Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է լուրջ մտածել Հայաստանի չեզոքության տարբերակի շուրջ. «Սպիտակ թուղթ»

Նոյեմբեր 26,2021 13:30

Սկիզբը՝ այստեղ:

«Հայաստանը պետք է մշակի սպառնալիքները նվազեցնելու սեփական մոդելը՝ երկրի զինված ուժերի համար հստակ սահմանված նպատակներով»

Անվտանգության եւ պաշտպանության մասին Առաջարկություններ ռազմական տեսության եւ պրակտիկայի ոլորտում

Ա. Ստեղծել հետաքննող հանձնաժողով 2020 թ. սեպտեմբերի պատերազմի տեսության պատրաստության եւ իրականացման հարցերով։ Այս փաստաթղթում այդ տեսությունը հասկացվում է որպես ռազմական գործողությունների իրականացման եղանակներ ու մեթոդներ, ինչպես նաեւ դրանց հետ կապված մարտավարություններ, տեխնիկա ու ընթացակարգեր։

Բ. Հայաստանի համար անհնար է ինքնուրույն պաշտպանել իր ներկայիս սահմանների ողջ երկայնքը (1300 կմ), առավել եւս, որ այդ սահմանները միջազգայնորեն համաձայնեցված չեն, եւ որքանով հարցը վերաբերում է Ադրբեջանին՝ դրանք «շփման գծեր» են։

Գ. Կառավարությունը կարիք ունի Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության ապահովման համար պահանջվող կարիքների ամբողջական գնահատման, ինչպես նաեւ հետազոտման, թե որտեղ է կառավարությունն այժմ այդ կարողությունների առումով:

Դ. Գնահատել, թե որտեղ են ամրացված տարածքներն անհրաժեշտ եւ օգտակար, եւ որտեղ ավելի հարմար կլինեն պաշտպանության այլ համակարգեր (ինչպիսիք են, օրինակ, պարեկությունը կամ տեխնիկական հսկողության համակարգերը)։

Ե. Հայաստանի ժողովրդագրությունը դանդաղ գործող ռումբ է եւ արդեն մեծ խնդիր։ Այս առումով, փոքր բանակի մասնագիտացումը պետք է լուրջ ուսումնասիրված տարբերակ լինի։ Թիրախը պետք է լինի մի ուժ, որի չափերը պետք է որոշել, սակայն այդ թիվը հստակորեն պետք է ավելի փոքր լինի, քան մինչ 2020թ. պատերազմն էր։

Զ. Հայաստանը պետք է ուսումնասիրի ռազմական տեսության ոչ ռուսական տեսակներ եւ շեշտի, որ ռազմական գիտության (ի տարբերություն պատերազմական արվեստի) վրա հիմնված պատերազմի խորհրդային, ռուսական ձեւը եւ ալգորիթմները նույնիսկ Հայաստանին ստիպել էին անտեսել, թե ինչ կարող էր նա օգտագործել իր սեփական ուսումնասիրություններից ու փորձից։

Է. Տեսանելի ապագայում Հայաստանը չի կարող դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ո՛չ էլ Ռուսաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագրից, բացի եթե Ռուսաստանում մեծ խառնաշփոթ լինի. սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է լինի Հայաստանի ներկայիս բոլոր մարտահրավերների պատասխանը։

Առաջարկություններ անվտանգության վերաբերյալ

Ը. Հայաստանի վաղեմի խնդիրն այն է, որ եթե նա ճկունության որոշ աստիճան չցուցաբերի, ապա ռազմական ցանկացած սպառնալիքի կամ սահմանային խախտման դեպքում կախված կմնա Ռուսաստանի՝ միջամտելու պատրաստակամությունից: Ուստի, երկարաժամկետ հեռանկարում, Հայաստանը պետք է ձգտի փոխել իր անվտանգության համակարգը։

Թ. Հայաստանը պետք է մշակի սպառնալիքները նվազեցնելու սեփական մոդելը՝ երկրի զինված ուժերի համար հստակ սահմանված նպատակներով։ Այս նպատակը նկատի ունենալով՝ պետք է լուրջ մտածել Հայաստանի չեզոքության տարբերակի շուրջ։ Այս տարբերակը լուրջ քննարկում է պահանջում։

Ժ. Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս իր ամենալայն իմաստով։ Ցանկացած ոլորտ, որը կարող է ազդել հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքն իրեն ու իր ժողովրդին, ինչպես նաեւ իր ժողովրդի բարեկեցության համար կենսական անհրաժեշտությունները պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի անվտանգության սահմանման եւ օրակարգի մաս։ Այս առումով, ներքո հիշատակվածներն են այն ոլորտները, որոնք առանձնացվել են որպես Հայաստանի անվտանգության անբաժանելի բաղադրիչներ.

