Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ, փաստաբան Վրեժ Խաչիկյանը միացել է Ազատագրական շարժմանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից եմ: Պատերազմ բառը ցավով եմ ասում, որովհետեւ լավ կլիներ, որ պատերազմ չլիներ: Բայց եղավ: Հիմա մեր հարազատները՝ քույր, եղբայր, ընկեր, բարեկամ, ծնող, որդի, ծանոթ, անծանոթ, որոնք իրենց կյանքին հրաժեշտ տվեցին՝ զոհվելով հայրենի հողի համար, Բարձրյալի մոտ են: Երբ մեր կյանքի մայրամուտը ապրելու եւ նրանց միանալու հերթը հասնի, այնտեղ, վերեւում նրանց ի՞նչ պատասխան ենք տալու,, թե իրենց զոհվելուց հետո մենք ի՞նչ ենք արել: Նաեւ մեր զավակներին ժառանգություն թողնելիս փողի՞ց ենք խոսելու, թե՞ անվտանգ հայրենիք թողնելուց: Դրա համար եմ այսօր այստեղ, պայքարի մեջ…
Մենք Արցախը չենք հանձնել անկախ նրանից, որ այսօր այն կարգավիճակում, կամ վիճակում չէ: Հետեւաբար, մենք պետք է թույլ չտանք Հայաստանը մասնատել: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ միանալ ազգային-ազատագրական այս պայքարին, որպեսզի թշնամուն էլ ցույց տանք, որ երկրի ներսում համաձայն չենք իշխանությունների իրականացրած այն գործողություններին, որ կատարում են այսօր, հատկապես, վարչապետը: Որոշումը ժողովրդինն է: Իսկ ժողովրդի նաեւ այն հատվածը, որն իր ձայնը տվել է վարչապետին, նրան ընտրել է իշխանություն իրականացնելու, այլ ոչ թե իշխանությունը յուրացնելու եւ ժողովրդին վերաբերվող հարցերին միանձնյա լուծում տալու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