Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը եռակողմ հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին ուղիղ հարվածներ է հասցնում բանակցությունների հիմքում դրված նպատակներին. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 26,2021 10:54
adrbejan

Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանը հրահրում է սողացող պատերազմ: Մեկ շաբաթվա ընթացքում վերջինիս զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքում հարձակում գործեցին Սյունիքում, որին հաջորդեցին հրադադարի խախտումները Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի սահմաններին: Ադրբեջանի նման վարքագիծն առավել քան անտրամաբանական եւ տարօրինակ է, հատկապես՝ այսօր Սոչիում նախատեսված եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ: Եթե նման սադրանքներով փորձ է արվում հայկական կողմի վրա ճնշում գործադրելով բանակցություններում ցանկալի արդյունքների հասնել, ապա այդ գործելաոճն ուղղակի կարող է առնվազն անիրատեսական գնահատվել:

Մյուս կողմից` այս գործողությունները չեն տեղավորվում Սոչիի բանակցությունների՝ հրապարակված օրակարգի համատեքստում: Ավելին՝ դրանք հակասում են հանդիպման հիմքում դրված նպատակներին: Հանդիպման նախաձեռնող ՌԴ-ի հրապարակայնացրած օրակարգի համաձայն՝ հանդիպմանը քննարկվելու են արցախյան հակամարտության համատեքստում 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացմանը, Արցախի Հանրապետության շուրջ խաղաղ կյանքի հաստատմանը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։ Հետեւաբար՝ ստացվում է, որ Ադրբեջանը եռակողմ հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին սկսում է ուղիղ հարվածներ հասցնել բանակցությունների հիմքում դրված նպատակներին: Այսինքն՝ բանակցություններում քննարկվելու են խաղաղության եւ համագործակցության հարցերը, ինչն իր գործողություններով հետեւողաբար արժեզրկում է Ադրբեջանը:

Պաշտոնական Բաքվի նման վարքագիծը մինչեւ բանակցություններն արդեն կանխորոշում է դրանց ընթացքը եւ ելքը: Աբսուրդի ժանրից են տարածաշրջանում Ադրբեջանի նման ռազմական սադրանքները, երբ վերջինս զուգահեռ պարբերաբար խոսում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացման, տնտեսական համագործակցության մասին՝ ոչ միայն դրա համար չստեղծելով անհրաժեշտ նվազագույն պայմանը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար, այլեւ ճիշտ հակառակը՝ ամեն կերպ խոչընդոտելով դրան: Անհնար է եւ՛ պատերազմել, եւ՛ բանակցել, դա աբսուրդ է, մարդկության պատմության հազարամյա էջերում նման դեպքեր չկան:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930