Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ տեսակ հանրություն կա

Նոյեմբեր 26,2021 12:30

Օրերս լույս է տեսել «Առավոտի» ընթերցողին տասնյակ հրապարակումներով հայտնի, ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանի «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գիրքը: Ներկայացնում ենք մի հատված:

Մեր օրերի պետական իշխանությունների (պետերի) մեծ մասը «ընտրովի է», այսինքն, պետերի հանրության վճռական ձայն ունեցողների մեծ մասն է ընտրովի: Պետերի այս հանրությանը «ժողովուրդը իբր ընտրում է», որ սա իրեն ընտրած ժողովրդին պաշտպանի ամեն տեսակ բռնությունից ու անարդարությունից: Ինչպե՞ս: Որ պետերի այս խումբը իբր պայմաններ ստեղծի, որ հանրության ամեն մի անդամը (օրենքը չխախտելով ու մրցելով մնացած անհատների հետ) աշխատի ու բարիք ստեղծի, որ հետո իր ստեղծած բարիքը իբր իր ազատ կամքով փոխանակի (փողի միջնորդությամբ) մնացած անհատների կամ աշխարհի ցանկացած ուրիշ անհատի ստեղծած բարիքների հետ: Սրա հետ էլ սպասվում է, որ պետությունը արդարություն հաստատի, ժողովրդի անվտանգության ու հասարակական կարգի, կրթության ու առողջապահության բոլո՛ր խնդիրները լուծի ու «թույլերի» ամենա՛յն կարիքները հոգա:

Դրույթ 1. Աշխարհի համարյա ոչ մի (մանավանդ լրիվ անհսկելի) պետությունը, պետերի համարյա ոչ մի (մանավանդ անհսկելի) հանրությունը իր այս պարտավորությունները երբեք չի կատարում:

Ոչ մի (մանավանդ լրիվ անհսկելի) պետությունը չի թողնում, որ մարդ-անհատը մարդավարի ապրի ու գործի, ու անընդհատ ու ամեն կերպ խանգարում ու խոչընդոտում է մարդկային բնական արարմունքին, այսինքն, բարիք ու ծառայություն ստեղծելուն ու սա փոխանակելուն:

Ժողովուրդը չի գիտակցում, որ անզուսպ պետերի մենաշնորհային բռնությունից, թալանից ու կեղեքելուց ազատվելու միայն մի ելք կա, ու այս ելքը հետեւյալն է.

Դրույթ 2. Պետերի լիազորւթյունները պիտի անպայման խիստ կրճատվեն, պետերի քանակը պիտի մի 20-50 անգամ կրճատվի, պետերը պիտի դառնան դատարանի առաջ ամենամյա հաշվետու, հսկելի ու պատժելի:

Ժողովուրդը չի գիտակցում, որ.

Դրույթ 3. Պետությունը պիտի զսպվի հենց սահմանադրությամբ, ինչը իր ու պետերի հանրության գործակցությունը հաստատող իրավական պայմանագիրն է, ու այս զսպող սահմանադրությունը խախտելը պիտի համարվի քրեական հանցագործություն, ուրեմն, սահմանադրությունը պիտի համարվի երկրի քրեական օրենսգրքերի հիմնական ու ամենակարեւոր մասը:

Ժողովուրդը չի գիտակցում, որ.

Դրույթ 4. Սահմանադրությունը պիտի լինի այնքան կարճ ու այնքան հստակ, որ համարյա ամեն մի քաղաքացի սա հասկանալու ու հիշելու կարողություն ունենա:

Այս գիրքը ներկայացնում է այդպիսի սահմանադրության հռչակագիրը: Այս գրքի հիմնական նպատակներից մեկն ա՛յն է, որ ժողովուրդը (կամ էլ՝ գոնե մտավորականությունը) գիտակցի, որ «պետություն» բառը նշանակում է ամեն տեսակ պետերի ա՛յն կազմակերպված հանցագործ հանրությունը, ինչը, յուրացնելով բռնության մենաշնորհը, այնպիսի՛ կարգ է հաստատում, որ հենց այս հանրությո՛ւնն ապրի հարկատուների, այսինքն, ժողովրդի հաշվին, ու հետն էլ պնդի, որ այդ կարգը հաստատվում է իբր հանուն ժողովրդի:

