Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆ-ն սոցանապահովների բուժօգնության համար նախատեսված գումարներից 610 միլիոն դրամը պակասեցրել է, ուղղել այլ ծրագրերի, 70 միլիոնը՝ պարգեւավճարներին

Նոյեմբեր 26,2021 13:00
vark

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է պետական գերատեսչություններում այս տարի իրականացրած ուսումնասիրության ընթացիկ հաշվետվությունները։ Պալատը առողջապահության նախարարությունում էլ է ուսումնասիրություն կատարել, եւ գրեթե բոլոր ուղղություններում թերացումներ եւ խախտումներ է արձանագրել։

Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) ուսումնասիրությունն ընդգրկում է այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված նախարարության ֆինանսական շարժն ու գործարքները։

ՀՊ-ի եզրակացության համաձան, 2021 թվականի առաջին կիսամյակում կառավարության որոշումներով կատարվել է 8 միլիարդ 451 միլիոն 605 հազար դրամի վերաբաշխում, որից «Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» ծրագրով նախատեսված միջոցներից 610 միլիոն 516 հազար դրամը պակասեցվել է եւ տեղափոխվել է առողջապահական այլ ծրագրերի, 70 միլիոն 516 հազար դրամը՝ «Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիթորինգ» ծրագրի (նախարարության աշխատակիցների պարգեւատրմանը), «Դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» բյուջեի հոդվածին, ինչի արդյունքում, ինչպես արձանագրել է ՀՊ-ն, բյուջեի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարումներ» հոդվածի այս տարվա գումարը կազմել է 208 միլիոն 111 հազար դրամ, այդ թվում՝ այս տարվա առաջին կիսամյակի համար 127 միլիոն 847 հազար դրամ։
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբեր ամսին պարզվեց, որ հանրապետության որոշ բուժհիմնարկներում պետպատվերի գումարն ավարտվել է, իսկ նախարարությունից խնդրի առնչությամբ «Առավոտ»-ի հարցին ի պատասխան ասել էին. «Այո, որոշ բուժհիմնարկներում` ելնելով հետպատերազմական իրավիճակից ու դիմելիության ահռելի ցուցանիշից, պետպատվերն ավարտվել է։ Բայց հիշեցնում ենք քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգը»։

Աշխատավարձի վարձատրության ուղղությամբ, որտեղ ներառված են հավելավճարներն ու պարգեւատրումները, դրամական խրախուսումներն ու հատուկ վճարները, հաշվեքննիչ պալատն արձանագրել է՝ այս տարվա առաջին կիսամյակի համար պետական բյուջեով պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ հոդվածով նախատեսված է եղել 127 միլիոն 847 հազար դրամ, ներառյալ այլ ծրագրերից տեղափոխված 70 միլիոն 516 հազար դրամը։

Ըստ ՀՊ-ի, աշխատավարձեր եւ հատուկ վճարներ ծախսային գծով նախարարությունը թույլ է տվել 45 միլիոն 703 հազար դրամի գերածախս, իսկ պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, հատուկ վճարներ հոդվածով՝ 20 միլիոն 121 հազար դրամի թերածախս։

Ըստ հաշվեքննիչ պալատի եզրակացության, նախարարությունը չունենալով աշխատավարձի ֆոնդի տնտեսում, աշխատավարձերի հոդվածով նախատեսված միջոցների հաշվին վճարել է 8 միլիոն 991 հազար դրամի պարգեւավճար։ ՀՊ-ն արձանագրել է՝ նախարարությունը չի պահպանել աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, որի համաձայն, պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգեւատրումը կարող է իրականացվել պետական բյուջով նախատեսված պարգեւատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսած միջոցներից տվյալ մարմնի աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

8 միլիոն 991 հազար դրամ պարգեւավճարից 2 միլիոն 75 հազար դրամը վճարվել է չորս աշխատակցի՝ փորձաշրջան անցնող նորանշանակ աշխատակիցների աշխատանքները համակարգելու համար։ Բացի այս, այս տարվա առաջին կիսամյակում նախարարությունը 7 աշխատակցի վճարել է 1 միլիոն 341 հազար դրամ ավելի աշխատավարձ։

Սա Հաշվեքննիչ պալատի այս նախարարությունում արձանագրած խախտումների միայն մեկ դրվագն է։

Մեկ այլ դրվագով էլ ՀՊ-ն եզրակացրել է. «Այս տարեսկզբին 4 միլիարդ 377 միլիոն 650 հազար դրամ արժեքով մատուցված ծառայությունները չեն հաշվեգրվել որպես կրեդիտորական պարտք, ինչի հետեւանքով նախարարության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի եւ պահեստավորված միջոցների մասին հաշվետվությունը եղել է էականորեն խեղաթյուրված»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930