Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարզաբանումները Ալեն Սիմոնյանի համար գնվելիք մեքենայի վերաբերյալ. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2021 10:33

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հարցին, թե ինչու են որոշել առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման կարգով ձեռք բերել մեքենան, ասաց՝ շտապ գնում էր, այլ տարբերակ չունեին, քանզի ԱԺ նախագահին սպասարկող մեքենա փաստացի չկար այս պահին։ Թեեւ, նկատենք, ԱԺ ավտոպարկում ԱԺ նախագահին սպասարկող եւս մեկ ավտոմեքենա կա՝ Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որը նույնպես 10 տարվա հնության է, եւ այն եւս մաշվել է։ Բացի այդ, տվյալ ամենագնացն ավելի շատ մարզային այցելությունների համար է օգտագործվում։

Ի դեպ, մրցույթ հայտարարելու համար առանձնապես շատ տարբերակներ չունեին, իրականում։

Քանի որ ԱԺ նախագահին ի պաշտոնե ներկայացուցչական դասի ավտոմեքենա է հասնում, դրա համար պետք էր նմանատիպ ավտոմեքենա փնտրել լյուքս դասի սեդաններ արտադրող ընկերությունների ավտոսրահներում։ Իսկ ներկայացուցչական դասի սեդաններ այսօր Հայաստանում վաճառվում են ընդամենը երեք-չորս ընկերությունների ավտոսրահում՝ BMW-ի, Mercedes-Benz-ի, Audi-ի եւ Lexus-ի, համապատասխանաբար՝ BMW 7-Series, Mercedes-Benz S-Class, Audi A8 եւ Lexus LS։ Կա նաեւ Banetley-ն՝ իր Flying Spur եւ Мulsanne մոդելներով, բայց դրանք արդեն ուլտրաշքեղ դասի սեդաններ են՝ շատ բարձր արժեքով։

Հայաստանում ներկայացուցչական դասի մոդելների հարցում հիմնականում օգտվում են Mercedes-ի եւ BMW-ի համապատասխան մոդելներից, շատ քիչ՝ նաեւ Audi-ից եւ Lexus-ից:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ասաց, որ ԱԺ նախագահի համար նախ դիտարկել են Mercedes S-Class ձեռք բերելու հարցը, սակայն Mercedes-ի հայաստանյան ներկայացուցչությունում նախ առկա մեքենա չի եղել, եւ պետք էր հարցում ուղարկել Գերմանիա ու նոր մեքենա պատվիրել, բացի այդ՝ Mercedes-ն ավելի թանկ է եղել։ Audi չեն ցանկացել գնել, քանի որ այն լավ մեքենա է, բայց մի քիչ ավելի շատ ծախսատար՝ համեմատած մրցակից մյուս մակնիշների հետ։ Lexus չեն դիտարկել՝ չի բացառվում նաեւ այն պատճառով, որ Lexus-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն պատկանող «Տոյոտա Երեւան» ընկերությունն է, Իսկ «Եվրոմոթորսի» հետ ի սկզբանե ԱԺ-ն ունեցել է պայմանագիր, ուստի «ստիպված» գնացել ու մեկ անձից գնման կարգով BMW 750 են ձեռք բերել։

Նշենք, որ «Եվրոմոթորս» ընկերությունը, որ տարիներ ի վեր հանդիսանում է Հայաստանում գերմանական BMW ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ի սկզբանե պատկանում էր Հայրապետյան եղբայրներին, սակայն մի քանի տարի է՝ այն ձեռք է բերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Եվ ԱԺ աշխատակազմը որոշել է մեկ անձից գնման կարգով հենց այս ավտոսրահից այս մակնիշի մեքենա ձեռք բերել։

«Եվրոմոթորսում», ի դեպ, այս պահին եզակի առաջարկ է գործում՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը BMW-ի տարբեր մոդելներ կարելի է ձեռք բերել մինչեւ 44 տոկոս զեղչով։ Փորձեցինք «Եվրոմոթորս» ընկերությունից ճշտել՝ այս մեքենան իսկապե՞ս այս գնով է վաճառվել, կամ վերը նշված այդ 44 տոկոս զեղչը գործե՞լ է դրա վրա, թե՞ ոչ։ Ընկերությունից, սակայն, մեզ ասացին, որ կոմերցիոն գաղտնիք է, չեն կարող գնման մանրամասները հրապարակել։ Բայց տեղեկացանք, որ նկատելիորեն ավելի ցածր գնով են ձեռք բերել, այսինքն՝ հատուկ զեղչ են արել ԱԺ նախագահի համար։ Իսկ BMW 750-ի չզեղչված գինն այս պահին 107 մլն դրամ է։ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց՝ ավտոմեքենան զրահապատ չէ, սովորական տարբերակն է, եւ դեռ ձեռք չեն բերել՝ հավանաբար մյուս շաբաթ կգնեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930