Իրոք, երբ ասում ենք` մարդկությունը, հասկանում ենք երկրագնդի բոլոր մարդկանց: Երբ ասում ենք` բուսականություն, մեծ մասով, հասկանում ենք տվյալ վայրի կամ նույնիսկ ողջ աշխարհի բոլոր բույսերի հանրությունը: Ուրեմն, «պետություն» ասելով էլ` պիտի հասկանանք` պետերի՛ հանրությունը, ու այս հանրություն-պետությունը չպիտի շփոթենք ողջ երկրի կամ էլ ժողովրդի հետ, որովհետեւ սրանից սխալ բաներ են բխում:

Ամենամեծ ու ճակատագրական սխալը, որ սրանից բխում է, պետությունը (պետերի հանրությունը) ժողովրդի կամ երկրի հետ նույնացնելն է, որովհետեւ այդժամ մարդիկ մտածում են, որ ժողովուրդը կամ երկիրը հո ինքն իր թշնամին չի՞: Օրինակ, շատ անգամ ասում են, թե «մեր պետությունը կայացել է», նկատի ունենալով, թե իբր բոլորիս գործերի վիճակն է լավացել դարձել բավարար: Բայց եթե հիշենք, որ պետությունը պետերի հանրությունն է, կհասկանանք, թե ճիշտն ասած` ի՛նչ ենք ասում:

Այս վերջին 30 տարում մեր պետերի խումբն իհա՛րկե «կայացել է», ու մեր պետերի խմբի գործերն իհա՛րկե լավացել են, այնքան են լավացել, որ էլ ասելու տեղ ու դադար չկա: Այնինչ, ժողովուրդը թշվառ է ու հուսահատ ու չի հավատում լավ ապագայի նույնիսկ հնարավորությանը, ու սրա համար էլ թողնում երկրից գնում է: Սրա պատճառը մեր պետության, մեր պետերի հանրության համարյա բացարձակ ինքնիշխանությունն է, լրիվ անհսկելիությունն ու անպատժելիությունը ու, վերջին հաշվով, այլանդակությունը, հանցավորությունն ու անբարոյությունը: Առհասարակ` կա միայն երկու հնարավորություն: Դրույթ 5. Կա՛մ պետությունն ի՛նքն է ազատ լինում (այսինքն, ազատ են լինում պետերի հանրությունն ու սրանց մերձավորներն ու ընկեր օլիգարխները), կա՛մ` ժողովուրդը: Դրույթ 6. Ժողովուրդն ազատ է միայն ու միայն այն պայմանով, որ երկրի հասարակարգը բարոյակարգ է, այսինքն, ազատ շուկայական կապիտալիզմ է: Կապիտալիզմի հակադիրը՝ իր էությամբ որեւէ տեսակ սոցիալիզմ է (եթե նույնիսկ մի ուրիշ անունով է կոչվում, օրինակ, կոչվում է ինտերվենցիոնիզմ), չնայած այս սոցիալիզմը շատ անգամ մասնակի զուգակցվում է կապիտալիզմի հետ: Ինչքան ավելի շատ է երկրի սոցիալիզմը, այնքան ավելի քիչ, ավելի թանկ ու ավելի անորակ են այդ երկրի արտադրությունն ու ծառայությունները, ինչպես նաեւ ավելի քիչ են անհատի ազատություններն ու իրավունքները:

Երրորդ հնարավորությունն ուղղակի չկա: Եր՞բ ու ո՞նց է պետությունն ազատ լինում, իսկ ժողովուրդը` ճորտ ու ստրուկ:

Դրույթ 7. Պետությունն ազատ է լինում, իսկ ժողովուրդը` ճորտ ու ստրուկ, երբ պետերի հանրությունը անհսկելի է, ուրեմն, նաեւ անզուսպ ու անպատիժ է, այսինքն, անզուսպ, անհսկելի ու անպատիժ են համարյա բոլո՛ր չինովնիկները: Սա էլ ա՛յն ժամանակ է լինում, երբ ժողովրդի մեծ մասը իր լիազորություններն անհատույց ու առանց որեւէ պայմանի հանձնում է պետերի խմբին:

Դրույթ 8. Եթե ժողովուրդը թույլ է տալիս, որ պետերի խումբը կազմակերպվի ընդդեմ ժողովրդի մեծամասնությանն ու իր ձեռը պահի բանակն ու ուժային բոլոր կառույցները, պետությունն անպայման է դառնում լրիվ անհսկելի, անպատիժ ու անզուսպ: Ու դառնում է սեփական ժողովրդի թշնամին: Այսպիսի անզուսպ, կեղեքող, անհսկելի ու անպատիժ պետություն էին` հին եգիպտական, ինկաների ու ազտեկների, Սպարտայի պետությունները, շումերական, բաբելական ու հին արեւելյան ու արեւմտյան բոլո՛ր-բոլոր թագավորությունները, ու հետագա բոլո՛ր կայսրություններն ու մեծ ու փոքր բռնակալությունները: Բայց սրա պես են ու էին սոցիալիստական բոլո՛ր պետությունները, նացիստական պետություններն ու նաեւ կրոնական-ֆունդամենտալիստական բոլո՛ր պետությունները:

Դրույթ 9. Անհսկելի պետություններում «օրենքն» իրագործողը հենց պետե՛րն են, ու ոչ թե անկախ ու անխափան գործող դատարանը: Ըստ էության.