1.Ֆիզիկական անվտանգություն. Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ժողովրդի կյանքին սպառնացող վտանգները,

2.Դիվանագիտական անվտանգություն. համապատասխան դաշինքներ, որոնք դիվանագիտական աջակցություն են ապահովում միջազգային ասպարեզում,

3.Կիբեր եւ ենթակառուցվածքային անվտանգություն. հարձակումներ, որ կարող են խաթարել կառավարության էական ճյուղերն ու ծառայություններ մատուցելու կարողությունը,

4.Հաղորդակցության անվտանգություն. համապատասխան այլընտրանքային ուղիներ,

5. Տրանսպորտային անվտանգություն,

6.Ջրի եւ սննդի անվտանգություն,

7.Էներգետիկ անվտանգություն,

8.Շրջակա միջավայրի անվտանգություն՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության կարեւոր ազդեցությունը,

9.Ժողովրդագրական անվտանգություն. նվազման միտումները հետ շրջելը,

10.Մշակութային անվտանգություն. տարածաշրջանում ազգային ժառանգության պահպանություն,

11.Տնտեսական ու ֆինանսական անվտանգություն,

12.Քաղաքական անվտանգություն. իշխանության օրինակարգության վրա հիմնված կայունություն, կանխատեսելիություն։

Ի. Նպատակահարմար կլիներ քննարկել նաեւ մի նոր չափում՝ «մտավոր անվտանգությունը», որը կարող է սահմանվել որպես մի այնպիսի միջավայրի ստեղծում ու պահպանում, ուր կապահովվեր հանրային քաղաքականության ու ազգային շահերի հետ կապված բոլոր հարցերի ազատ քննությունն ու դրանց շուրջ քննարկումը: Այսպիսի մթնոլորտի բացակայությունը մի գործոն էր վտանգավոր թվացող ընդհանուր համահավանության (consensus) զարգացման հարցում. մի համահավանություն, թե ինչպես պետք է լուծվեր Ղարաբաղյան հակամարտությունը:

Լ. Անվտանգությանը սպառնացող վտանգները, հատկապես ֆիզիկական անվտանգությանը, չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն. Հայաստանը պետք է մշակի սպառնալիքների գնահատման՝ վստահելի, առարկայական եւ ոչ գաղափարախոսական շրջանակ (framework)։ Ցանկացած կառավարություն պետք է հնարավորինս հստակ սահմանի սպառնալիքները եւ տարբերակի իրական ու կարծեցյալ վտանգները։ Սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել աղետների. սակայն որեւէ պատճառով սպառնալիքների գերագնահատումը կարող է անհնար դարձնել այդ սպառնալիքը նվազեցնելու հնարավորությունը։

Խ. Դիվանագիտությունը՝ նախաձեռնողական դիվանագիտությունը, պետք է ընկալվի որպես Հայաստանի անվտանգության մարտահրավերների լուծման անբաժանելի մասը։ Համապատասխան ռազմական պաշտպանությունների ապահովումը եւ սպառնալիքների դեմ դաշինքների կառուցումը այդ լուծման միայն մեկ մասն են։ Մյուս էական մասը դիվանագիտության պատշաճ ու թիրախավորված օգտագործումն է։

Առաջարկություններ

Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ

Հայաստանը պետք է անցնի զինված ուժերի խորքային բարեփոխումների, որպեսզի լուծի ազգային անվտանգության հրատապ խնդիրները։ Նոր, կատարելագործված եւ ավելի ժամանակակից բանակի ջատագովությունը՝ որպես ռեֆլեքսային արձագանք 2020 թ. պատերազմի կորուստներին, չպետք է բավարարի Հայաստանին ու Ղարաբաղին։ Այդ բանակը հստակ առաքելություն պետք է ունենա։ Բայց ինչպիսի՞ն կարող էր լինել Զինված ուժերին (ԶՈՒ) տրված հանձնարարականը.

Ա. Պաշտպանել Հայաստանի սահմանները ներխուժումների՞ց, թե՞ դիմադրել այնքան ժամանակ, մինչեւ ապահովվի Ռուսաստանի աջակցությունը զավթիչի դեմ պայքարում։

Բ. Պատրաստ լինել օգնելու Ղարաբաղի մնացած հատվածի՞ն, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները՝ այդ տարածքներն իր անմիջական վերահսկողության տակ վերցնելու համար։

Գ. Բավականաչափ կարողություններ կուտակել՝ հարձակման անցնելու եւ պատերազմը վերսկսելու համար՝ կորցրած տարածքները, ու թերեւս ավելին, հետ բերելու նպատակով։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
25.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930