Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչվորները, 18-րդ դարի կեսերից տիրանալով տարածքին, տարիների ընթացքում հիմնովին ավերել են հայոց հանգստարանը, սակայն, ինչ էլ անեին, միեւնույն է որեւէ ապացույց մնալու էր. կոտրված խաչքարերն էլ են պատմում. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 26,2021 11:38

Հակարի գետի Հոչանց եւ Շալուա վտակների միջանկյալ սարալանջերին են Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, որոնցում, ազատագրվելուց հետո, հայտնաբերվեցին պատմական հուշարձաններ՝ հաստատելով տարածքի՝ դարեր ի վեր հայկական լինելու մասին: Եթե նույն սարալանջերի աջ ու ահյակ ընկած նմանատիպ տարածքներում պահպանվել են եկեղեցիներ՝ կանգուն կամ կիսավեր, ապա այս մասում միայն խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ են մնացել՝ այն էլ թուրքա-քրդաշեն տների ու այլ կառույցների պատերի մեջ:

Հիմնահատակ քանդվել է մինչեւ 1918 թ. տարածքում գոյատեւած միակ հայկական բնակավայրի՝ Ալիղուլիի (այժմ՝ Ղազարապատ), եկեղեցին. գյուղում մի քանի տապանաքարի մնացորդներ են պահպանվել: Հարեւան Գողթանիկ (Փիրջահան) գյուղում մոտ մեկ տասնյակ խաչքար ու տապանաքարեր էին պահպանվել՝ հատված ու բեկորների վերածված, դարձյալ հանված պատերի միջից: Գողթանիկից հարավ ընկած Գանձա գյուղում միայն մի աղբյուր է պահպանվել, իսկ գյուղից ներքեւ՝ Շալուա գետի վրա, քարակերտ ու հետաքրքիր հորինվածքով կամուրջը, որն ունի մոտ 10 մետր բարձրություն եւ նույնքան թռիչք, այսօր էլ պատմում է մեր պապերի՝ հանճարեղ շինարար լինելու մասին: Այս կամրջով Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք եւ մոտակա գավառները՝ Շալուա գետի ձախ ափից կապ են հաստատել Սյունյաց նահանգի Աղահեջք-Քաշաթաղ գավառի եւ դեպի արեւմուտք ընկած բնակավայրերի հետ: Գյուղից դեպի արեւմուտք՝ ավելի բարձր դիրքում, քրդական 19-20-րդ դարերի դամբարաններ ու մի քանի գերեզմանաքարեր կան, որոնք պատկանել են քուրդ սեյիդների, եւ այդ պատճառով գյուղը կոչվել է Սեյիդլար: Այստեղով մի ճանապարհ էլ բարձրանում է ավելի վեր եւ ձգվում տարածքի մնացած 2 գյուղերը՝ Դրախտաձոր եւ Անի:

Քաշաթաղի շրջանի դպրոցականները՝ Սպիտակաջրից Գեւորգ Խոջոյանը, Շրվականից Սարո Թունյանն ու իր եղբայր Հարութը, Ղուշչի գյուղից Դաղունց եղբայրները եւ այլք այդ տարիներին հայկական մի շարք հուշարձանների տեղեր ասացին, որոնց մասին եղել են նյութեր մամուլում։ Ցավ է՝ արցախյան վերջին պատերազմում հերոսաբար նահատակվեց Սարոն, ով ամիսներ առաջ էր զորացրվել բանակից, եղել էր դիպուկահար։ Տարեցներից Հոչանց գյուղի բնակիչ, նաեւ՝ համայնքի ղեկավար Հունան Զեյնալյանը, Արտաշավիի դպրոցի զինղեկ Վահրամ Հարությունյանը, Լեռնահովիտից դպրոցի տնտեսվար Կարենը, Արվականից որսորդ Գարեգինը, Վազգենաշենից Միքայել Բալայանը եւ այլ բնակավայրերի բնակիչներ դարձյալ տարբեր հուշարձանների, հիմնականում հայկական հանգստարանների ու կոտրտված խաչքարերի, տապանաքարերի տեղեր ցույց տվեցին։

Քոչվորները, 18-րդ դարի կեսերից տիրանալով տարածքին, տարիների ընթացքում հիմնովին ավերել են հայոց հանգստարանը, սակայն, ինչ էլ անեին, միեւնույն է որեւէ ապացույց մնալու էր:

Այսօր, բացի այս խաչքարերից, ողջ Քաշաթաղը՝ հարյուրավոր խաչքարերով ու տապանաքարերով, մի քանի տասնյակ վանք ու եկեղեցիով, մատուռներով, կամուրջներով ու ջրաղացներով, ամրոցներով ու բնակատեղիներով, որոնք հազարավոր տարիների ընթացքում կերտել էին մեր պապերը, 1992-93 թթ. ազատագրեցին հայ ազատամարտիկները, շրջանը վերաբնակեցվեց ու շենացավ մեր կողմից, կրկին մնաց գերության մեջ, եւ նույն տարածքներից են այժմ թուրքերը բարձրանում Մեծ Իշխանասար ու կրակի տակ պահում արդեն Հայաստանի Հանրապետության սահմանը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930