Դրույթ 10. Երբ պետությո՛ւնն է ազատ, այսպիսի պետության մեջ քանի հատ պետ կա, այդքան հատ էլ օրենք կա, որովհետեւ այսպիսի պետության մեջ ոչ թե օրե՛նքն է բռնակալը (ինչը հույժ ցանկալի է ու մարդկության երազանքն է), այլ պե՛տն է բռնակալը: Այսպիսի պետություններում դատարանը պետերի հանրության հլու գործիքն է, ու ժողովրդի հսկայական զանգվածին հնազանդ պահելու համար հավատարիմ չինովնիկների (պետերի) մի վիթխարի խումբ է պետք: Պետերի ընտրությունն էլ, ինչպես ասվեց, արվում է միայն գերագույն պետին հավատարիմ լինելու սկզբունքով, պետ նշանակողներն էլ գերագույն պետն ու սրա ենթականերն են լինում: Այն ենթապետը, ով անծպտուն հավատարիմ է իր պետին, անպայման է զուրկ որեւէ սկզբունքից ու բարոյականությունից, որովհետեւ սա պիտի անպայման հրաժարվի խղճի, արդարության ու օրինականության բոլոր սկզբունքներից, որ հլուհնազանդ լինի միայն իր անմիջական պետերին, այսինքն, լինի անբարո:

Ուրեմն.
Դրույթ 11. Անհսկելի պետության համարյա բոլո՛ր պաշտոնյաներն են ընտրվում անբարոյության ու անսկզբունքայնության չափանիշներով, համարյա ծայրից ծայր: Ու այսպիսի պետություններն անընդհատ միջամտում են անհատների թե՛ տնտեսական, թե՛ խղճի ու արդարության գործերին, թե՛ իրավունքներին ու ազատություններին, թե՛ նունիսկ կենցաղը կազմակերպելու ձեւերին: Այս միջամտությունն էլ խիստ կրճատում է արտադրությունն ու թշվառացնում է ժողովրդի մեծ մասին: Այս կարգի պետություններին ասում են ավտորիտար կամ տոտալիտար պետություն:

Ու, ոնց որ ասվեց.
Դրույթ 12. Անհսկելի պետության պետերի խումբը կազմված է լինում բարոյական սկզբունքներից զուրկ ու մեծ մասամբ իրենց գործից համարյա լրիվ անտեղյակ ու տգետ չինովնիկներից: Այսպիսի պետությունները, ինչպես էլ սրանք կոչեն իրենց, իրենց էությամբ սոցիալիստական են (շատ անգամ՝ մասամբ):

Դրույթ 13. Բարոյական սկզբունքներից ու հարկավոր գիտելիքից զուրկ լինելը անհսկելի պետության չինովնիկի համար պարտադիր է, որովհետեւ միայն անբարո չինովնիկն է, որ կույր-կույր լսում ու հնազանդվում է իր գերադաս պետերին: (Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկն իր «Ճորտության ուղին» գրքի մեջ ասում է, թե տոտալիտար պետության բոլոր պաշտոնները գրավում են միայն բարոյական սկզբունքներից զուրկ ու մեծ մասամբ` տգետ չինովնիկները, ու ազնիվ ու գիտուն մարդն այսպիսի պետերի խմբում տեղ ունենալու ոչ մի շանս չունի: Ու այս չինովնիկներն անպայման են կոռումպացված, անպայման են ապական):

Դրույթ 14. Անհսկելի պետության չինովնիկի գործողությունները հակադիր են անհատ մարդու բնական արարմունքին, այսինքն, որեւէ բարիք կամ ծառայություն ստեղծելուն ու սրանք ուրիշների ստեղծած բարիքների ու ծառայությունների հետ ազատ փոխանակելուն: Խոսենք մարդկային բնական արարմունքից, որովհետեւ սա՛ է գերագույն ու գլխավոր հարցը:

Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930