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում իրականացվող նոր ծրագրին, որը նրա խոսքով՝ կրթական որակյալ ծառայությունների խնդիր է հետապնդում:

Ընդգծեց, որ Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերի համար նախատեսում են ստեղծել 13 արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ:

«Հաշվի առնելով կառավարության ծրագրում ամրագրված կրթական հաստատությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման մեծ ծավալները՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է մի շարք օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխություններ»,-ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը: Նա ներկայացրեց այն փոփոխություններն ու լրացումները, որոնց միջոցով հույս ունեն դյուրինացնել քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործընթացը: Դավիթ Գրիգորյանն ասաց, որ այս տարվա սկզբին փոխել են նաեւ սեյսմակայուն շինարարության նորմերը, ինչը հնարավորություն կտա ավելի որակյալ եւ ավելի սեյսմակայուն շենքեր կառուցել՝ մասնավորապես նախակրթական հաստատություններ եւ դպրոցներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930